
Պաշտոնյաները «խաբում են» բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է 2011թ. գույքի և եկամուտների հայտարարագիր՝ նշելով, որ այդ պաշտոնը ստանձնել է 2012 թվականից: Պատգամավորը մասամբ ճիշտ է. նա 2012թ. մայիսի 6-ին նորից պատգամավոր է ընտրվել, սակայն «մոռացել է», որ այդ պաշտոնում է 2007 թվականից: Եթե նա նշեր, որ նույն պաշտոնում է 2007 թվականից, ապա պետք է հանձնաժողովին ներկայացներ նաև փոխկապակցված անձանց՝ կնոջ, իր հետ ապրող ծնողների և չափահաս, չամուսնացած երեխաների գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացնում են երկու տեսակի հայտարարագիր՝ հիմնական, որը պետք է ներկայացնեն ամեն տարի, ինչպես նաև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի և եկամուտների մասին: Կարո Կարապետյանը ներկայացրել է միայն վերջինը, որի դեպքում, չգիտես ինչու, հանձնաժողովը որոշել է, որ փոխկապակցված անձինք չպետք է հայտարարագրեն իրենց գույքն ու եկամուտները:
Այն, որ էթիկայի հանձնաժողովը շահագրգռված չէ պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը ուսումնասիրելու, բացահայտումներ անելու, խախտումներ գտնելու դեպքում հրապարակելու հարցում, երևում է որդեգրած աշխատաոճից: Էթիկայի հանձնաժողովը լրատվամիջոցին տրամադրել է պաշտոնյայի հայտարարագիր, որը թերի է՝ նաև այն պատճառով, որ հանձնաժողովը չի ստուգել՝ արդյոք պաշտոնյան ամբողջակա՞ն հայտարարագիր է ներկայացրել, թե՞ ոչ:
Փոխարենը հանձնաժողովը խնամքով փակել է այն տեղեկությունները, որոնք կառավարության որոշմամբ հրապարակման ենթակա չեն: Սա այն դեպքում, երբ տեղեկությունները ստանալուց հետո անմիջապես հեռախոսազանգով տեղեկացրել ենք հանձնաժողովին, որ Կարո Կարապետյանի հայտարարագիրը թերի է փոխկապակցված անձանց մասով: Անցել է արդեն մեկ ամիս, սակայն պատասխան չկա:
Հանձնաժողովը որոշ պաշտոնյաների դեպքում նաև պաշտպանողական դիրքորոշում է որդեգրել: Շուրջ մեկ ամիս առաջ գրավոր խնդրել էինք տրամադրել Ռուբեն Հայրապետյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերից հրապարակման ենթակա տվյալները: Պատասխանել էին, թե դրանք մշակված չեն, և կտրամադրեն մշակումից հետո: Անցել է մեկ ամիս, ու հանձնաժողովը դեռ «մշակում է» այդ տվյալները:
Անդրադառնանք Կարո Կարապետյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (2012թ.) ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրին: Ըստ դրան՝ պատգամավորն ունի 2 բնակելի տուն, մեկ հողամաս, 6 մլն 460 հազար դրամի բաժնետոմս: Թեև շահութաբեր բաժնետոմս ունի, սակայն Կարո Կարապետյանը որպես եկամուտ ներկայացրել է միայն ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 3 մլն 143 հազար 440 դրամ:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պատգամավորն ունի 50 մլն դրամ և 108 հազար դոլար:
Կարո Կարապետյանը որպես եկամուտ միայն աշխատավարձն էր հայտարարագրել նաև 2009թ.-ին՝ դարձյալ 3 մլն 143 հազար 440 դրամ: Նույն գումարն է հայտարարագրել նաև 2010-ին: Փաստորեն, Կարո Կարապետյանն արդեն 3 տարի է, բացարձակ նույն եկամուտն է «ներկայացնում»:
Չենք կարող ներկայացնել Կարո Կարապետյանի կնոջ՝ Հասմիկ Ստեփանյանի և որդու՝ Վիլիկ Կարապետյանի գույքի և եկամուտների հայրարարագրերը, քանի որ բարձրաստիճան պաշտանատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հետքին» թերի տեղեկություն է տրամադրել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել