
«Հետքի» զրուցակիցը ոստիկանապետի հրամանով ազատվել է աշխատանքից
ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը կից ՊՊՎ (պարեկապահակային վարչություն) պահպանության բաժանմունքի շարքային ոստիկան Արսեն Բարսեղյանը, ով «Հետքի» հետ զրույցում 27.07.12թ. հրապարակված «Ձերբակալեցին ընտանիքիս երեք տղամարդկանց. քաղաքապետի սարքած եղեռնը» հոդվածում, որպես ականատես պատմել էր ոստիկանության Վեդու բաժնում տեղի ունեցած միջադեպի մասին, այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է աշխատանքից` իր խոսքով, «առանց ղեկավարությանը զգուշացնելու լրատվամիջոցներին տեղեկություն տրամադրելու» հիմքով:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի սկզբնմասում գտնվող գազալցակայանում 2011թ. հունվարի 21-ին ոստիկանության Արարատի բաժնի ՊՊՎ պահպանության բաժանմունքի նախկին պետ Ռազմիկ Արթենյանի, նրա որդիներ Սամվել, Սրապիոն Արթենյանների և ոստիկանների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի հիման վրա Արթենյանների դեմ հարուցվել էր քրեական գործ:
ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով ազատազրկման դատապարտված նախկին ոստիկաններ Ռազմիկ և Սամվել Արթենյանները դեպքի օրը բերման էին ենթարկվել Վեդու ոստիկանության բաժին, որտեղ հերթապահ շարքային ոստիկան Արսեն Բարսեղյանը տեսել էր, թե ինչպես է Արարատի ոստիկանության վարչության նախկին պետ Մարգար Մելքոնյանը ծեծում և հայհոյում Սամվել Արթենյանին:
Արսեն Բարսեղյանը «Հետքի» հետ զրույցում պատմել էր նաև, թե ինչպես էր ոստիկանության Արարատի մարզային վարչության Վեդու բաժնի ներկայիս պետ Սևան Քոչարյանը բոլորին ստիպում կեղծ ցուցմունք տալ Արթենյանների դեմ:
Արարատի մարզային վարչության ՊՊՎ պահպանության բաժանմունքի ներկայիս պետ Արմեն Առաքելյանը հրաժարվեց պատճառաբանել, թե ինչու է Արսեն Բարսեղյանին այսօր տրվել աշխատանքից ազատման հրաման` ասելով, թե ինքն իրավասու չէ այդ տեղեկությունը տրամադրել:
Արսեն Բարսեղյանն ասում է, որ թեև այսօր է հրամանը ստացել, բայց իր պետը` Արմեն Առաքելյանը, հոդվածի հրապարակումից անմիջապես հետո է սպառնացել իրեն աշխատանքից ազատել. «Կանչեց, ասեց` էղել-էղել էր, էս ինչ ես արել, առանց իմանալու էս ինչ ես գրել, բա գործից հանելու ենք: Ես էլ ասի, որ խոսալու համար հանում են, թող հանեն, բա ի՞նչ անեմ, գնամ, բոլորի նման սուտ խոսե՞մ»:
Հիշեցնենք, որ Վեդու ոստիկանապետ Սևան Քոչարյանը Արթենյանների գործով տված իր ցուցմունքում գրել էր, որ Մարգար Մելքոնյանը Ս. Արթենյանին «ծեծի չի ենթարկել, միայն գոռգոռացել է նրա վրա, միանշանակ պահանջել է նրան դատի տալ ոստիկանության պատիվը խայտառակելու և համակարգի աշխատակցի վրա ձեռք բարձրացնելու համար», իսկ Արսեն Բարսեղյանը մեզ հետ զրույցում պատմել էր, թե ինչպես է Մարգար Մելքոնյանը նույն համակարգի աշխատակցի, դարձյալ ոստիկան Սամվել Արթենյանին ծեծում:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից որևէ պարզաբանում չստացանք, թե ինչու է Արսեն Բարսեղյանը աշխատանքից ազատվել: Տեղի ունեցածի մասին տեղեկանալուց հետո վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ «եթե ինչ-որ բան ունենան ասելու», իրենք կզանգեն: Ավելի ուշ զանգահարեցինք, նա տեղում չէր, իսկ բջջային հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել