
Ծեծկռտուքից մինչ սպանություն. Արմավիրում ընտրություններն առանց միջադեպերի չանցան
Երեկ Արմավիրի մարզում համայնքապետի և ավագանու ընտրություններ էին: Ինչպես անցկացված բոլոր ընտրությունները, այնպես էլ այս ընտրություններն առանց միջադեպերի չանցան:
Ամենաաղմկահարույց միջադեպը գրանցվեց մարզի Ջանֆիդա համայնքում, որտեղ 15-ամյա երիտասարդը փողոցում սպանել էր 85 տարեկան ծերունու՝ Հմայակ Պետրոսյանին: Մեր տեղեկություններով՝ անչափահասը ոստիկանի որդի է:
Ջանֆիդայից «Հետքին» պատմեցին, որ համայնքապետի թեկնածուներից Գուրգեն Սարգսյանի կողմնակիցներից մեկը ավտոմեքենայով Հմայակ Պետրոսյանին բերել է ընտրատեղամաս, որպեսզի ընտրություն կատարի: Մինչև տեղամաս մտնելը թեկնածուի կողմնակիցը հուշանվերի նմանվող մեկլիցքանի ատրճանակը տվել է անչափահասին, որպեսզի պահի իր մոտ: Երբ ծերունին, կատարելով իր քաղաքացիական պարտքը, դուրս է եկել ընտրատեղամասից, անչափահասը, չիմանալով, որ իր ձեռքինը զենք է, պատահմամբ կրակել է Հմայակ Պետրոսյանի վրա, ով տեղում մահացել է:
Մինչդեռ երեկ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որում ասվում է, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 18.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջանֆիդա գյուղի մանկապարտեզի մոտ տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Ս.Ա.-ն ժամը 18.30-ի սահմաններում նշված վայրում գտած հուշանվերի նմանվող մեկլիցքանի ատրճանակից անզգուշաբար կրակել է 85-ամյա Հմայակ Պետրոսյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Գուրգեն Սարգսյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց. նրա հեռախոսն անջատված էր:
Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել նաև Բամբակաշատ գյուղում, և 2 մարդ հայտնվել է հիվանդանոցում:
Նշենք, որ Ջանֆիդայում համայնքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Ռաֆիկ Եղիազարյանը՝ հավաքելով 996 ձայն, իսկ մրցակից Գուրգեն Սարգսյանը՝ 626 ձայն: Վերջինիս սատարում էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
Մայիսյանում նույնպես ՀՀԿ-ն է հաղթել անկուսակցական թեկնածուին: 265 ձայնի առավելությամբ վերընտրվել է գործող համայնքապետ Եսայի Մովսիսյանը: Իսկ Արևիկ գյուղում գործող համայնքապետը պարտվել է: Կարինե Պետրոսյանը ստացել է 413 քվե, իսկ մրցակից Գառնիկ Ծատուրյանը՝ 939:
Ոսկեհատ գյուղում էլ համայնքապետ է վերընտրվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը: Նա ստացել է 905 ձայն, իսկ մրցակիցներ Հովհաննես Գնոյանն ու Վահան Ղուկասյանը համապատասխանաբար՝ 40 և 146 ձայն:
Մեծամոր քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը: Նա հավաքել է 3128 ձայն, իսկ մրցակցի՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբայր, Մեծամորի նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանի օգտին քվեարկել է 1379 մարդ:
Էջմիածնում նույնպես գործող քաղաքապետն է վերընտրվել: Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, ստացել է 12 468 քվե, իսկ միակ մրցակից Արմինե Հովհաննիսյանը՝ 1057:
Մեկնաբանել