
Պատգամավոր Արայիկ Գրիգորյանի կապիտալն իր անշարժ գույքն է
Արայիկ Գրիգորյանն Ազգային ժողովի այն բազմաթիվ պատգամավորներից մեկն է, ով խորհրդարանի ամբիոնից երբևէ ելույթ չի ունեցել, ընտրողների հիմնախնդիրները կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ չի բարձրացրել: Նա եկել է խորհրդարան, իր ժամանակը «սպառել» ու գնացել:
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ա. Գրիգորյանը պատգամավոր վերընտրվեց Արարատի մարզից:
Ուսումնասիրելով պատգամավորի գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ նկատեցինք, որ նա բազմաթիվ անշարժ գույքեր ունի և միլիարդի հասնող դրամական միջոցներ:
Միայն Երևանում Արայիկ Գրիգորյանն ունի 2 բնակարան՝ 171.4 և 198.1քմ մակերեսով, ավտոհանգրվան, ինչպես նաև մոտ 25 հա խաղողի այգի Արարատի մարզի Այգավան գյուղում, այգեգործական հողամաս Ուրցաձոր գյուղում, մի քանի հեկտարի հասնող հողամասեր և 679.31քմ մակերեսով բնակելի տուն ու տնամերձ հողամաս ունի նաև հայրենի Ավշար գյուղում:
Նշենք, որ «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ն պատկանում է պատգամավորին, և գործարանի տարածքն ու հողերը ևս Արայիկ Գրիգորյանի անունով են գրանցված:Ըստ պատգամավորի հայտարարագրի` ընդհանուր առմամբ, ՍՊԸ-ն Ավշար և Մխչյան գյուղերում ունի 4399.3քմ մակերեսով շինություն և 4.47 հա հողատարածք:
Պատգամավորը որպես շարժական գույք հայտարարագրել է միայն 1999թ. արտադրության «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենան:
2011թ. մարտի 1-ից մինչ այս տարվա նույն ժամանակահատվածը Արայիկ Գրիգորյանն ունեցել է 146 միլիոն 966 հազար 160 դրամի եկամուտ, որից 3 միլիոն 135 հազար 310 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 90 միլիոն 596 հազար 500 դրամը՝ «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը, իսկ 53 մլն 234 հազար 350 դրամը նույն գործարանին վաճառած գյուղմթերքից ստացած եկամուտն է:
Մարտի 1-ի դրությամբ Արայիկ Գրիգորյանն ունեցել է 1 միլիարդ 2 միլիոն 300 հազար դրամ և 864 հազար դոլար:
Տեղեկացնենք, որ Արայիկ Գրիգորյանը 2009 թվականին ունեցել է 110 միլիոն 72 հազար 40 դրամի եկամուտ, բացի դրանից՝ 48 միլիոն 395 հազար դրամի գույքային եկամուտ, իսկ 2010-ին՝ 216 միլիոն 312 հազար 959 դրամի եկամուտ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել