
Գագիկ Ծառուկյանի «ջենտլմենական» քայլը. կնոջը նվիրել է միլիարդներ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը 2007 թվականից ի վեր ամենահարուստ պատգամավորն է: Նրա եկամուտները, դրամական միջոցները, շահաբաժինները, ստացված ու վերադարձված փոխառությունները հաշվվում են միլիոններով ու միլիարդներով: Նա նաեւ առաջին տղամարդ պատգամավորն է, որ իր կնոջը միլիարդի հասնող նվեր է փոխանցել:
Գագիկ Ծառուկյանի 7 էջից բաղկացած գույքի եւ եկամուտների հայտարարագիրն այնքան հագեցած է գումարային տվյալներով, որ անհնար է դրանք մանրամասնությամբ ներկայացնել: Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է շատ ավելի բաժնեմաս, սակայն կառավարության որոշման համաձայն՝ հրապարակման ենթակա են ոչ բոլորը: Նա բաժնեմասեր ունի ինչպես դրամով, այնպես էլ եվրոյով: Օրինակ՝ ԱԺ պատգամավորը հայտարարագրել է բաժնեմաս համապատասխանաբար` 13 միլիոն եւ 987 հազար 356 եվրոյի չափով, իսկ դրամով բաժնեմասերը հասնում են մինչեւ 19 միլիարդ 516 միլիոն 684 հազար 30 դրամի:
Նույնը վերաբերում է նաեւ հանձնված կամ վերադարձված փոխառություններին: 2011թ. Գագիկ Ծառուկյանն ունեցել է 5 միլիարդ 232 միլիոն 730 հազար 905 դրամի, ինչպես նաեւ բնամթերային եկամուտ` 86 միլիոն 862 հազար 534 դրամի չափով:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Գագիկ Ծառուկյանն ունեցել է 280 միլիոն 570 հազար դրամ, 23 միլիոն 834 հազար դոլար եւ 25 միլիոն 786 հազար եվրո:
Պակաս կարողության տեր չէ նաեւ Գագիկ Ծառուկյանի կինը` Ջավահիր Ծառուկյանը: Նա ունի 19 միլիարդ 516 միլիոն 684 հազար 30 դրամի չափով արժեթղթեր եւ այլ ներդրումներ:
Ջավահիր Ծառուկյանը, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 21 միլիոն 700 հազար դրամ, իսկ պատգամավորի տիկնոջ եկամուտները կազմում են 11 միլիարդ 850 միլիոն 562 հազար 800 դրամ, որից 560 հազար 800 դրամը աշխատավարձն է, իսկ 11 միլիարդ 850 միլիոն դրամը ձեւակերպված է որպես «ամուսնու կողմից» նվեր:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը 2009 թվականին ուներ 9 միլիարդ 670 միլիոն 820 հազար 303 դրամի, 126 միլիոն եվրոյի եւ 439 հազար 222 դոլարի եկամուտ: Նույն տարում ձեռք էր բերել «Ռոլլս-Ռոյս կուպե ֆոնտոմ» մակնիշի ավտոմեքենա, վաճառել` «Մերսեդես-Բենց S 500»-ը:
2010-ին գնել է մեկ շենք-շինություն եւ «Ռենջ Ռովեր Սպորտ 4.4» մակնիշի ավտոմեքենա եւ վաճառել մեկ շենք-շինություն, 2 հողամաս: Այդ տարի Գագիկ Ծառուկյանն ունեցել է 1 միլիարդ 443 միլիոն 479 հազար 667 դրամի եւ 2 հազար 957 դոլարի եկամուտ:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել