
Պաստառ բռնած ցույցի ենք մասնակցում, բայց չենք համարձակվում որպես թեկնածու ներկայանալ. վանաձորցի աղջիկների մասին
Վանաձորի ամբողջ ՏԻՄ պատմության մեջ 1-2 կին ավագանու անդամ է եղել: Արդեն իր շրջանն ավարտող նախորդ ավագանու կազմում միակ կին ներկայացուցիչը բժշկուհի Գայանե Քալանթարյանն էր, ով այս անգամ էլ է թեկնածություն առաջադրել, և նրա հետ ևս մեկ կին՝ Գոհար Սարդարյանը: Թեկնածուների շարքում երիտասարդ իգական սեռի ներկայացուցիչներ չկան. վանաձորցի աղջիկները դեռ ցանկություն չունեն մասնակցելու տեղական ինքնակառավարմանը:
Վանաձորի ՏԻՄ պատմության մեջ միակ դեպքը եղել է 2008-ին, երբ ավագանու ընտրություններում երիտասարդ աղջիկ է առաջադրվել՝ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս, 25-ամյա Քրիստինե Թամարյանը, որը հավաքած ձայների քանակով հատել էր անցողիկ թվի ուղիղ կեսը, մոտ 300 ձայն էլ անվավեր էր ճանաչվել:
Քրիստինեից հետաքրքրվեցինք, թե ինչու այս տարի էլ չառաջադրեց իր թեկնածությունը: Վերջինս հայտնեց, որ արդեն երեք ամիս է՝ աշխատանքի բերումով հիմնականում լինում է մայրաքաղաքում՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում, և զուգահեռ շարունակում է դասախոսել Երևանի պետական բուհերից մեկում: Ասաց, որ ֆիզիկապես չէր հասցնի գործունեություն ծավալել նաև Վանաձորում, այլապես այս տարի էլ կառաջադրվեր՝ անպայման հաղթելու վճռականությամբ, քանի որ, իր խոսքով՝ արդեն ավելի փորձառու է և նաև՝ քարոզարշավ կազմակերպելու հնարավորություն ունի: Ըստ նրա՝ նախորդ ընտրություններում չհաղթեց հենց «քարոզչություն չտանելու» պատճառով:
Ի դեպ, այն ժամանակ Քրիստինեն դեռ անկուսակցական էր, եւ նրան աջակցում էին ընկերները շատ տեղամասերում էլ չուներ վստահված անձինք: Քրիստինեն կարծում էր, որ իր առաջադրումը, Վանաձորում նախադեպ լինելով, կոգևորի երիտասարդ աղջիկներին, որոնք հետևելով իր օրինակին՝ հետագայում ակտիվ մասնակցություն կունենա տեղական ընտրություններում: Բայց նա հիասթափված է՝ տեսնելով, որ այս անգամ էլ թեկնածուների շարքում երիտասարդ աղջիկներ չկան:
Նրա համոզմամբ՝ վանաձորցի աղջիկներն իրենց ինտելեկտուալ կարողություններով կարող են մասնակցություն ունենալ ներհամայնքային կյանքին, բայց նրանց խուսափողականության պատճառը, Քրիստինեի կարծիքով, թերևս համարձակության պակասն է, որ որպես թեկնածու ներկայանան, քարոզարշավ ծավալեն:
«Բնապահպանական ակցիաներ են լինում, տարբեր հանրահավաքներ, ցույցեր, որոնց մեծ թվով երիտասարդ աղջիկներ են մասնակցում, իրենց դժգոհությունն են արտահայտում, շատ հարցերում ընդդիմանում են և իշխանություններին, և ամենատարբեր որոշումների: Բայց երբ գալիս է գործելու պահը՝ թեկնածություն առաջադրելու, ՏԻՄ կազմում ներգրավվելու, իրենց համարձակությունը չի ներում. զարմանում եմ,- ասում է Քրիստինեն և ավելացնում,- կոչս այն է, որ եթե մենք, պաստառներ վերցնելով, մեր ընդդիմությունն ենք արտահայտում շատուշատ երևույթների վերաբերյալ, ակտիվություն դրսևորենք նաև ղեկավարման գործերում ներգրավվելով: Այսինքն՝ այն, ինչ աղջիներս ամբոխի մեջ ենք անում, անենք նաև անհատապես»:
Քրիստինեն կարևորում է կանանց ու աղջիկների դերը ղեկավար մարմինների կազմում. «Եթե այսօր ԱԺ-ի կազմում ենք իգական սեռի ներկայության կարևորությունը քննարկում, ինչու ավագանու կազմում չլինի իգական սեռի ներկայացվածություն գոնե 20-30 տոկոսով: Չէ՞ որ երկրի զարգացումը համայնքից է սկսվում: Իսկ շատուշատ հարցեր, մասնավորապես՝ առողջապահությանը, կրթությանը, նախադպրոցական հիմնարկներին վերաբերող, որոնք արական սեռի կողմից քիչ են նկատվում, մշտապես կնոջ ուշադրության կենտրոնում են: Օրինակն էլ ցույց տվեց, որ բժշկուհի Գայանե Քալանթարյանի ներկայությունը շատ մեղմացնող ազդեցություն ուներ ավագանու նիստերում: Նրա ներկայությունը զսպում էր տղամարդկանց, որ չանցնեն անձնական հարաբերություններ պարզելուն կամ խոսքի թույլատրելի սահմանից դուրս գալով՝ կոպիտ արտահայտություններ թույլ չտան»:
Լուսանկարը՝ Քրիստինե Թամարյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել