
«Քաղաքապետը հո իր խոսքի տերն է, հո քցող չի՞, ամոթ չի՞` նա սաղ գումարները կվերադարձնի». 2004-ից մինչ օրս այդպես էլ փոխհատուցում չի եղել
«Հետքը» զրուցել է Վանաձորի Սայաթ-Նովայի անվան այգու վարձակալ, մի քանի անգամ համայնքի ավագանու անդամ ընտրված Վահան Մխիթարյանի հետ: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը դատի էր տվել նրան, որ խզեր այգու վարձակալման պայմանագիրը, և Վանաձորի դատարանը վճիռը հօգուտ քաղաքապետի էր կայացրել: Բայց վերաքննիչ դատարանը, բեկանելով այդ վճիռը, հետ է ուղարկել նոր քննության:
Վահան Մխիթարյանն այն եզակի ավագանու անդամներից է, որ համարձակվել է դեմ քվեարկել ավագանու նիստերում, հակադրվել քաղաքապետին`վաստակելով քաղաքային իշխանությունների հալածանքն ու թշնամությունը: Նախկին ավագանու անդամը դրվագներ է պատմում քաղաքապետ Դարբինյանի ու նրա թիմակիցների հետ համատեղ աշխատանքի տարիներից: Ի դեպ, նրա խոսքով, Դարբինյանի պաշտոնավարման 13 տարիների ընթացքում քաղաքապետի թիմն անփոփոխ է մնացել, միայն կոմունալ բաժնի պետ Լյովա Կարապետյանը փոխարինվել է Լյովա Մելիքյանով:
-Բոլոր այգիների վարձակալներից քաղաքապետը միայն Ձեզ է դատի տվել: Որպես նախկին ավագանու անդամ, համայնքի խնդիրներին տեղյակ մարդ`ասացեք խնդրեմ` մյուսներն այդքան բարեխի՞ղճ են պարտականությունների կատարման առումով:
-Հարցը էն է` տվյալ մարդիկ իրանց թիմի՞ց են, թե՞ թիմից չեն, էդ է խնդիրը: Երբեք «կրիշա» չեմ ունեցել, չեմ էլ ուզում ունենալ, իմ համար ապրող քաղաքացի եմ: Այգին ընդհանրապես եկամուտ չի բերում, ուղղակի համարում եմ ինձ նվիրյալ, կարող էի էսքան տարվա մուծումների, այգու աշխատանքների գումարները վերցնեմ, գնամ մի տեղ բիզնես դնեմ: Իրանց նպատակը էս կանաչ տարածքը իմ ձեռքից վերցնելն է: Իմ խնդիրն էլ եղել է, որ այգին չվերացնեն: Եթե այգին տամ նրանց, 2 օր հետո շինհրապարակ է դառնալու:
-Ինչի՞ց եք ստացել այդ տպավորությունը, թե՞ կոնկրետ դեպքերի, իրադարձությունների հետ է կապված:
-Քաղաքային այգում ուզում էին բենզալցակայան կառուցեն, հենց ներսում, իրենց թույլտվությամբ, 2002-2003-ին էր: Երիտասարդներ եկան դիմեցին, ասեցին` ուզում ենք բենզալցակայան կառուցենք: Ասեցի`ճարտարապետը որ իմանա, գիտե՞ք` ինչ կանի, ասեցին` ճարտարապետը թույլ է տվել, ասեցի` ոնց թե թույլ է տվել, որ քաղաքապետը իմանա, գիտե՞ք՝ ինչ կանի էդ ճարտարապետին, ասեցին` քաղաքապետն է մեզ ուղարկել ճարտարապետի մոտ, ինքը համաձայն է: Ասեցի` դուք էլ, քաղաքապետն էլ, ճարտարապետն էլ հեռու մնացեք այգուց: Վատ զգացին, որ դեմ եղա: Այգու ներսում լողավազանը կառուցելու ժամանակ էլ վիկինգների նման ներխուժեցին, էլի դեմ կանգնեցի: Քաղաքային այգու տարածքում ո՞վ է տեսել լողավազան կառուցեն, սպորտային կառույց է, որը կարող եք սպորտային կոմպլեքսներին կից կառուցել: Քաղաքում ուրիշ տեղեր կային, որ տնաշինության տակ տվեցին, այսինքն`մտածեցին`այն տարածքները, որ ազատ են, կծախենք տնաշինության համար, ինչի՞ ենք լողավազան կառուցում, իսկ լողավազանը կհայտարարենք քաղաքի համար կառույց ու կմտցնենք այգի: Լողավազանի կառույցի ժամանակ պարտավոր էին առաջին հերթին ինձ ասեն, որ էդ տարածքը ինձնից վերցնում են. վարձակալությանս պայմանագրում չկար, որ ցանկացած պահի կարող են կառույց կառուցեն:
Կապ չունի` քաղաքապետ են, ես իրանց ստրուկը չեմ: Անսպասելի իմացա: Լողավազանի կառույցը «Լոռու» ճանշինն էր անում: Դե ճանշինը, գիտենք, ճանապարհ ասֆալտողների հիմնարկություն է, իսկ շինարարության համար արդեն գոյություն ուներ կինշինպրես: Ու պարզվեց, որ ճանշինն արդեն շենք է կառուցում, ուրեմն` «մասնագիտական առաջընթաց» ունեն: Արծաթագույն եղևնիներ, իխտաներ հատվեցին էդ տարածքում, ընտիր ծառեր հատեցին, որ կառուցեն լողավազանը: Գրություն տվեցին, որ այգու էս, էս բաները քանդում ենք` բետոն, պատ, բորդյուր: Ինչ որ քանդել էր, գրեց, տվեց փաստաթուղթը «Լոռու» ՃՇՇ-ն, աշխղեկն էլ ստորագրել է` Արայիկ Վարդանյանը: Քաղաքապետի տեղակալ Սարդարյան Նորիկը և բաժնի պետերից Դարբինյան Վիկտորը երդում-կրակ կերան` Վահան ջան, անհարմար չի՞, թող շինարարություն սկսենք, քո գումարները լրիվ կվերադարձնենք: Քաղաքապետը հո իր խոսքի տերն է, հո քցող չի՞, ամոթ չի՞` նա սաղ գումարներդ կվերադարձնի:
Հետո դիմեցի քաղաքապետին, որ իմ կառուցած մանկական խաղահրապարակը քանդելու ժամանակ հանեցիք մոտ 400 մետր մալուխ, կաբել, որը սնուցում էր կարուսելները և այգու լուսավորությունը, դրանք ես իմ փողով առել էի, բերել գցել, դուք քանդեցիք, ձեր կազմակերպությունը, տարաք: Ձեր տված վնասները պետք է վերականգնեք, քանի որ իմ գրպանի գումարն է, իմ անձնական գումարն է: Ունեմ փաստաթուղթ` մոտ 5 միլիոնի վնաս են պատճառել, բայց 2004-ից մինչև այսօր չեն վերադարձնում: Չեմ փորձել դատական ճանապարհով, չեմ սիրում իրավապահ մարմիններին, դատարան` մանավանդ: Կուզեի, որ մեր քաղաքում չլինեին նմանատիպ վիճակներ, որ պաշտպանվեինք քաղաքապետարանից:
Մեր քաղաքապետին` իր աշխատողներով հանդերձ, իրան «դաբրո» տվողներին, երկրի իշխանավորներին թվում է` «ասողներ» են: Իրանք չեն հասկանում, որ ժողովրդի կողմից ընտրված են, որ ծառայեն ժողովրդին:
-Իսկ նույն քաղաքապետը հեշտությա՞մբ էր քաղաքի կենտրոնական այգին «զիջել» Ձեզ:
-Նախկին քաղաքապետի`Հարությունյան Անդրանիկի օրոք եմ վերցրել քաղաքային այգին` 1996 թվականին: Մարդիկ կային`տնատեղ էին ուզում վերցնեն, քաղաքային այգին պետք է լիներ տնատեղ: Բայց տնատեղերի համար որոշում չկայացվեց, ես վերցրեցի վարձակալությամբ: Հետո Հարությունյան Անդրանիկին հանեցին: Այն ժամանակ ընտրություններ էին, երբ ոչ թե ընտրվողի, այլ ընտրություն թելադրողի հարցն էր: Վազգեն Սարգսյանի հետ խոսակցության մեջ Անդրանիկ Հարությունյանը պատասխանել էր նրան, Վազգենի դուրը չէր եկել, որոշել էր, որ քաղաքապետին պետք է հանեն, իրենց նման քաղաքապետ պետք չի: Որոշում էին` ում դնեն: Էն ժամանակ Ջումշուդիչը նախարար էր, իր բնագավառի աշխատողին որոշեց առաջ քաշի:
-Այսինքն` Սամվել Դարբինյանի առաջքաշումը Հենրիկ Քոչինյանի կողմից է եղել, որը տրանսպորտի և հողորդակցության նախարարն էր, ապա`Լոռու մարզպետը: Ի՞նչ հարաբերությունների մեջ էին նրանք:
-Մտերիմ հարաբերությունների մեջ էին: «Լոռու» ճանշինից իրար գիտեին: Նա նախարարն էր, նա էլ`հիմնարկության տնօրենը: Գուգարքի ռայոնում էր գտնվում «Լոռու» ճանշինը, նախագահը օղորմածիկ Էդոն էր, Գուգարքի «Ճաճոյի Էդոն»: Էդոյին եթե բռնում էին, բերում էին դնում ուրիշի կադրին, հետո Էդոն բռնված տեղից հետ էր գալիս, նորից նշանակում էր իր կադրը: Որ մարդու անունը տվեցինք, մարդու նկատմամբ վատ տրամադրություններ եղել են ժողովրդի մեջ, բայց նա գոնե ամեն ինչ տեսել էր, արդեն ուրիշ ձևով էր նայում կյանքին: Իսկ էս մարդիկ չտեսի նման աթոռի են նստել, աթոռի հետ տեղները ամրացրել, տեղներից հետո էլ երազում են արդեն Դոն Կառլեոնե դառնան: Քոչինյանի հովանավորությամբ, թե չէ Դարբինյանին ո՞վ էր ճանաչում, որ նրան դնեին քաղաքապետ կամ անցկացնեին: Ի դեպ, Ջումշուդիչի կադրերը բոլորն անհաջող են եղել, ում ընտրել է կադր: Բերեց քաղաքապետ առաջարկեց Դարբինյանին, և գիտենք՝ ոնց է լինում Հայաստանում ընտրությունը, դնում են թիվը նկարում են, անց են կացնում: Ու էդպես ընտրվեց, անցավ գնաց:
-Սամվել Դարբինյանի հետ երկա՞ր եք աշխատել:
-Անդրանիկից հետո երբ որ եկավ Դարբինյանը, մի գումարում չեմ աշխատել, որոշեցի չլինեմ այլևս ավագանու կազմում, որովհետև զգացի, որ շատ ցածր մակարդակի ղեկավարություն է, ես նրանց հետ չեմ կարող աշխատել: Անդրանիկը կիրթ մարդ էր, այսինքն` բոլորիս հաճելի է, որ մեր քաղաքապետը լինի զարգացած, կիրթ, բանիմաց անձնավորութուն: Հետո զգացի, որ քաղաքի պրոբլեմները գնալով շատանում են, քանի որ եթե մի որևէ տեխնիկայի ղեկին նստած է ոչ բանիմաց մարդ և չի կարողանում վարել, գոնե կողքին մարդիկ են պետք, որ ձեռքը բռնեն: Էն ժամանակ թաղամասերով էր, առաջին տեղ ընկա: Իմ ընտրությունների ժամանակ ինքը դեմ էր, և մարզպետը` Քոչինյանն էր դեմ, որ չանցնեմ ավագանի: Բայց ինքը նոր էր, ընտրությունների կեղծիքների դպրոցը դեռ նոր էին մշակում Վանաձորում, հանձնաժողի նախագահը` իր փեսան որ կա` Տիգրանը, դեռ հմուտ չէր դրանց մեջ: Ընտրվեցի, աշխատեցի ավագանի: Հետո մի գումարման էլ առաջադրվեցի, նորից անցա, որովհետև ես իրանց դեմ էի խոսում: Դարբինյանի օրոք երրորդ գումարմանը չանցա: Ու հետաքրքիրն այն է, որ «Արցախ» պուրակի համար պայքարող խումբը չանցավ: Իմ տվյալներով` էն ժամանակ եղել եմ 2-րդ տեղը, ընտրության վերջում էլ հայտնեցին, որ չեմ ընտրվել: Առաջին տեղով գնացողը` բժշկուհի Օհանյան Այծեմնիկը, նա էլ չանցավ, Մկրտչյան Արամը` սոցիալականի պետը, որը մեծ ընտրազանգված ուներ: Վերջին ավագանու մեջ մարդը նստած է, ոչ անունն ես լսում, ոչ ազգանունը: Ձեռքները բարձրացնում են, հարցը միանաշնակ ընդունվեց: Մեր ժամանակ լուծվում էին շատ հարցեր:
-Ի՞նչ պայքար էր «Արցախ» պուրակի համար:
- Պուրակի մասին ասեմ, ի դեպ, ավագանու 90 տոկոսը դեմ էր: Համբարյան Սեյրանն էլ էր ճիշտ մոտեցում տալիս էդ հարցին, մեր կողքին էր, Կարենը Ադամյանը: Բայց մի քանի հոգիս հիմնական կայծն էինք, հիմնական քայլ անողը: «Արցախի» համար գնաց մեծ պայքար: Տրված էր վարձակալությամբ մեր քաղաքացիներին, լավ էր, վատ էր, անում էին, քաղաքի տղաներ էին, սրճարան էին կազմակերպել, աշխատացնում էին: Երևանից եկան, որոշեցին տարածքը վերցնեն: Դրեցին ավագանու նիստին, չանցավ, սարսափելի մեծ վիճաբանություններով: Քանի անգամ դրեցին, չանցավ, որոշեցին ձևը փոխեն` աճուրդի դնեն: Այդ ժամանակ մտավորականությունն էլ էր մեր կողմից, որ պետք է լինի պուրակ, ոչ թե շենք, որ կինոթատրոնի անունով կլինի, բայց հետագայում կծառայի ուրիշ բաների: Մտավորականներն էլ օգնեցին, հասանք լուրջ արդյունքի: Տապալեցինք իրենց որոշումը: Քանի տարի շարունակվում էր պայքարը, ավագանին թույլ չէր տալիս: Մի քայլ արեցին. մենք անտեղյակ` իմացանք, որ պուրակը օտարվել է քաղաքապետարանի կողմից: Թղթեր էին սարքել, բայց ավագանին կապ չուներ: Ասեցինք` ուշացանք, չկարողացանք մինչև վերջ պահենք: Դրանից հետո էլ մյուս հարցերը:
-Ի՞նչ հարցեր, էլի՞ են դեպքեր եղել:
-Աբովյան փողոցը` եկեղեցու և քաղաքային այգու հատվածը, փակում էր քաղաքապետը: Ամենահին փողոցն է, որոշել էին փակեն, շենք կառուցեն: Եկեղեցու կառույցը վերջացնելուց հետո երբ հասան նոր շինարարության համար հիմքերը գցելուն, դեմը կանգնեցինք: Փորձեցինք պարկեշտ ճանապարհով, զգացինք անիմաստ է: Իրենց որոշումը որոշված է, կնիքը խփած է: Երևանից էլ բարձրաստիճան այրեր «դաբրո» են տվել: Հավաքեցի մեր թաղամասի ժողովրդին, ասեցի` տեղյա՞կ եք, որ փողոց չի լինելու: Մարդիկ ըմբոստացան: Քաղաքապետին տվեցինք 3 օր ժամանակ, որ եթե 3 օրվա մեջ իր կամքով չբացի, մենք կբացենք: Հետևողական եղանք մեր տված խոստումներին: Բերեցինք տեխնիկա, ճանապարհը բացեցինք, ժողովուրդը տոնեց ճանապարհի բացումը, շինարարությունն էլ կասեցվեց: Ինձ միլիցիա տվեց քաղաքապետը: Իմ վրա բողոք էր գրել, որ խանգարում եմ քաղաքի գործերին, շինարարությանը: Համբարյան Անուբախը քաղաքի միլպետն էր էն ժամանակ, կանչեց, բա քո վրա բողոք կա, բացատրություն տուր, թե ինչի ես քաղաքապետի աշխատանքը խանգարել: Ասեցի` գիտնական, արվեստագետ մարդ եմ, բնութուն սիրող, երաժշտություն սիրող, օրինականություն եմ պահել: Քաղաքապետը իրավունք չունի փակի մի որևէ ճանապարհ, նույնիսկ 1 ժամով: Ներքին գործերի աշխատակիցների սրտով էլ չէր էդ ամեն ինչը, ու ես որպես հանցագործ չպատժվեցի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել