
Ընտրությունը կայացավ, իրավիճակը չպարզվեց
Մայիսի 29-ին կայացան Իջեւանի ավագանու արտահերթ ընտրություններ:
Նախկինում Իջեւանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ մեծ թվով ընտրախախտումներ էին արձանագրվել: Հիշեցնեմ, որ 2007 թ. դեկտեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից հետո տեղամասային հանձնաժողովների 3 նախագահներ (որոնցից 2-ը Իջեւանի քաղաքապետարանի եւ դրա ենթակայությամբ գտնվող հիմնարկության, մեկը Տավուշի մարզպետարանի աշխատող էր) ընտրական օրենսգրքի խախտումների համար դատապարտվեցին 3-ական տարվա պայմանական ազատազրկման:
Այս անգամ ընտրատարածքային եւ տեղամասային հանձնաժողովների անդամների, ինչպես նաեւ վստահված անձանց շնորհիվ ընտրությունները կայացան օրինականության պայմաններում, խաղաղ:
Ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն արձանագրվել: Մայիսի 21-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ասել է, թե հանձնաժողովներում ընդգրկվել են այն անձինք, ովքեր իր հանդեպ ընդդիմադիր պահվածք ունեն: Իջեւանի տեղամասային 7 հանձնաժողովների 56 անդամների մեծամասնությունը Տավուշի մարզպետարանի աշխատողներ էին:
Նշենք, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավարն է, Վարուժան Ներսիսյանն էլ, 12 տարի որպես անկուսակցական քաղաքը ղեկավարելուց հետո, վերջերս դարձել է ՀՀԿ անդամ:
Ընտրությունների արդյունքում 26 թեկնածուներից առավելագույն քվե է ստացել տարիքով ամենաերիտասարդը` 22-ամյա Հովիկ Խեչյանը, ով «Արամնա» ՍՊԸ-ում հերթափոխի պետ է: Նա ստացել է 767 ձայն:
Ամենաքիչ քվե` 70, ստացել է ամենատարեց թեկնածուն` 59-ամյա թոշակառու, ոստիկան Ռաֆիկ Բաղմանյանը: Քվեարկությանը ցուցակային 14 հազար ընտրողներից մասնակցել է 8969-ը: Ընտրություններից մի քանի օր առաջ ավագանու 9 թեկնածուներ ստորագրել էին մի հայտարարություն, որտեղ ասվում է. «Ներկայումս Իջեւան քաղաքում ստեղծվել է մի իրավիճակ, որը չի կարող չմտահոգել մեր քաղաքի բնակիչներին: Տարիներ շարունակ համայնքի ղեկավարության կողմից տարվող քաղաքականության «շնորհիվ», մեղմ ասած, ոչ նորմալ դրության մեջ են հայտնվել քաղաքապետարանի իրավասությանը վերապահված քաղաքի բոլոր բնագավառները:
Օրինակ` ոչ վաղ անցյալում մեր քաղաքի բնակիչներին ու հյուրերին հիացնում էին քաղաքի խնամված կանաչապատ տարածքները, լուսավորված, վերանորոգված եւ մաքուր փողոցները: Չնայած նրան, որ այժմ պետական բյուջեից հատկացվում են ավելի մեծ գումարներ քաղաքի կարիքները հոգալու համար, քաղաքի նախկին գեղեցիկ տեսքից հետք անգամ չի մնացել:
Կարծում ենք` բոլորս ենք տեղյակ, թե ինչ կերպ եւ ում կողմից են տնօրինվում այն գումարները, որոնք պետք է ծառայեն մեր քաղաքի առջեւ կանգնած խնդիրները լուծելու համար:
Նկատի ունենալով, որ իջեւանցիները քաջատեղյակ են մեր քաղաքի բոլոր խնդիրներին, ցանկանում ենք ոչ թե մանրամասն ներկայացնել դրանք, այլ փորձել միացյալ ուժերով դուրս գալ այս իրավիճակից:
Իջեւանին վերաբերող հարցերը պետք է լուծվեն ոչ թե առանձին անհատների եւ նրանց հարազատների կողմից, այլ ամբողջ բնակչության անմիջական մասնակցությամբ: Ժամանակն է լրջորեն մտածել քաղաքի ապագայի մասին եւ մասնագիտորեն ու թափանցիկ իրականացնել քաղաքի տնտեսական ղեկավարումը:
Իջեւանցիները պետք է մասնակցեն ոչ միայն հարկերի վճարմանը, այլեւ հնարավորություն ունենան վերահսկելու իրենց կողմից վճարվող եւ պետական բյուջեի միջոցներից ու այլ աղբյուրներից Իջեւանին հատկացվող գումարների ճակատագիրը:
Օրենքը հնարավորություն է տալիս քաղաքացիներին վերը նշված իրավունքներն իրականացնել իրենց կողմից ընտրված ավագանիների միջոցով: Ավագանու նախորդ կազմի մի շարք անդամներ լուրջ քայլեր ձեռնարկեցին քաղաքի ղեկավարման համակարգում փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, սակայն ավագանու լիազորությունների դադարեցման պատճառով ձեռնարկված միջոցառումների հիմնական մասը մնացել է անավարտ:
2011 թ. մայիսի 29-ին ճիշտ ընտրություն կատարվելու դեպքում հնարավորություն կընձեռվի վերջ տալ ձեւավորված կարծրատիպերին եւ Իջեւան քաղաքի ղեկավարումն իրականացնել իջեւանցիների կողմից եւ ի շահ մեր քաղաքի»:
Այդ հայտարարության տակ ստորագրած 9 թեկնածուներից 6-ը ընտրվել են ավագանու անդամ:
2009 թ. հոկտեմբերին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին անվստահություն հայտնած ավագանու 8 անդամներից 6-ը գրանցվել էր ավագանու թեկնածու, նրանցից 5-ը ընտրվել է:
Հայտարարության տակ ստորագրած 6-րդ թեկնածուն Հովիկ Խեչյանն է: Մայիսի 29-ին ավագանու անդամ է ընտրվել ՀՀԿ անդամ 5 թեկնածուներից 3-ը, ՀՅԴ անդամ երկու թեկնածուներից մեկը, ԲՀԿ եւ ՕԵԿ անդամ մեկական թեկնածուներ:
Այս ընտրություններում կուսակցությունները պասսիվ վերաբերմունք ցուցաբերեցին: Համայնքի ավագանու կուսակցական 9 թեկնածուներից ոչ մեկն իր կուսակցության կողմից չէր առաջադրվել, այլ ինքն էր առաջադրել իր թեկնածությունը:
Կուսակցություններին Իջեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, կարծես, չեն հետաքրքրել: Ավագանու այս կազմը քաղաքապետ-ավագանի հակամարտության, ավագանու կազմի հարաբերակցության առումով իրավիճակն առայժմ անորոշ է թողնում:
Չի բացառվում, որ 15 հոգուց բաղկացած ավագանու նորընտիր կազմից առայժմ «չեզոք» 2-3 անդամներ կարող են միանալ տարիներ շարունակ Իջեւանում տիրող իրավիճակը դատապարտող հայտարարություն արած, ավագանի ընտրված 6 անձանց:
Դա պարզ կդառնա նորընտիր ավագանու առաջին իսկ նիստում, երբ քննարկվի Իջեւան քաղաքի այս տարվա բյուջեն: Հավելեմ, որ աշնանը Իջեւանում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել