HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ալիկ Սարգսյանը «պետդեպարտամենտներին» խնդրում է հանգիստ թողնել ՀՀ ոստիկանությանը

ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ օրերս հրապարակած զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում նշված է, որ «ՀՀ իշխանությունները սպանությունների գնով ցրել են քաղաքական ցույցերը, հետապնդել քաղաքական ընդդիմախոսներին եւ վրեժխնդիր եղել նրանցից, ՀՀ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն էլ գործել են անպատիժ»:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ոստիկանապես Ալիկ Սարգսյանն անդրադարձավ զեկույցի հիշյալ հատվածին. «Ես չեմ կիսում այդ որակումների հեղինակների կարծիքը եւ չեմ կարծում, թե ոստիկանությունը բռնի ուժով կանխել է այն: Ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում»,- ասաց Ալիկ Սարգսյանը` նշելով, թե արդարացի չէ ոստիկանությանը դարձնել թիրախ եւ համարել, որ «այդ ամենը նման բնույթ ստացավ ոստիկանության ձեռքով»:

Ալիկ Սարգսյանը 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններում ոստիկանությանը մեղադրում է միայն դանդաղկոտության եւ ոչ ճիշտ կողմնորոշված լինելու մեջ. «Եթե ոստիկանությունն արագ կողմնորոշվեր, եթե տիրապետեր օպերատիվ իրադրությանը, եթե կանխատեսեր, որ հնարավոր է տեղի ունենան մասայական անկարգություններ եւ այս պարագայում նախապես իր գործողություններն իրականացներ, կարծում եմ` մարտի 1-ը տեղի չէր ունենա, ասաց նա եւ հավելեց,- միգուցե համարենք, որ անգործությունն էլ է հանցագործություն, միգուցե այնտեղ անգործության պահ եղել է, բայց ոստիկանությունը հայտնվել է մի անկանխատեսելի վիճակում, որի պատճառով, ինչու չէ, մենք էլ դարձանք որպես տուժող, մենք էլ ունեցանք զոհեր»:

Ոստիկանապետը վստահեցրեց, որ այլեւս նման բան մեր երկրում տեղի չի ունենա եւ այս համատեքստում անդրադարձավ մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպելիք հանրահավաքին. «Ես խորհորդ չէի տա հույս փայփայել, որ այդ օրը կարելի է ինչ-որ բան նորից փոխել կամ մարտի 1-ը ընդամենը շահարկել այլ նպատակներ իրագործելու համար: Մենք պատրաստ ենք մարտի 1-ն ամբողջությամբ վերահսկելու եւ կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին` որեւիցե քաղաքական ուժի ազդեցության տակ չընկնել եւ որեւիցե մեկի ջաղացին ջուր չլցնել»:

Ալիկ Սարգսյանի խոսքերով` մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, թե առաջիկա հանրահավաքով ոստիկանությունը մտահոգված կամ ահաբեկված է. «Ես ուղղակի հավատացնում եմ` մենք շատ հանգիստ ենք. մարտի 1-ին որեւիցե բան չի սպասվում: Մեր ժողովուրդն ըմբռնումով է մոտենում դրան, եւ մենք ինքներս էլ տուժողի կեցվածք ենք ընդունելու եւ, ինչու չէ, մենք էլ ենք հարգելու մեր զոհերի հիշատակը: Մենք էլ ենք մասնակցելու այդ ամենին, բայց ընդամենը մեկ պայմանով` հասարակական կարգի որեւիցե խախտում թույլ չենք տալու»:

Ոստիկանապետը հատուկ շեշտեց նաեւ, թե չեն հանդուրժելու, որ որեւէ մեկը փակի փողոցները, խանգարի երթեւեկությանը կամ աղմուկ աղաղակով այնպիսի տպավորություն ստեղծի, թե քաղաքում ինչ-որ բան է կատարվում:

«Նույն այդ դեպարտամենտները մեզ զանգում-հարցնում են` մարտի 1-ին ինչե՞ր է նախապատրաստվում, ինչպիսի՞ երթուղիներով են անցնելու հավաքվածները, որոպեսզի մենք մեր քաղաքացիներին զգուշացնենք` զերծ մնան ու հանկարծ չգնան փորձանքի մեջ ընկնեն: Նրանք խիստ անհանգստացած են իրենց քաղաքացիներով եւ արդեն կանխազգումներ ունեն, որ կարող են ինչ-որ բաներ լինել: Հարգելի դեպարտամենտներ, ոչ մի բան չի լինելու եւ ձեր որակումների հետ կապված խնդրում եմ` մի քիչ զգույշ եղեք. ոստիկանությունը որեւիցե  սադրանք, հրահրում չի արել եւ կարծում եմ` ընդամենը հանցանք կլինի մարտի 1-ին կատարվածում  որպես կազմակերպիչ ոստիկանությանը մեղադրելը: Չի կարելի. ոստիկանությունն ընդամենը դիմակայողի դերում է եղել, ուղղակի խնդրում եմ` հանգիստ թողեք ոստիկանությանը»,- ասաց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter