
Ադրբեջանը հայի կամ հայկական ազգանուն ունեցողի ձեռքով կվերացնի Սաֆարովին. Կոմանդոս
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն (Կոմանդոս) իր տեսակետն ունի Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին: Ըստ նրան՝ ռազմական օրենքների համաձայն՝ պատերազմ սկսելու համար պետք է շատ ամուր լինի երեք օղակ՝ բանակը, պետությունը և հասարակությունը, որոնք կազմում են եռամիասնություն:
Ադրբեջանական բանակն, ադրբեջանցիների կարծիքով, պատրաստ է պատերազմը վերսկսել, իսկ ահա հասարակությունն ու պետությունը թույլ օղակն են: Պետության, ավելի կոնկրետ նախագահ Ալիևի հեղինակությունը բարձրացնելու համար Թուրքիայի միջնորդությամբ ազատեցին Սաֆարովին, սակայն դա դեռ միայն առաջին քայլն էր:
Հաջորդ քայլը, ըստ Կոմանդոսի, կլինի այն, որ կվերացնեն Սաֆարովին, քանի որ վերջինս իր դերը խաղացել է և ավելորդ գլխացավանք է: Եվ կսպանեն հայի կամ հայկական ազգանունով ինչ-որ մեկի ձեռքով, որպեսզի լուծեն ևս մեկ խնդիր. իրենց հասարակության մեջ ավելի ուժեղացնեն հայատյացությունը, ինչպես նաև միջազգային հանրությանը բարոյական արդարացում տան իրենց հետագա ռազմական գործողությունների համար:
«Որպես հին զինվորական՝ ես զգում եմ վառոդի հոտը, բայց չէի ցանկանա, որ այդ ամենը նորից սկսվեր»,-հավելեց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել