
Բեկոր Փափազյանին կփոխարինի Արման Խաչատրյանը
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը կհանձնվի «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
«Հայփոստում» արդեն հայտարարել են, որ այսօր գործադիր տնօրենի` Արման Խաչատրյանի վերջին աշխատանքային օրն է, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ով է լինելու հաջորդ տնօրենը:
Էդուարդ Էռնեկյանի ընկերությանը կառավարման հանձնված «Հայփոստը» զանազան ցուցանիշներով վերջին 2,5 տարիներին առաջընթաց չի արձանագրել, հակառակը` զանազան ցուցանիշների առումով հետընթաց է արձանագրվել («Հայփոստը» գիտի, որ EMS ծառայության վիճակը բարվոք չէ, բայց...):
Նախ առանձնացնենք մի քանի իրադարձություններ, որոնք տեղի ունեցան վերջին շաբաթվա ընթացքում` Էռնեկյանի Հայաստան գալուց հետո:
Հայաստանի կառավարությունն ընդհանրապես դժգոհ է «Հայփոստի» աշխատանքից, ուստի պետք է ցույց տար, որ շտկման քայլեր են կատարվում: Նման քայլերից մեկն էլ մայիսի 31-ին «Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին եւ խորհրդի անդամ Ջուան-Պաբլո Գեչիդջյանին խորհրդից հեռացնելու որոշումն է եղել:
Այն կհաստատվի հուլիսի 30-ին խորհրդի տարեկան նիստի ժամանակ, որից հետո ԿԲ-ն պետք է հաստատի այս փոփոխությունները: Սրանով նաեւ կարծես թե «կոմպենսացվում է» «Հայփոստի» ձախողումը: Տարօրինակն այն է, որ «Կոնվերս բանկի» մամլո ծառայությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ խորհրդի մեջ փոփոխություններ չեն եղել:
«Հայփոստի» վատ աշխատանքը ոչ թե կապում են գործադիր տնօրենի, այլ կառավարչի ներդրումային ծրագրի հետ: Պարզվում է` վերջին 2,5 տարվա ընթացքում «Հայփոստում» ներդրում չի կատարվել:
Այդ ժամանակահատվածում հավատարմագրային կառավարիչը «Հայփոստ»-ից վերցրել է 5 մլն դոլար: Այդ գումարից են վճարվել աշխատողների աշխատավարձերը, կատարվել են նաեւ այլ «ծախսեր»: Հայաստանը Համաշխարհային փոստային միության անդամ է: Այս միությունը ունի հստակ պահանջներ, որ իր անդամները պետք է հնարավորինս թափանցիկ աշխատեն եւ հաշվետվություններ ներկայացնեն հանրությանը: «Հայփոստը» նման հաշվետվություններ չի հրապարակում:
Ինչպես հայտնի է` կենսաթոշակները բաժանում է «Հայփոստը», իսկ քանի որ «Հայփոստը» բանկ չէ եւ փող չի կարող պահել, այդ գործառույթն իրականացնում է «Կոնվեր բանկը»: Այսինքն փողը «պտտացնում է» բանկը: Ըստ բիզնես-ծրագրի` ֆինանսական հոսքը կազմել է 150 մլրդ դրամ (թոշակների շրջանառություն/բաշխում): Ամսական կտրվածքով դա 12.5 մլրդ դրամի թոշակ և 9 մլրդ դրամի վճարումների հավաքագրում է: «Կոնվերս բանկը» կառավարում է բոլոր այս հոսքերը, իսկ «Հայփոստը» 0 եկամուտ է ստանում:
Կոպիտ հաշվարկներով պարզվում է, որ «Կոնվերս բանկը» տարեկան նվազագույնը 5 մլն դոլարի եկամուտ է ապահովում «Հայփոստի» այս գործարքներից: Եթե դրան գումարվում է 2008 հուլիսից-2011թ. հուլիսը, ապա «Կոնվերս բանկը» «Փոստբանկ» հիմնելու համար ստացել է շուրջ 15 մլն դոլար: Թոշակների վճարումների տվյալները պետության/հանրային սեփականությունն են, ավելի հստակ թվեր կարելի է տեսնել Կառավարության տարբեր գերատեսչությունների որոշ հաղորդագրություններում:
Կոմունալ վճարումների հավաքագրման տվյալները նույնպես կարող են համարվել պետական/հանրային տեղեկատվություն: Առաջիկայում «Հետքը» մանրամասներ կներկայացնի այս գործարքների մասին: «Կոնվերս բանկը» յուրաքանչյուր ամսվա համար դրամական հոսքերը համակարգում պահում է 2 կամ ավելի օր, այդ պատճառով դա ֆինանսավորման/սուբսիդավորման էժան աղբյուր է վարկավորման կամ փողի շուկայի համար: Այն տարեկան 17% համախառն եկամուտ է ապահովում «Կոնվերս բանկին»:
Այս մասին շատ լավ գիտի նաեւ Կենտրոնական բանկը, սակայն «ձայն չի հանում», որովհետեւ «Կոնվերս բանկի» բաժնետերերի հանգամանքը թույլ չի տալիս: Եւ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի խորհրդի վերոնշյալ երկու անդամներին հեռացնելը նաեւ այս պատճառով է արված:
Ավելացնենք, որ «Հայփոստի» կառավարման խորհրդի նախագահը Ջուան-Պաբլո Գեչիդջյան ն է, իսկ Արմեն Տեր-Տաճատյանը նույն խորհրդի անդամ է:
Առաջիկայում «Հետքը» մանրամասներ կներկայացնի այս գործարքների մասին: Ինչու է Ա. Խաչատրյանը հեռանում, և որն է լինելու Էռնեկյանի հաջորդ քայլը «Հայփոստում»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել