
Ծիլքարի նախկին գյուղապետն ու դպրոցի նախկին տնօրենը դատապարտվել են. դատապարտված գյուղապետը թեկնածություն է առաջադրել
Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի նախկին գյուղապետ Պապակ Մխիթարյանն ու դպրոցի նախկին տնօրեն Ժիրայր Սարգսյանը համապատասխանաբար դատապարտվել են 2 և 2.5 տարվա ազատազրկման` պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Սակայն դատարանը ազատ է արձակել նրանց` կիրառելով համաներում:
Հիշեցնենք, որ Ծիլքարի գյուղապետարանն ու դպրոցը հանդես էին եկել որպես երաշխավոր ծիլքարցի որոշ բնակիչների համար, ովքեր «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից վարկ էին վերցրել: Գյուղացիների չվճարած վարկերն ու տույժ-տուգանքները բանկը սկսել էր գանձել գյուղապետարանի և դպրոցի հաշիվներից, այն է` պետական միջոցներից: Երկու գործով արդեն իսկ դատարանը վճիռ էր կայացրել և ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձումն իրականացվել էր, ինչի հետևանքով ուսուցիչները աշխատավարձ չէին ստանում: Գյուղապետն ու դպրոցի տնօրենը փոխվել էին, այդ պարտքերը բռնագանձվում էին նոր գյուղապետի և դպրոցի նոր տնօրենի օրոք: Վերջիններս բանկի բռնագանձման պահանջով մյուս հայցերի դեմ սկսեցին հակընդդեմ հայցեր ներկայացնել և շահել հետագա գործերը:
Ավելին, Ծիլքար գյուղի դպրոցի մանկավարժական կոլեկտիվը դիմել էր դատախազություն: Արագածոտնի մարզի քննչական բաժնում 2011 թ. դեկտեմբերի 28-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական դիրքի չարաշահում: Իսկ դատարանում` արագացված կարգով դատական նիստերին մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը: Համայնքապետարանի բյուջեից 1 մլն 404 հազար դրամի բռնագանձումը նախկին գյուղապետը ստանձնել է մինչև սեպտեմբերի վերջ փակել:
Ծիլքարի դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դպրոցի կոլեկտիվն ու նախկին տնօրենը համաձայնության պայմանագիր են ստորագրվել, ըստ որի` նախկին տնօրենը պարտավորվում է 4 ամսում` մինչև դեկտեմբեր, վերականգնել բռնագանձված գումարները: Երբ նախկին տնօրենը վերականգնի գումարները, ուսուցիչները նախկինում չվճարված աշխատավարձերն էլ կստանան:
«Մեր համագյուղացին է, երկար տարիների մանկավարժ է, մեր երկար տարիների տնօրենը, մարդ է, տվել է երաշխավորություն, դրա համար մենք փոխադարձ համաձայնության եկանք, որ ինքը մինչև դեկտեմբերի վերջ կարողանա վերականգնել մոտ 2 մլն դրամը դպրոցի բյուջե»,- ասաց տնօրեն Արման Հովհաննիսյանը:
Դեռևս մեկ գործ վերաքննիչ դատարանում է: Սակայն տնօրեն Արման Հովհաննիսյանը հույս ունի, որ դա էլ են շահելու, քանի որ արդեն իսկ նախադեպ ունեն: Ծիլքարի դպրոցը սկսել է իր բնականոն աշխատանքը: 83 աշակերտ ունի դպրոցը, այդ թվում` 8 առաջին դասարանցի:
Սեպտեմբերի 23-ին Ծիլքարի համայնքապետի ընտրություն է : Գործող գյուղապետ Հակոբ Հակոբյանը «Հետքին» տեղեկացրեց, որ թեկնածություն է դրել նաև նախկին համայնքապետը: «Պաշտոնական դիրքի չարաշահումով դատեցին, անձնագիրը դատարանից վերցրեց, հելավ դեմս թեկնածություն դրեց»,-ասում է գյուղապետ Հակոբ Հակոբյանը և վստահորեն նշում, որ, միևնում է, ինքն է ընտրվելու:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել