
Էդմոն Մարուքյանն առաջարկում է Հունգարիայի իշխանությունների առջեւ կոնկրետ պահանջներ դնել
Հունգարիան պետք է Ռամիլ Սաֆարովի նկատմամբ հայտարարի միջազգային հետախուզում, քանի որ նա ոչ Հունգարիայում, ոչ էլ Ադրբեջանում չի կրել պատիժը: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա` խախտվել է Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի դրույթը եւ այս դեպքում միայն Հունգարիայի դատախազությունն ու իրավասու դատարանը կարող է նման գործընթաց սկսել:
Պատգամավորն ասաց, որ չպետք է հանդուրժել, որ Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանից դուրս գա եւ աշխարհում շրջի որպես ազատ մարդ: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ Ադրբեջանն իր երկրում ինչքան կարող է, թող մարդասպանին պահի, սակայն երկրից դուրս չի կարող գալ, եթե միջազգային հետախուզում հայտարարվի:
Պատգամավորը եւս մեկ անգամ պնդեց, որ Ազգային ժողովի հայտարարության տեքստում ամրագրվի կոնկրետ պահանջ` ուղղված Հունգարիայի իշխանություններին, քանի որ երբ որոշ ժամանակ անց խոսք գնա դիվանագիտական եւ պաշտոնական հարաբերությունները վերականգնելու մասին, Հայաստանը փաստի առաջ կկանգնի:
Մեկնաբանել