
Ընդդիմադիր ՀՅԴ-ն սատարում է Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածությունը
Ընդդիմադիր ՀԱԿ դաշինքն ու Ժառանգություն կուսակցությունը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում թեկնածու չեն առաջադրել և առաջադրվածներից որևէ մեկին չեն սատարում: Մինչդեռ ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) մասնակցում է առաջիկա ընտրությանը և, որքան էլ զարմանալի է, սատարում է գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության թեկնածու, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանին: Այդ մասին քաղաքապետ Դարբինյանի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Հովհաննես Թադևոսյանը:
«ՀՅԴ-ն, գտնվելով ընդդիմադիր դաշտում, միևնույն ժամանակ չէր կարող անտարբեր մնալ այնպիսի լուրջ գործընթացներին, ինչպիսին քաղաքապետի ընտրությունն է»,-ասաց դաշնակցականը՝ նշելով, որ ՀՀԿ-ական քաղաքապետին սատարելու որոշումը ՀՅԴ Վանաձորի կոմիտեն է կայացրել:
Նմանատիպ հայտարարություն արեց նաև «Օրինաց երկիր» կուսակցության Լոռու տարածքային կազմակերպության պատասխանատու քարտուղար Կարեն Դավթյանը: «Մեր կուսակցությունը որպես երկրում նշանակալի դեր ստանձնած քաղաքական ուժ՝ պարտավոր է իր քաղաքական դիրքորոշումը հայտնել ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ»,-ասաց ՕԵԿ Վանաձորի քաղաքային կառույցի ներկայացուցիչը՝ նույնպես հայտարարելով, որ ՕԵԿ-ը Սամվել Դարբինյանի թեկնածությունն է պաշտպանում:
ՕԵԿ-ն իր որոշումը հիմնավորող փաստարկ է նշում այն, որ քաղաքապետ Դարբինյանը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, որն իրենց կոալիցիոն գործընկերն է: Մինչդեռ ընդդիմադիր ՀՅԴ-ն որևէ քաղաքական մեկնաբանություն չի տալիս իր որոշման հետ կապված:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել