
ՊԵԿ-ի նախագահը եւ գլխավոր դատախազությունը «կանգնեցրել են» են սփյուռքահայի գործի քննությունը (վիդեո)
Պետական եկամուտների կոմիտեն անշուշտ «լավ» է աշխատում, նույնիսկ ավելին` գերազանց է աշխատում: ՊԵԿ-ի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում հայտնաբերել է հարկերից խուսափող 78-ամյա մի կնոջ եւ տուգանել նրան 500 հազար դրամ: Թոշակառու այդ կնոջ համար, կարելի է ասել, որ ՊԵԿ-ը մահվան դատավճիռ է կայացրել:
Սա, իհարկե, նախագահի կոռուպցիան վերացնելու հրահանգների ծիրում է:
Հետո ՊԵԿ-ը իր հաշվետվությունների մեջ հաստատ կներկայացնի մաստակ վաճառող կնոջ հարկերից խուսափելու խոշորագույն այս բացահայտման դեպքը: Սա նույնիսկ կարող են կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մեջ ներառել, տնտեսագիտական գրքերի մեջ որպես օրինակ ներկայացնել:
Իսկ Գագիկ Խաչատրյանն իր այդ աշխատակիցներից յուրաքանչյուրին կպարգեւատրի թանկարժեք ժամացույցով: Եվ, բնակնաբար, ՊԵԿ-ն այդ ժամացույցները ձեռք է բերելու մրցույթում հաղթած նրա որդու խանութից:
Սփյուռքահայ ներդրող էդմոնդ Խուդյանը հայտարարում է, որ իր ներդրումների հաշվին հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն պետությանը չի վճարել մեկ միլիոն հինգ հարյուր հազար դոլարի հարկեր: Ընդ որում՝ դա արվել է Սպանդարյանի հարկային տեսչության պետի գիտությամբ: Նա տալիս է անունները այդ ամենի հեղինակների, բայց դրանից հետո էլ ոչինչ տեղի չի ունենում:
Էդմոնդ Խուդյանի բազմաթիվ ահազանգերից, բողոքներից, նամակներից հետո 2011 թ. մայիսի 3-ին «կանխամտածված սնանկության» փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ: Ու սրանով իրավապահները ավարտած են համարել իրենց գործը:
Առ այսօր գործում ոչ տուժող կա, ոչ էլ կասկածյալ: Շենքում, որի բնակարանների իրացումից հարկերը պետք է վճարվեին, լցված են զանազան տրամաչափի պաշտոնյաներ: Բնակարանները հիմնականում իրական սեփականատերերի անուններով չեն, այլ ազգականների, կանանց, վարորդների: Բնականաբար, նրանց մի մասն այդ բնակարանները ստացել հենց այնպես, որպես պաշտոնյա կամ Վլադի ընկեր, մյուս մասն էլ` չնչին գնով եւ դրա փոխարեն նրանք հիմա ՊԵԿ-ում, դատախազությունում, դատարաններում ամեն ինչ անում են, որպեսզի քննություն չկատարվի և իրենց անունները չբացահայտվի: Ի դեպ, ներկայումս Վլադիսլավ Մանգասարյանի ռեզերվում դեռևս 14 հատ բնակարան կա:
Սա մի ճահիճ է, որ ստեղծել են հենց իշխանությունները, այնտեղից ոչ ոք չի կարողանում դուրս գալ: Այնտեղ ստեղծված ճահճային էկոհամակարգը երբեք չի փոխվում: Կոռուպցիայի էկոհամակարգը ամենակայունն է մեր երկրում: Եվ ոչ մի պաշտոնյա չի ուզում այդ համակարգին վնաս հասցնել, որովհետեւ իրենց արյունատար անոթները սնվում են այնտեղից:
«ՊԵԿ-ի նախագահը եւ գլխավոր դատախազությունը խոչնդոտում է իմ գործի քննությանը: Հսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանն ամեն ինչ անում է, որ գործը չքննվի: Քրեական գործի քննության ընթացքում Վլադիսլավ Մանգասարյանը շարունակում է թալանը, ոչ ոք նրան չի էլ փորձում կանգնեցնել: Ես արդեն չգիտեմ, թե Հայաստանում ում կարող եմ դիմել այս անօրինականությունները կանգնեցնելու համար»,- «Հետքի» հետ զրույցում ասում է սփյուռքահայ ներդրողը: Նրա փաստաբանները ասում են՝ իրավական դաշտում այլեւս անհնար է որեւէ բան անել, իրավաբանությունն անզոր է:
Էդմոնդ Խուդյանն ասում է, որ ինքը պայքարելու է մինչև իր հարցի լուծումը:
Ի՞նչ կարող են անել փաստաբանները կամ ներդնողները, երբ չի գործում օրենքը: Մտածում եմ, որ գուցե կառավարությունը ՀԴՄ-ների նման մի բան մտածի ու ասենք պաշտոնյաներին տա «թալանի արտոնագիր»: Սրանով ամեն ինչ տեղը կընկնի:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել