
«Պետության մեղավորությունն է, որ Հովոս եկել էստեղ չայ է ծախում»,- ասում է Ստամբուլում բնակվող երեւանցի Էլիզը (վիդեո)
Սարիթաղցի էլիզը կրակի կտոր է: Բազմոցին նստած` թուխսի նման թեւերի տակ է առել հաշմանդամ եղբոր երեխեքին ու իր պատմությունն է անում: Երեւանի «Սարի թաղ» թաղամասից Ստամբուլ է հասել հենց հաշմանդամ եղբոր եւ նրա երեք երեխաների համար:
Էլիզը նման է հայ ավանդական ընտանիքի Մեծ մորը: Անընդհատ հրահանգներ է տալիս, տնեցիները մի բան անելիս նրան են հարցնում անպայման: Նա եկավ Ստամբուլ ու մնաց: Եղբորը` Հակոբին, վիրահատել, երեխաներին կերակրել-հագցնել էր պետք, փող չկար, ու որեւէ հույս էլ չկար: Էլիզը կյանքը նվիրել է եղբորն ու նրա երեխաներին: Եղբոր երեխաների մասին խոսելիս ասում է` երեխեքս:
«Եղբայրս հաշմանդամ դարձավ վթարից: Հովոս մեկ ու կես տարեկան էր, Էլիզիկս` 2,5, Ժաննաս` 3,5 տարեկան, ապրելու հնարավորություն չունեինք: Ստիպված եկա, 11 տարի առաջ Երեւանում հնարավոր չէր ապրել, եթե հիշում ես: Աշխատեցի, երեխեքիս մեծացրի: Ուզում էի նրանց կրթության տայի, բայց չստացվեց»,- պատմեց Էլիզը: Նա իր կյանքն այդպես էլ «փոշիացրեց»:
Քառասունն անց Էլիզը մի պահ ընկրկեց ու նվաղած ձայնով ասաց` կյանքս չստացվեց: Սլացիկ մարմնով գեղեցկուհի է Էլիզը: Նա շաբաթվա հինգ օրն անցկացնում է մի թուրք ընտանիքի տանը, մաքրություն է անում: Արդեն յոթ տարի նույն տանն է: Տանտերը թերթի խմբագիր է: Էլիզը չցանկացավ խոսել տանտիրոջ մասին:
Նա գիշերները մնում է այնտեղ, մաքրում է տունը, խնամում երեխաներին եւ ուրբաթ երեկոյան վերադառնում տուն: Անգամ իր «աշխատավայրից» կառավարում է տնեցիներին, նրանցից յուրաքանչյուրի ամեն քայլի մասին անմիջապես իմանում է: Որքան էլ Էլիզը փորձում էր առույգ երեւալ, միեւնույն է, պատմելիս զգացվում էր, որ հոգնել է իր կյանքից, տիրոջ ահռելի տան փոշիները մաքրելուց: Դա նրա հայացքից էլ զգացվում էր: Ասաց` մի բան արեք, «ախպորս տունը հետ բերեք»:
Նրա յոթանասուն տարեկան մայրը կույր է եւ եղբոր մյուս աղջկա հետ Երեւանում է: Էլիզի ավագ եղբայրը, ով քսան տարի վարձով էր ապրում, վերադարձել է հայրական տուն: 54 քմ տարածքում անհնար է դարձել ապրելը: Դատական վեճ է ծագել երկու եղբայրների միջեւ, եւ հաշմանդամ Հակոբը ոչնչի չի կարողացել հասնել: Մի քանի տարի դատարաններում քարշ գալուց հետո նա հիասթափվել ու հուսալքվել է, ապրելը դարձել է անիմաստ: Ու եթե քույրը` Էլիզը, չլիներ, դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ այս ընտանիքի հետ:
«Մի խոսքով, մերոնց տնից հանել են, դատարաններն էլ իրենց օգտին ինչ-որ վճիռներ են կայացրել: Ստիպված նրանց բերել եմ այստեղ: Երեխեքիս դպրոցից հանեցի ու բերեցի»,- եղբոր ընտանիքին Ստամբուլ բերելու պատմությունն ամփոփեց Էլիզը: Ու կարծես թե զրույցը փոխելու փորձ արեց` ծիծաղելով ասաց. «Արի իմ կյանքը գրի, ես էլ թուրքերեն կթարգմանեմ, հետո կիսովի կծախենք գիրքը»:
Ապա շարունակեց. «Ոչինչ, թող իմ երեխեքը լավ լինեն, ես իմ կյանքից գոհ եմ: Էս իմ մեղավորությունն է, պետության մեղավորությունն է, որ Հովոս եկել էստեղ չայ է ծախում: Ժաննաս տեքստիլում է, կար անել կսովորի, հետո Երեւանում մի աշխատանք կգտնի, բա էս տղաս ի՞նչ պիտի անի»,- հարցնում է Էլիզը ու ավելացնում. «Հովոս գիտես ի¯նչ մաքուր հոգով երեխա է»:
Ու հանկարծ ինձ Հայաստանը ներկայացնող մեկի տեղը դնելով` բարկացած ասաց. «Մենք մեր հայրենիքն ենք ուզում, մենք ուզում ենք, որ մեզ տեր կանգնեք: Հիվանդ մարդկանց փողոցները չշպրտեք»:
