
Քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանդիպումը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվում
Օգոստոսի լույս 26-ի գիշերը Վանաձորի Տիգրան Մեծ-Մյասնիկյան խաչմերուկում պատռվել, ոչնչացվել են Վանաձորի քաղաքապետի թեկնածու, փաստաբան, «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար, անկուսակցական Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները: Իսկ օգոստոսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Դեմիրճյան թիվ 21 շենքի բակում ակնհայտ, անսթափ վիճակում գտնվող մի անձնավորություն սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով ահաբեկել է թեկնածուի հետ հանդիպման մասնակիցներին, վիրավորել հանդիպումը նկարահանող օպերատորին, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորել հավաքվածների նկատմամբ ու դիմել փախուստի:
Կատարվածի վերաբերյալ Կարեն Թումանյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, բայց նախապատրաստված նյութերով դեռ քրեական գործ հարուցված չէ, ինչը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանը:
«Հետքը» փորձեց գործի ընթացքի մասին տեղեկություններ ստանալ մարզի դատախազ Կարեն Շահբազյանից: Մասնավորապես հետաքրքրվեցինք, թե ինչու քաղաքապետի թեկնածուի հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով դեռևս քրեական գործ հարուցված չէ, ապացույցնե՞րն են քիչ, թե՞ այլ հանգամանքով է պայմանավորված: Բացի այդ, ոստիկանության մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի մտերիմ ընկերն է, և եթե կասկած կա, որ հենց վերջինիս թիմակիցներն են միջադեպի հեղինակները, հնարավոր չէ՞ վերահսկողություն սահմանել, որ նա իր լիազորությունները չօգտագործի Դարբինյանի օգտին:
Դատախազն աշխատակցուհու միջոցով փոխանցեց, որ հարցերին կպատասխանի միայն գրավոր կարգով: ՏԱ մասին ՀՀ օրենքը նման դեպքերում տեղեկատվություն տնօրինողին 5 օր ժամանակ է հատկացնում, բայց այս դեպքում մինչեւ 5 օրը նախընտրական քարոզարշավն արդեն կավարտվի:
Մեկնաբանել