
«Բնակչության 2/3-ը գնացել է, մնացածն էլ քայլում են բացակա հայացքներով». Աշոտ Մանուկյանը՝ Վանաձորի մասին
Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընտրությունում Հայ ազգային կոնգրեսը թեկնածու չի առաջադրել, և առաջադրվածներից որևէ մեկին չի սատարում: Կոնգրեսը քաղաքական որոշում է կայացրել, որին էլ հետևում է ՀԱԿ Վանաձորի գրասենյակը:
«Պաշտոնապես ազատ է թողնված, դաշինքի բոլոր անդամները ազատ են և կարող են իրենց ձայնը տալ՝ ում ցանկանան: Որևէ մեկին չենք սատարում, որովհետև որևէ մեկի մեջ մեր քաղաքական ուժին համահունչ կողմնորոշում չենք տեսնում: Թեկնածու էլ չառաջադրեցինք, որովհետև անցած բոլոր տեսակի ընտրությունների փորձը ցույց տվեց, որ մեր քաղաքում մանավանդ էս իրավիճակում իրական ընտրություններ ենթադրել անիմաստ է»,- ասում է ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը:
Հարցին՝ Վանաձորում ինչ-որ բան փոխվե՞լ է քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման 13 տարվա ընթացքում, պատասխանում է. «Իհարկե փոխվել է, բա ո՞նց չի փոխվել: Նայեք փողոցում անցուդարձը, կտեսնեք որ շատ-շատ բան է փոխվել. բնակչության 2/3-ը գնացել է, մնացածի դեմքին էլ ոչ տխրություն կտեսնեք, ոչ ուրախություն, բացակա հայացքներով քայլում են մարդիկ, դատարկ աչքերով: Մեր քաղաքը չէր կարող հանրապետության ընդհանուր ֆոնից դուրս մնալ. ինչպես հանրապետությունում քայլ առ քայլ իրավիճակը գնալով վատթարացել է, նույնն էլ մեր քաղաքում»:
Քաղաքական միակ լուծումը նաև Վանաձորի համար, Աշոտ Մանուկյանի համոզմամբ, իշխանափոխությունն է: «Էսօրվա առաջին դեմքը պետք է փոխվի, ուրիշ ճանապարհ չկա: Սրանք՝ գոյություն ունեցողները, մյուսները՝ ովքեր էլ որ կգան, էսօրվա կենտրոնական իշխանությունների կողմից դրված քաղաքական կուրսը պետք է շարունակեն, կշարունակեն կամ դուրս կմղվեն: Մեծ բան սպասել չի կարելի, դրա համար էլ որևէ մեկին չենք սատարում»,- ասում է նա:
Վանաձորում ՀԱԿ-ը ավագանու ընտրությանն է մասնակցում: Կոնգրեսը ավագանու անդամության 5 թեկնածու է առաջադրել, որից 2-ի կամ 3-ի ընտրվելու դեպքում ՀԱԿ-ը, Աշոտ Մանուկյանի խոսքով, լուրջ հաջողություն կարձանագրի և կկարողանա «քաղաքի բարձիթողի, անօրեն վիճակները ինչ-որ ձևով կարգավորել»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել