
«Հայաստան» հիմնադրամն ակնաբուժական ծրագիր է իրականացրել Շիրակի մարզի 21 համայնքներում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Ֆրանսիայի հայ բժիշկների միության» հետ համատեղ ակնաբուժական ծրագիր է իրականացրել Շիրակի մարզի Աշոցքի շրջանի 21 գյուղական համայնքներում:
Ծրագրի շրջանակներում օգոստոսի 12-ից 17-ը բուժզննում է անցել տեսողական խանգարում ունեցող նախադպրոցական եւ դպրոցական տարիքի 262 երեխա: «Ֆրանսիայի հայ բժիշկների միության» տրամադրած ժամանակակից սարքավորումների միջոցով կատարվել է ախտորոշում, եւ տրամադրվել համապատասխան ակնոցներ: Բժիշկների խմբի հետ Հայաստան էին ժամանել նաեւ տեխնիկական մասնագետներ, ովքեր տեղում հղկում եւ համապատասխանեցնում էին ակնոցները:
Զննում անցած երեխաների ծնողները գոհունակությամբ խոսեցին նախաձեռնության կարեւորության մասին: «Առանց գյուղից դուրս գալու կարողացանք հասկանալ մեր երեխաների վիճակը եւ նրանց համար ակնոցներ ձեռք բերել»,- ասաց բնակիչներից մեկը:
Ակնաբուժական ծրագրից անմասն չեն մնացել նաեւ համայնքների տարեցները: Գյուղերի բուժքույրերի նախապես կատարած հետազոտությունների արդյունքում` 60-ից բարձր տարիք ունեցող 861 բնակիչ ստացել է օպտիկական ակնոց:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Մեկնաբանել