
Տարոն Մարգարյանը խոսել է Երևանի անտառաշերտերի պահպանման մասին
Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման շրջանակում Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել մասնավորապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման ցանցերի գործարկման և ոռոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
«Մայրաքաղաքում առկա առանց այդ էլ սակավ անտառաշերտերը, անկախ նրանից, թե ում ենթակայության ներքո են գտնվում, Երևանի տարածքում են, և մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք այն պահպանելու ուղղությամբ: Նշված տարածքների ոռոգումը մշտապես պետք է լինի համապատասխան կառույցների, այդ թվում նաև վարչական շրջանների ղեկավարների անմիջական հսկողության տակ: Եթե անգամ վերոնշյալ տարածքները քաղաքապետարանի ենթակայության տիրույթում չեն, միևնույն է, մենք չենք կարող թույլ տալ, որ դրանք մնան անխնամ, ու ժամանակի հետ կանգնենք դրանք կորցնելու վտանգի առաջ»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Նա հանձնարարել է նաև կազմակերպել Հրազդանի կիրճի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները և մշտական հսկողություն սահմանել պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանգստյան օրերին կազմակերպվող շաբաթյակների աշխատանքներում ներգրավել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին, նաև տնտեսվարող սուբյեկտներին ու հետևել աշխատանքների պատշաճ կատարմանը:
Մեկնաբանել