
«Հերոս» Սաֆարովը մահվան գնացող ահաբեկչի դեմք ուներ. ստի հայտնաբերման մասնագետ
Ունքերի խոժոռված վիճակ, ստորին կոպերի, բերանի լարվածություն և մի շարք այլ տարբերանշաններ, որոնք նկատվել են Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովի դեմքին, ամենևին էլ նրա «հերոսական» կերպարը չեն հաստատում, այլ մատնում են մահից վախեցող ահաբեկչին: Ստի հետազոտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը մասնագիտական հայացք է նետել ադրբեջանցի «հերոս»-մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեմքին:
Ըստ Ս.Պետրոսյանի` անհամապատասխանություն կա ադրբեջանցիների ներկայացրած իրականության և Սաֆարովի հոգում կատարվող երևույթների միջև: Ցանկացած ասպարեզում հերոսացած մարդու դեմքին լինում են հրճվանք, ուրախություն և հպարտություն. Սաֆարովի դեմքին անկեղծ ուրախության զգացողություն եղել է միայն իր երեխային գրկելիս:
Մասնագետը Սաֆարովի դեմքին չի նկատել նաև մեղքի զգացողության արտահայտություն, այլ միայն անհանգստություն և վախ: Հետազոտությունն անցկացվել էարդարացված ոճրագործի ազատության առաջին ժամերին կատարված լուսանկարների ու նրա մասնակցությամբ տեսանյութերի հիման վրա, երբ նա դեռ սթրեսի մեջ էր, և օրգանիզմի ինքնավերահսկումն այդ ժամանակ թուլացած էր:
Հետաքրքրական է, որ 8 տարվա վաղեմության նկարներում, երբ դեռ Սաֆարովի դատավարությունն ընթացքի մեջ էր, նրա դեմքի արտահայտությունն ավելի ինքնավստահ էր, իսկ այժմ, երբ նա ազատության մեջ է, ավելին, հերոսացվում է պետական մակարդակով, այդ ինքնավստահությունից նշույլ անգամ չի մնացել, նրա սպասումներն ապագայից ամենևին էլ լավ չեն:
Օգտագործելով հոգետեխնոլոգիաներ և վերլուծելով ոչ խոսքային արտահայտությունները` միմիկա, ժեստեր, պրոֆայլերը ստի հայտնաբերման մասնագետը պարզել է նաև, որ Սաֆարովն իր խառնվածքով պատկանում է հեշտ մանիպուլացվող և ներշնչանքի ենթարկվող մարդկանց դասին, հետևաբար չի բացառվում, որ նրա գործողությունները եղել են ուղղորդված:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել