
Լուսանցագրություն. ինֆինիտիվային պոեզիա
Խորհրհրդային, իսկ 1983 թվականից ի վեր՝ ամերիկացի բանասեր, գրականագետ Ալեքսանդր Ժոլկովսկին 2000-ականներին մի շարք հոդվածներ հրապարակեց արդի դարաշրջանի ռուս բանաստեղծների կողմից (Ա. Բլոկ, Բ. Պաստեռնակ, Ի. Բրոդսկի եւ ուրիշներ) անորոշ դերբայի (ինֆինիտիվի) կիրառության եղանակների մասին:
Ժոլկովսկին ներմուծում է «ինֆինիտիվային գրություն» (նաեւ «ինֆինիտիվային պոեզիա») հասկացությունը, առանձնացնում եւ սահմանում դրա տարբեր տեսակները: Հասկանալի է՝ անորոշ դերբայի յուրաքանչյուր կիրառություն չէ, որ դառնում ինֆինիտիվային գրություն: Անորոշ դերբայական ձեւը կարող է հանդիպել բանաստեղծության մեկ կամ մի քանի տողում, բայց կարող է եւ տիրապետող ձեւ լինել ամբողջ բանաստեղծության մեջ:
Ըստ նրա՝ այս ձեւն առավելապես օգտագործվում է դեպի ուրիշ կյանք կամ դեպի մահ ձգտումն արտահայտելու համար: Այն բնորոշ է մեդիտացիայի, խորհրդածության վիճակներին եւ լավագույն միջոց է այլակեցության, այլ կյանքի մասին պատմելու համար, որտեղ այլը կարող է եւ անվանվել, եւ միայն ակնարկվել:
Ժոլկովսկին կարծում է, որ անորոշ դերբայի այսպիսի օգտագործումն առավել բնորոշ է ֆրանսիական պոեզիային: Իսկապես, այս ձեւի բազմաթիվ նմուշներ կարելի է գտնել, օրինակ, Պոլ Վեռլենի բանաստեղծություններում, բայց, անշուշտ, դրա ամենահայտնի օրինակը Համլետի մենախոսությունն է՝ «Լինել թե չլինել»: Իհարկե, ընթերցողը կարող է անմիջապես հիշել Նարեկացու նշանավոր տողերը. «Թող չպատահի ինձ հանկարծ՝ երկնել, սակայն չծնել, /Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել, / Ամպել՝ չանձրեւել, գնալ՝ չհասնել…» (թարգ. Վ. Գեւորգյանի):
Անորոշ դերբայական ձեւը, որը հատկապես բնորոշ է մոդեռնիստական գրականությանը, թույլ է տալիս հեռավորություն ստեղծել հեղինակի եւ բանաստեղծության, պատմողի եւ գրության միջեւ, ներկայացնել օտարումը Ես-ից եւ մղումը դեպի ուրիշը, դեպի այլ աշխարհ: Ժոլկովսկու եզրակացությունն այն է, որ կա հստակ համապատասխանություն ձեւի եւ բովանդակության միջեւ: Քերականական ինվարիանտը (անփոփոխը) անորոշ դերբայն է, իսկ իմաստային ինվարիանտը՝ մեդիտացիան, խորհրդածությունը այլ կյանքի, կեցության այլ եղանակի մասին:
Այս մոտեցումը կարող է հետաքրքրական դիտանկյուն տրամադրել ամեն մի գրականության ուսումնասիրության համար, ի հայտ բերել գրական գործերի անսպասելի առնչություններ ու ամբողջական շերտեր: Բայց իրկանությունից խուսափումը, հանրության հետ անհաշտությունը, Ես-ի ներհակությունը մատնող «հոռետեսական», «անկումային» բանաստեղծությունը, որն առավել մեծ չափով հակված է դեպի անորոշ դերբայական գրություն, թվում է, այնքան էլ բնորոշ չէ հայ գրականությանը: Այդուհանդերձ, 20-րդ դարի սկզբի հայ գրականության մեջ գտնում ենք անորոշ դերբայական ձեւի օգտագործման երկու փայլուն օրինակ՝ գրված գրեթե միաժամանակ եւ տպագրված Պոլսում եւ Թիֆլիսում:
Խոսքը Միսաք Մեծարենցի «Իրիկվան իղձ» («Նոր տաղեր», 1907թ.) եւ Վահան Տերյանի «Մոռանալ, մոռանալ ամեն ինչ» ( «Մթնշաղի անուրջներ»,1908թ.) բանաստեղծությունների մասին է: Հասկանալի է, թե ինչու հենց Տերյանը եւ Մեծարենցը կարող էին դիմել այս ձեւի օգնությանը՝ հաշվի առնելով թե նրանց խառնվածքը, թե ֆրանսիական գրականության իմացությունը:
Ահա Տերյանի բանաստեղծությունը.
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, / Ամենին մոռանալ. /Չըսիրել, չըխորհել, չափսոսալ - / Հեռանալ… / Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, / Գիշերում այս անշող / Արդյոք կա՞ իրիկվա մոռացման, / Մոռացման ոսկե շող… / Մի վայրկյան ամենից հեռանալ, / Ամենին մոռանալ.- / Խավարում, ցավերում քարանալ / Մեն-միայն… /Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, / Ամենին մոռանալ… / Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,/ Հեռանալ…
Այն հայտնի է շատերին: Ցավոք, նույնը չի կարելի ասել Մեծարենցի գլուխգործոցի մասին: Առհասարակ, բացի դասագրքային մի քանի բանաստեղծությունից, նրա ստեղծագործությունը հիմնականում անհայտ է հայաստանցի ընթերցողին, որ, վստահ եմ, մեծ չափով նաեւ լեզվական եւ մշակութային տարբերությունների արդյունք է: Տարբերություններ, որ անհնար է հաղթահարել ոչ մի միասնական ուղղագրությամբ:
Միայն մի քանի դիտարկում: Տերյանի բանաստեղծության հիմնական մոտիվը հեռանալու-մոռանալու տենչանքն է, եթե ոչ՝ ինչ-որ տեղ հեռանալու, ապա գոնե մոռացման վայրկյանն ապրելու: «Այս»-ը (Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ / Գիշերում այս անշող») ոչ միայն մատնանշում է անտանելի իրադրությունը, այլեւ, խախտելով հեղինակի եւ բանաստեղծության միջեւ՝ ինֆինիտիվային գրությանը բնորոշ հեռավորությունը, հուշում հեղինակի ներկայությունը:
Մեծարենցի բանաստեղծության թեման ոչ թե հեռանալը, այլ անհետանալն է. «Իրիկվան մեջ անհետելու հույսն ունենալ / Եւ հանձնըվիլ նուրբ կածանի մը քըմայքին. / Խորխի մը պես թողուլ ձանձրույթն ու հափրանքն ալ, / Եւ անդորրով պատմուճանել հիվանդ հոգին»: Նկարագրվում են անհետանալու, փոխակերպվելու ձեւեր. «կածանի քմայքը», այն ձեւը, որով նոր մաշկ ձեռք բերող օձը թողնում է հին մաշկը՝ խորխը:
Ձաձրույթը ըստ էության սովորական քաղաքային փորձառություն է, բայց դեպի իրիկվա խորքը տանող ուղիների որոնումը, թվում է, արտացոլված է բանաստեղծի մանկական հուշերի գյուղական բնապատկերների վրա: Այս բանաստեղծության ավելի մանրամասն վերլուծությունը կարելի է գտնել կից ներկայացվող՝ Մեծարենցին նվիրված իմ հոդվածում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել