HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առվի ջուրը որտեղով կտանի, էնտեղ էլ կգնանք, ընտրություն չունենք»,- ասում է արցախցի Էդվարդը

Մեր այցելության օրը Էդվարդ Բալայանը Եռաբլուր էր գնալու։ Շիրմաքարի համար հարթակ պիտի սարքեր։

61-ամյա Էդվարդը քարտաշ է։ Արցախի տարբեր վայրերում կարելի էր տեսնել նրա աշխատանքները՝ խաչքարեր, աղբյուրներ, տարբեր դետալներ։ Ասում է՝ քարից ամեն ինչ կարող է պատրաստել։

«Մեր հրըղան Ղարաբաղը թորքին մնաց»,- արձագանքում է Էդվարդի մայրը՝ Լիդա Բալայանը։

88-ամյա կինը նախաճաշը նոր էր ավարտել, երբ ներս մտա տուն։ Քայլակին հենվելով՝ որդու օգնությամբ դժվարությամբ հասավ հյուրասենյակ։ Տիկին Լիդան Շուշիի Քարին Տակ գյուղից է, որտեղ ապրել է մինչեւ 16 տարեկանը, հետո տեղափոխվել է Ստեփանակերտ, որտեղ աշխատում էր Ստեփանակերտի մետաքսի կոմբինատում։ Հենց այստեղից էլ որպես լավ աշխատող ստացել էր իր բնակարանը։

Հյուրասենյակում նստած՝ տիկին Լիդան անընդհատ հիշում է Արցախը, իր տունն ու որդու շիրիմը։ «Մի ղզղան ու տասը տալերք ընք պերալ, կլոխը՞ս ընգնում (մի կաթսա ու տաս աման ենք բերել, հասկանու՞մ ես),- նայում է ինձ, ապա շարունակում,- բայց խոխաս պիտի չթողնեի էնտեղ»։ Էդվարդը մորն ասում է, որ իրենցից ոչինչ կախված չէր, եւ այդպես մտածելը բոլորին խելագարության կհասցնի։ Մենք մի պահ լռում ենք։ Լիդա Բալայանի երեք որդիներից մեկը մահացել էր դեռ մինչեւ 2020 թ. պատերազմը։

Հիմա մայրն ապրում է երկու որդիների հետ Մասիսում վարձակալած բնակարանում։ Երեքն էլ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեն։ Երեքն էլ անընդհատ ցավեր են ունենում օրվա ընթացքում։ Էդվարդն ասում է՝ մայրը մանկուց կաղություն է ունեցել, եւ խնդիրը տարեցտարի սրվել է։ Երկար տարիներ տիկին Լիդան հենակներով էր տեղաշարժվում, հիմա՝ արդեն քայլակով։ Տնից չի կարողանում դուրս գալ։

Ցավերը օրեցօր շատանում են, եւ հիմնականում ցավը մեղմող, հանգստացնող քսուքներ է օգտագործում։ 88-ամյա կինն ասում է, որ ցավերը մեղմանում են, բայց տակդիրի կարիք ունի։ Արցախում ամեն ամիս անվճար տակդիրներ էր ստանում Քոքսի անվան վերականգնողական կենտրոնից, բայց հիմա այս կենտրոնն էլ դժվարություններ ունի եւ հազիվ կարողանում են երեք ամիսը մեկ մի տուփ տակդիր հատկացնել։

Մորը խնամում են որդիները՝ Էդվարդն ու Վարդանը, որոնք իրենք էլ խնամքի կարիք ունեն։

«Առաջին հերթին Աստծուց եմ շնորհակալ, հետան իմ զավակներից»,- ասում է մայրը։

53-ամյա Վարդանը լուռ է եւ մեր զրույցին շատ քիչ է միջամտում։ Էդվարդը պատմում է, որ պատանի հասակում Վարդանն ընկել է ավտոբուսից ու գլխուղեղի վնասվածք ստացել։ Հիվանդանոցում բժիշկը զգուշացրել էր, որ հետեւանքները հետո են ի հայտ գալու։ Հետագայում Վարդանի մոտ հոգեկան առողջության խնդիրներ են երեւան եկել։ Դրան հաջորդել է մեկ այլ դեպք, որը եւս, ըստ Էդվարդի, ազդել է եղբոր առողջության վրա. 1992 թ․ ռումբի պայթյունից Վարդանն ուշագնաց է եղել։

Էդվարդն ասում է, որ եղբայրը կարողացել է հաղթահարել դժվարությունները, բուժում է ստացել, բայց հիմա էլ սրտի անբավարարություն ունի։ Այս ախտորոշումը հաստատվել է 2020թ․։ «Սիրտը ե՛ւ մեծացել է, ե՛ւ մկաններն են թուլացել։ Դրանից էլ տալիս է երիկամներին, մնացած օրգաններին։ Սրտի անբավարար աշխատանքն է պատճառը, որ սկսել է ուռել»,- նշում է Էդվարդը։

Վարդանը նաեւ շաքարային դիաբետ ունի։ Ամսական 32 հազար դրամի դեղորայք են գնում նրա համար։ Էդվարդն ասում է, որ այդ դեղերը չկան պետպատվերի ցանկում, իսկ Վարդանի հաշմանդամության խմբի թոշակը ամսական 37 հազար դրամ է։

Էդվարդն ինքն էլ քիչ խնդիրներ չունի, բայց նախընտրում է չխոսել դրանց մասին։ 1997-ից ի վեր բժշկի չի ուզում դիմել։ Ասում է՝ վստահությունը կորցրել է բժիշկների հանդեպ։

Ամեն ինչ սկսվել է 1994 թ. ապրիլի 17-ին։ Էդվարդ Բալայանը պատերազմի մասնակից է։ 1994-ի այդ օրը Աղդամի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է։ «Լյագուշկա մինա են ասում, որից հազարից մեկն է ողջ մնում։ Հաստ ու բարակ աղիքներս էին ծակվել։ Բարակն այդքան չէ, բայց հաստի դեպքում մահացու կարող է լինել»,- ասում է զրուցակիցս։  

«Առաջինը վիրահատությունը դաշտային հոսպիտալում է եղել, հետո նորից են արել, տամպոնը թողել են փորիս մեջ։ Թարախը հավաքվել է վրան, ես տեղյակ չէի։ 1994-ի վերջն էր՝ նոյեմբերը, բժշկի գնացի, ասացի՝ վատ բան է կատարվում ինձ հետ, ոտքիս մի մասը սկսել էր ուռել, ասեցին, թե ոսկորի բորբոքում է, նորից վիրահատություն նշանակեցին։ Տամպոնը փորիս մեջ երկու տարի մնացել էր։ Վերջը նորից վիրահատություն են արել, բժիշկը եկավ, թե՝ ո՞վ է արել անցած վիրահատությունդ։ Խոռոչում մի գունդ է եղել, կտրել էին՝ մտածելով հետազոտության տանել, բայց պարզվել էր, որ տամպոնն է»,- պատմում է 61-ամյա տղամարդը։

Հետվիրահատական շրջանում Էդվարդի մոտ ճողվածք է առաջացել, որը նրան պարբերաբար անհանգստացնում է։ Նաեւ մարսողության խնդիր ունի, ստամոքսի այրոց։

-Դրանից հետո բժիշկներից փախել եմ, բացի դրանից՝ այնքան հակաբիոտիկ են տվել, որ երեւի աղիներիս սաղ միկրոֆլորան ոչնչացրել են։ Բժիշկն ի՞նչ պիտի անի, մինչեւ հիմա գրիժաս կախված, չեմ գնում։ Իմ ցավն ու դարդը ես եմ տանում։ Իհարկե, ցավ ունենում եմ,- նշում է Էդվարդը։

-Էդ վիճակում ո՞նց եք գնում գործ անում, կռանում-բարձրանում,- հարցնում եմ։

-Բա ի՞նչ անեմ, ոչինչ, մեկ-երկու օրվա չարչարմունք է, կանոնավոր չեմ գնում,-պատասխանում է նա։

Բնակարանի համար ամսական վճարում են 150 հազար դրամ, բայց տանտերը խոստացել է 20 հազարով իջեցնել վարձը։ Ընտանիքի ապրուստի միջոցը հիմնականում երեքի հաշմանդամության թոշակն է, ինչպես նաեւ պետությունից ստացած օգնությունն արցախցիներին։ Էդվարդն ասում է, որ եթե պետությունը դադարեցնի աջակցությունը, իրենց թոշակը հազիվ կբավականացնի տան վարձին ու կոմունալին։

-Ղարաբաղն ուրիշ ձեւի հայրենիք ա, հարեւաններով, բարեկամներով… Որ մտածում եմ, խելագարվում եմ,- ասում է Լիդա Բալայանը։

-Որ ներսդ լցնես, իրոք խելագարվելու ես,- արձագանքում է Էդվարդը։

-Ի՞նչ եք մտածում էս ամեն ինչի մասին,- հարցնում եմ նրան։

-Մտածելու բան կա՞, որ մտածեմ։ Ոչ մի բան էլ չենք մտածում, առվի ջուրը որտեղով կտանի, էնտեղ կգնանք, ընտրություն չունենք, ի՞նչ պիտի մտածենք,- պատասխանում է Էդվարդը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter