
Քոբայրը՝ այրերին ու ժայռերին միաձուլված վանքը, վերականգնվում է (լուսանկար)
2014թ. նախատեսվում է ավարտել Քոբայրի վանական համալիրի (Քոբայրավանքի) զանգակատուն-տապանատան ամբողջական վերականգնման աշխատանքները: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Հետքին» տեղեկացրեց, որ 2011-2012 թթ. կատարվել են զանգակատուն-տապանատան վերականգնման, 15 մլն դրամ արժողությամբ աշխատանքներ:
Քոբայրի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Քոբայր երկաթգծի կայարանի նույնանուն գյուղում՝ Դեբեդ գետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա: Հուշարձանների հիմնական խումբը բաղկացած է 3 եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից:
Քոբայրը 12-13 դարերի հուշարձան է: Մարիամաշեն եկեղեցին, որը ժայռի եզրին է, վանական համալիրի պահպանված կառույցներից հնագույնն է: Այն 1171թ. կառուցել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամը: Քոբայրը պատկանել է Կյուրիկյան Բագրատունիներին, ապա անցել Զաքարյան իշխանական տոհմին և 13-րդ դարում ընդունել քաղկեդոնականություն: 15-16-րդ դարից Քոբայրը վերադարձել է հայ առաքելական դավանանքին (ինչպես արեցին հայ քաղկեդոնական բոլոր վանքերը, երբ զրկվեցին իրենց թիկունքից. երբ Վրաստանը տրոհվեց մի քանի թագավորության, իսկ Բյուզանդիան էլ նվաճեցին թուրքերը):
Վրացիները Քոբայրը համարում են վրացական վանք: Վանքում այժմ աշխատող վերականգնող վարպետները Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանին պատմել են, որ Քոբայր է եկել Հայաստանում Վրաստանի դեսպանը և ասել, որ «սա վրացական վանք է»: Վարպետներից մեկն էլ ասել է, որ «Էյֆելյան աշխատարակն էլ հայկական է»: Դեսպանը զարմացել է, ինչին ի պատասխան` վարպետն ասել է. «Սա՞ ինչպես եղավ վրացական, հո ասելով չի», և դեսպանը չի շարունակել այդ թեման: Սամվել Կարապետյանը չի ճանաչում որևէ հայ պատմաբանի, ճարտարապետի, ով հայ քաղկեդոնական վանքերի վերաբերյալ ստեղծած լինի գիտական աշխատություններ, որոնք կսահմանափակեին վրացիների հավակնությունները: Ավելին, 19-20-րդ դարերի ականավոր բանահավաք-ազգագրագետ Երվանդ Լալայանը «Բորչալուի գավառ» աշխատության մեջ Քոբայրը, Հնեվանքը ներառել է «վրաց վանքեր» ցանկում: Վրացիներն օգտագործում են այս փաստը:
Վանքի տարածքում թափված են հուշարձանի մաս կազմող քարերը, դրանցից շատերը՝ զարդաքանդակներով:
Քոբայրի վանքի դռներն ու պատուհանները եզերող զարդաքանդակներից
Վանքի մուտքերից մեկի արձանագրությունը
Քոբայրավանքի մոտ գտնվող խաչքարերից
Վանքում գտնվող տապանաքարերից
Վանական համալիրի` արտաքինից պատշգամբ հիշեցնող այս հատվածը տապանատուն է (այստեղ հանգուցյալ կա), որի պատերը քանդված են:
Քոբայրավանքը հայտնի է իր բարձրարվեստ որմնանկարներով: Որմնանկարները շատ ավելի բնորոշ են հայ քաղկեդոնական, քան հայ առաքելական եկեղեցիներին:
Ինչպես Հայաստանի այլ վայրերում, այս հնավայրի այցելուները ևս ապականել են միջնադարյան հուշարձանը:
Քոբայրի վանքը շրջապատված է ժայռերով, որոնցում կան դժվարամատչելի քարայրեր ու պատսպարաններ: Ժայռերի վրա վանքեր կառուցելը շատ տարածված է հայկական ճարտարապետության մեջ. ժայռերի ամրության շնորհիվ վանքերը խուսափում են տարածքի նստվածքի պատճառով քանդվելու վտանգից:
Հուշարձանի այս մուտքից դուրս գալով և քայլելով վանքի պատի ու անդունդի միջև եղած նեղ եզրերով՝ հայտնվում ես դիմացի քարանձավում:
Քոբայրի վանքից տեսարան է բացվում դեպի Թումանյան քաղաքն ու Դեբեդ գետը:
Այժմ վանական համալիրի շատ կառույցներ փլված են: 1981թ. Սամվել Կարապետյանը լուսանկարել է այն հսկա ժայռաբեկորը, որն ընկած էր գլխավոր եկեղեցու խորանի կենտրոնում: Հայտնի չէ, թե որ դարում է այդ ժայռաբեկորը վերևի ժայռերից պոկվել ու քանդելով ընկել գլխավոր եկեղեցու վրա: Հնարավոր է, որ մինչև ժայռաբեկորի հարվածը գլխավոր եկեղեցին արդեն իսկ վնասված կամ քանդված է եղել:
![]() |
լուսանկարը` Սամվել Կարապետյանի |
Քոբայրավանք համալիրի վերականգնման աշխատանքները սկսվել են 1950-ականներին և երկար ընդհատումից հետո վերսկսվել 2005 թ.: Վերանորոգող վարպետներն արդեն ժայռաբեկորը փշրելով հեռացրել են վանքից: Սամվել Կարապետյանի գնահատմամբ` վարպետները լավ ու որակով են աշխատում: Նրանք Թումանյան քաղաքի բնակիչներ են:
«Ընդհանուր առմամբ համալիրի Գլխավոր, նրան կից և Մարիամաշեն եկեղեցիների, մատուռի, Գլխավոր եկեղեցու որմնանկարի ամրացման ու ժամանակավոր ծածկի կառուցման, մոտեցման ճանապարհի կարգավորման, վերամբարձիչի տեղադրման և այլ աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեի հատկացումներով ծախսվել է մոտ 130.0 մլն դրամ գումար»,- տեղեկացնում է Արև Սամուելյանը:
Նրա հաղորդմամբ՝ վանական համալիրի հյուսիսային հատվածի կառույցները վերականգնման նպատակով դեռևս չեն ուսումնասիրվել, և չեն կազմվել դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Վերադարձ Քոբայրավանքից դեպի երկաթգծի կայարան: Միջնադարյան կառույցը մնում է ծառերի հետևում:
Քոբայր գյուղի փոքրաթիվ տները և ներքև իջնող նեղ ու քարքարոտ ճանապարհը: 2001 թ. մարդահամարի տվյալներով գյուղն ունի 45 բնակիչ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել