
Արտուշ Գաբրիելյանը 2 ամսով կալանավորվել է
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ` Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով և տեղափոխվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց դատավորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ երեկ՝ ապրիլի 30-ին, Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն է տվել, որպեսզի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի և զրկվի ազատությունից։ ԲԴԽ-ն կասեցրել է նաև դատավորի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Դրանից հետո Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու հատկանիշով։
Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց ԲԴԽ-ի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից 2025թ. ապրիլի 29-ին հայտնել էին, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։
Տեղեկություններ են տարածվում, որ դատավորն իր վարույթում գտնվող գործերից մեկով իբր կաշառք է ստացել, որպեսզի քննությունը ձգձգի, և անցնի վաղեմության ժամկետը, և անձն ազատվի պատժի կրումից:
Մեկնաբանել