
Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 30-ի որոշմամբ՝ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ մինչ այդ Դումանյանը զբաղեցնում էր նախագահի խորհրդականի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է ԿԳՄՍ նախարար։
Իր ֆեյսբուքյան էջում Վահրամ Դումանյանն անդրադարձ է կատարել նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանը։
«Սիրելի ընկերներ և գործընկերներ,
իմ խնդրանքով այլևս ազատված եմ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։ Ցանկանում եմ այս պահին հրապարակավ շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ինձ վստահելու և պետական կարևոր ինստիտուտում աշխատելու հնարավորությունն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև նախագահի աշխատակազմին՝ այս ընթացքում ցուցաբերած գործընկերային վերաբերմունքի, համագործակցության և առողջ աշխատանքային մթնոլորտի համար։
Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր ծառայել մի համակարգում, որն իր էությամբ կանգնած է մեր պետականության հիմքում։ Հավատացած եմ, որ ինստիտուտների կայունությունն ու զարգացումը համընդհանուր առաջընթացի հիմնաքարն է։ Այդ առաքելությանը նպաստելն ինձ համար եղել է ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքացիական պարտք։
Այս ճանապարհին ձեռք բերած փորձը, մասնագիտական փոխանակումներն ու մարդկային շփումները ինձ համար եղել են անգնահատելի։ Ես շարունակելու եմ իմ գործունեության ցանկացած հարթակում իմ համեստ ներդրումն ունենալ մեր պետականության ամրապնդման և հանրային կյանքի զարգացման գործում։
Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու այս ընթացքում»,- գրել է Դումանյանը։
Մեկնաբանել