Թեյավաճառ Հովիկը
12-ամյա թեյավաճառ Հովիկի հետեւից քայլում էինք դեպի իրենց վարձած տունը, երեկոյան 9-ն էր` Հովիկի տուն գնալու ժամանակը: Ճանապարհին մեզ ուղեկցող հայաստանցի ոսկերչին խնդրեցի, որ Հովիկի համար գործ գտնի ու տեղափոխի նրան քուրդ տիրոջ մոտից: Ոսկերիչը խոստացավ Հովիկին ոսկերչություն սովորեցնել: Անվտանգության նկատառումներով Հովիկին տանը եւ շրջապատում Յուսուփ են ասում: Չնայած` աշխատավայրում բոլորն էլ գիտեն, որ Յուսուփը հայ է:
«Շաբաթը 100 լիրա եմ ստանում (մոտ 70 դոլար - հեղ.): Դժվարը էն է, որ ամբողջ օրը ոտքի վրա ես: Ոչ կարող ես նստել, ոչ էլ հանգիստ կա: Կարող ես նստել մի հինգ րոպե, բայց մարդիկ չայ են ուզում, պիտի տանես: Պզտիկ պարոնս շատ է խոսում, գլուխս տանում է: Ասում է` խի ես էսի վատ արել, բայց ես բան չէի արել»,- արդեն տանը պատմեց Հովիկը:
Նա Երեւանի թիվ 167 դպրոցում է սովորել, ասում է` շատ ընկերներ ունի ու նրանց է կարոտում: «Դպրոցում վազքից չեմպիոն է եղել, մեդալ ունի»,- ավելացնում է հայրը` Հակոբը: «Ի՞նչ էիր ուզում դառնալ փոքր ժամանակ, ավելի փոքր, քան հիմա»,- հարցնում եմ Հովիկին: «Ամենաշատը զինվոր էի ուզում դառնալ»,- պատասխանեց:
Նրա քույրը` 14-ամյա Ժաննան, ամոթխած է, առաջին հանդիպմանը համարյա չխոսեց, երկրորդ հանդիպման ժամանակ, սակայն, պատմեց իր մասին: Ժաննան ուզում էր նկարչուհի դառնալ: Նրա նկարները Երեւանում փակցնում էին դպրոցի պատին:
«Փոքր ժամանակ մտածում էի նկարիչ դառնամ, հիմա չգիտեմ` ինչ կդառնամ»,- ասում է Ժաննան: Նա շաբաթական վաստակում է 50 լիրա (մոտ 30 դոլար): Ասում է` տերը խոստացել է բարձրացնել աշխատավարձը: Աշխատանքի է գնում առավոտյան 8-ին, վերադառնում է երեկոյան 9-ին: «Յուբկա, բլուզկա, տարբեր շորեր ենք կարում, կոճակներ կպցնում: Ինձ հետ հիմնականում քուրդ ու թուրք երեխաներ են, հայեր չկան»: Հորաքույրը փորձել է Ժաննային նկարչական խմբակում տեղավորել, սակայն չի հաջողվել` դրա համար Թուրքիայի քաղաքացի պետք է լինես:
«Չորսով աշխատում ենք, մեզ էստեղ ենք պահում, մորս ու Հակոբի աղջկան էլ` Երեւանում: Կուկլի նման երեխեք ունեմ, էստեղ թուրքի մեջ հո չեմ թողնելու, հո թուրք չեմ սարքի նրանց: Չգիտեմ` ինչ անեմ, գնանք Երեւան ու՞ր մնանք: Աստված տա, մի քիչ փող հավաքենք, գոնե մի հատ տուն առնենք, որ վերադառնանք»,- ավելացնում է Էլիզը:
Հակոբի կինն էլ է աշխատում, մաքրություն է անում շաբաթվա հինգ օրը, գիշերները մնում տիրոջ տանը: Հակոբը Երեւանում 10 հազար դրամ թոշակ էր ստանում, հիմա արդեն չի ստանում, դրա համար Երեւան պետք է հասնի: Հակոբի կինը Երեւանում աշխատում էր «Ռոսիա» տոնավաճառում, հավաքարարուհի էր, ամսական 30 հազար դրամ աշխատավարձ էր ստանում:
«Մեր տունը ամիսը 40 հազար դրամ էր մտնում, հինգ հոգով հաշվիր` որքան է կազմում, ամեն մեկիս ամիսը ութ հազար դրամ է ստացվում: Դրանից հանիր հոսանքի, ջրի, գազի փողը, ամեն մեկիս մի հաց փող է մնում օրական: Հարցնում ես` ինչու եք եկել: Երեխեքի համար, ուզած-չուզած` արեցի, դժվար է գալը, բայց ի՞նչ անեի, էս երեխես սոված ի՞նչ պտի դառնար»,- հարցնում է 38-ամյա Հակոբը ու, մի պահ դադար տալուց հետո, ավելացնում. «Ամբողջ օրը նստած եմ, բանտում եմ էստեղ, Երեւանում գոնե տեղ-մեղ էի գնում, էստեղ տեղ էլ չկա գնալու»:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել