
Երբ պատգամավորն ավելի շատ գործարար է, քան օրենսդիր
Վայոց ձորի ամբողջ մարզն ընդգրկող թիվ 39 ընտրատարածքից մայիսի 6-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ անդամ Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ գրուպի» հիմնադիրը: Նա պատգամավոր է դեռևս 2003 թվականից: Այս տարիների ընթացքում Ա. Արսենյանը աչքի չի ընկել օրենսդրական նախաձեռնություններով կամ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած հայտարարություններով: Փոխարենն աչքի է ընկնում իր ունեցվածքով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տրամադրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Աշոտ Արսենյանը 2011թ. 19 մլն դրամով վաճառել է «ԲՄՎ 750I» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 540 մլն դրամի արժեթուղթ ու այլ ներդրում է ունեցել:
Աշոտ Արսենյանը ունեցել է նաև զգալի չափերով ստացված կամ վերադարձված փոխառություն: Հարկային տարվա սկզբին փոխառության չափը կազմել է 760 մլն 772 հազար 50 դրամ, իսկ տարեվերջին՝ 166 մլն 311 հազար 550 դրամ:
Ինչ վերաբերում է պատգամավորի եկամուտներին, ապա դրանք ևս տպավորիչ են. 822 մլն 733 հազար 100 դրամ, որից 722 մլն 462 հազար 500 դրամը գոյացել է փոխառությունից, 97 մլն 129 հազար դրամը՝ շահաբաժնից, իսկ 3 մլն 141 հազար 600 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է:
2011թ. պատգամավորը բարելավել է նաև իր ֆինանսական վիճակը: Նշված տարվա սկզբին ունեցել է 150 մլն դրամ, իսկ տարեվերջին գումարի չափը գրեթե կրկնապատկել է՝ հասցնելով 280 միլիոնի: Անփոփոխ են մնացել միայն պատգամավորի արտարժութային դրամական միջոցները՝ 100 հազար դոլար և 500 հազար եվրո:
Նշենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2012թ. մայիսի 31-ի դրությամբ Աշոտ Արսենյանն ունի 2007թ. արտադրության « Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա, 4 տարբեր բաժնետոմսեր՝ 50 հազար դոլարից մինչև 540 մլն դրամ արժողության: Աշոտ Արսենյանին է պատկանում նաև մեկ արտադրական նշանակության շինություն, 2 հողամաս, 2 բնակարան, ինչպես նաև անհատական բնակելի տուն:
Պակաս կարողության տեր չէ նաև պատգամավորի կինը՝ Գայանե Մկրտչյանը: Նա 2011-ին ունեցել է շահաբաժնից ստացած 65 մլն 924 հազար 352 դրամի եկամուտ: Իսկ դրամական եկամուտները մի քանի անգամ գերազանցում են Գայանե Մկրտչյանի եկամուտը: Նա անցյալ տարի իր հաշվին ունեցել է 500 մլն դրամ և 300 հազար դոլար:
2009թ. Աշոտ Արսենյանն ունեցել է 269 մլն 228 հազար 600 դրամի, ինչպես նաև 15 հազար 59 եվրոյի եկամուտ: Բացի դրանից՝ նշված տարում պատգամավորը ձեռք է բերել 2 ավտոմեքենա՝ «ԲՄՎ-750I» և «Տոյոտա Քեմրի», և վաճառել «Peugeot-407» մակնիշի ավտոմեքենա: 2010-ին պատգամավորի եկամուտները կազմել են 292 մլն 435 հազար 50 դրամ և 56 հազար 612 եվրո:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել