
Վանաձորում ասֆալտը երկուսով են փռել` աշխատելով 490 միլիոն 123 հազար դրամ
2011-12 թթ. մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում համայնքների հրատապ խնդիրների լուծման համար պետբյուջեի հատկացումներով երեք փուլով անցկացված Վանաձորի փողոցների ասֆալտապատման մրցույթներում հաղթող են ճանաչվել և աշխատանքներն իրականացրել միևնույն կազմակերպությունները` «Արգիշտի 1» ՍՊԸ-ն և «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ն:
Առաջինը Վանաձորի քաղաքապետի եղբոր` Սեյրան Դարբինյանի կազմակերպությունն է: Իսկ մյուսը մինչև քաղաքապետ ընտրվելը ղեկավարել է Սամվել Դարբինյանը, որից հետո տնօրեն է դարձել Արայիկ Վարդանյանը: Վերջինս նաև Վանաձորի էլիտար շենքի փաստացի սեփականատերն է՝ չնայած, ըստ քաղաքում շրջանառվող խոսակցությունների, այդ շենքն իրականում քաղաքապետին է պատկանում:
Արայիկ Վարդանյանի անունով տարածքներ կան գրանցված նաև Քիմգործարանի տնակային ավանում, և ժամանակին նա դատական վեճերի մեջ էր այդ տնակների բնակիչների հետ, ովքեր հողամասի աճուրդային վաճառքն ապօրինի լինելու հիմքով (ի դեպ, հողամասը վաճառելու մասին որոշումը քաղաքապետ Դարբինյանն է կայացրել) հայց էին ներկայացրել քաղաքապետարանի և Արայիկ Վարդանյանի դեմ: Դատարանը չէր բավարարել հայցը:
«Հետքը» փորձեց պարզել, թե ինչու են միայն նշված կազմակերպություններն իրականացրել պետական ծրագրով փողոցների վերանորոգման աշխատանքները Վանաձորում:
«Հետքի» հարցերին պատասխանել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը
-Համառոտ ներկայացրեք այս ծրագիրը:
-Հանրապետության նախագահի նախընտրական խոստումն էր: Գումարները տրվում են մարզերին` համայնքներում հրատապ առաջացած խնդիրների լուծման համար: Ծրագրից առաջ մարզպետարանը դիմում է համայնքի ղեկավարներին, որ ներկայացնեն համայնքի այն խնդիրները, որոնք համարում են կարևորագույն լուծելու համար:
-Կա՞ վերահսկող մարմին, որն ստուգում է ներկայացված խնդիրների առաջնահերթությունը:
-Մեր վարչությունը` մարզպետի գլխավորությամբ: Իրենց ներկայացրած ցանկը նայում ենք, որտեղ մի քիչ կասկածելի բան ենք տեսնում, մենք նույնպես մեր աշխատակիցներին ուղարկում ենք, ֆիքսում ենք, որ իրոք այդ խնդիրը ճիշտ է, մտցնում ենք ծրագրի մեջ: Հիմնականում վստահում ենք, որովհետև ժողովրդի բողոքներն ու խնդիրները համայնքի ղեկավարի հետ է անմիջական:
-Հատկացումների չափը ինչ-որ մշակված սանդղակո՞վ է որոշվում՝ ասենք, կախված համայնքների մեծությունից և այլն:
-Որևէ սանդղակ չկա կոնկրետ: Բնականաբար, փորձում ենք այնպես անենք, որ մեծ համայնքներում մի քիչ ավելի մեծ խնդիրներ դրվեն: Ամենամեծ գումարը տրվում է Վանաձորին` որպես մարզկենտրոն, նրանից հետո գալիս են մնացած քաղաքային համայնքները:
-Ինչպես երևում է ծրագրի երեք փուլից, Վանաձորի քաղաքապետը միշտ փողոցների բարեկարգումն է առաջնահերթ համարում համայնքի համար:
-Այո: Վանաձորը հիմնականում ներկայացնում է փողոցների ասֆալտապատում, վերանորոգում` փոսային կլինի, թե տարածքներ կլինեն, բակերի վերանորոգում, տանիքներ: Բոլոր դեպքերում դա եղել է Վանաձորի քաղաքապետի կողմից:
-Ինչպե՞ս է անցկացվում մրցույթը:
-Արվում է բանակցային եղանակով: Շինարարական կազմակերպություններին հրավեր ենք ուղարկում, որ ունենք այս-այս օբյեկտները: Շինարարները գալիս վերցնում են պայմանագրերը: Ասում ենք` գնա հաշվարկ արա՝ ինչ գումարի սահմանում կանես այս աշխատանքը: Հետո ներկայացնում են իրենց ծավալաթերթը՝ այդ նախագծի հետ կապված: Ունենք մարզպետի հրահանգը, որ այն համայնքներում, որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ, բացի նեղ մասնագիտական վարպետներից, մնացած աշխատուժը վերցվի տեղի բնակչությունից: Նկատի ունեմ նաև կազմակերպություններին: Ասֆալտապատման տենդերներին հիմնականում մեր մարզի շինարաներին ենք հրավեր ուղարկում և «Իջևան ՃՇՇ»-ին` որպես այլ մարզի հավասարազոր, որովհետև մեր տարածաշրջանում գործ է անում, ծանոթ ենք նրանց աշխատանքին:
-Կոնկրետ Վանաձորում ամբողջ աշխատանքը 2 կազմակերպություն է իրականացրել:
-Վանաձորում ունենք «Լոռի ՃՇՇ», «Արգիշտի 1», «Վառմաշ» ընկերությունները:
-Հավասար հնարավորություններ ունեցո՞ղ կազմակերպություներ են:
-Այո: Հիմնականում այս երեք խոշոր կազմակերպություններն են, որոնք զբաղվում են ասֆալտապատման աշխատանքով: Ունենք փոքր հիմնարկներ, բայց հիմնականում սրանք են, որ այս տարածաշրջանում անում են այս գործը: Կա մոտեցում. Լոռու մարզում ունենք 5 տարածաշրջան, յուրաքանչյուրն ունի իր ճանապարհաշինական մեծ կազմակերպությունը: ԽՍՀՄ-ի նախկին պետական ճանշիններն են` Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի: Յուրաքանչյուրը սպասարկում է իր տարածաշրջանի ճանապարհները` միջպետական, մարզային, համայնքային: Մարզպետը նպատակահարմար է համարում, որ ճանապարհաշինությունը տրվի տարածաշրջանի ճանապարհաշինարարին, որ ինքը և պատրաստի, և հետո տանի այդ ճանապարհի սպասարկումը: Եվ ծրագիրը հիմնականում իրենց է տրվում:
-Վանաձորի աշխատանքներում «Լոռի ՃՇՇ»-ի մշտական մասնակցությունը հիմնավորեցիք: Ի՞նչ կասեք «Արգիշտի 1»-ի մասին: Ինչպե՞ս է ստացվել, որ վերջինս «Լոռի ՃՇՇ»-ի հետ համատեղ մասնակցում է ծրագրին, իսկ «Վառմաշը», որ նրանց հավասարազոր կազմակերպություն է, չի մասնակցում:
-Առաջին փուլով 2 փողոց էր: Առաջին փողոցից «Լոռու ՃՇՇ»-ն հրաժարվեց, ինքը չարեց, երկրորդ փողոցն էլ «Արգիշտին» վերցրեց, ինքը արեց: Իսկ թե «Լոռին» ինչու չվերցրեց, արդեն իրենց խնդիրն է:
-«Վառմաշը» չի՞ մասնակցել ծրագրի 1-ին փուլին:
-«Վառմաշը» Գուգարքի փողոցների ասֆալատապատումն է արել 1-ին փուլով, 2-րդ փուլով Ստեփանավանն է արել: Իսկ «Ստեփանավանի ՃՇՇ»-ն Գյուլագարակի աշխատանքները կատարեց: Նրա ծավալը մեծ էր, արդեն չէր հասցնում ֆիզիկապես: Մենք համարեցինք, որ ճիշտ կլինի՝ «Վառմաշը» կատարի:
-Ինչպե՞ս է ստացվում, որ Վանաձորում «Վառմաշը» մրցույթ չի շահում, և նրան բաժին են ընկնում հարակից տարածքները:
-Ուրեմն «Վառմաշի» թվերը մեծ են եղել, չի համապատասխանել մեր ծավալներին:
-Երկրորդ փուլում հաղթել է «Արգիշտին»: «Լոռի ՃՇՇ»-ն չէ՞ր դիմել:
-Դիմել էր, բայց «Արգիշտիի» թիվը ավելի լավն էր, ավելի համապատասխանում էր մեր ներկայացրած պահանջներին:
-Այսինքն` մրցույթի երկու փուլով աշխատանքը կատարել է «Արգիշտին»: Եվ միայն երրորդ փուլն են համատեղ իրականացրել: Դա ինչպե՞ս որոշվեց: Վանաձորի համար մեկ մրցույթ չի՞ հայտարարվում, ինչպե՞ս եղավ, որ երկուսն էլ հաղթեցին:
-Ըստ նախագծերի է: Նախագծերը ինչպես պատվիրում ենք, սարքվում է, ըստ դրա էլ տենդեր է հայտարարվում: Փողոցները ներկայացրել է համայնքի ղեկավարը: Ցանկը հաստատվեց, կանչում ենք շինարարներին, ասում ենք՝ հրավիրում ենք՝ Վանաձորի 6 բակի մրցույթին մասնակցելու, նախագծերը տարեք, ձեր ծավալաթերթը սարքեք: Ամենքը բերում են, ըստ դրա` նախապատվությունը տալիս ենք ամենքի ներկայացրածին` նայած գումարի չափն ինչքան է: Ասում ենք` այս մի փողոցը կտանք «Լոռի ՃՇՇ»-ին, որովհետև իր ներկայացրած թիվը շատ ձեռնտու է որպես պատվիարտու կազմակերպության, մյուսը` «Արգիշտիին»:
-Երկուսի թվերն էլ ձեզ ձեռնտո՞ւ էին:
-Այո: Ըստ փողոցների, որը ինչպես է ներկայացրել:
-Երկրորդ, երրորդ փուլերում «Վառմաշը» դիմե՞լ է:
-Ոչ: Վանաձորի համար չի ներկայացրել մի պարզ պատճառով. որովհետև երրորդ իր Ստեփանավանի աշխատանքները չէր վերջացրել: Հետո կա մի ուրիշ բան: Շինարարները նաև ունենում են մեզ հետ չկապվող, ներքին պայմանավորվածություններ: Դա, իհարկե, իմ անձնական կարծիքն է. իրենք բոլորը մեկը մեկի հետ աշխատում են, մտերիմ են, նույնիսկ տենդերների ժամանակ մինչև մեզ մոտ գալը ունենում են որոշակի պայմանավորվածություններ իրար մեջ: Փորձը ցույց է տալիս, որ մի օբյեկտը շահելուց հետո մյուսը վերցնում է նրանից գործը: Մի խոսքով, բիզնեսի բան է իրենց հետ կապված: Այդքան չենք խորանում:
-Նշեցիք, որ ասֆալտապատման մրցույթներին հրավեր եք ուղարկում «Իջևանի ՃՇՇ-ին»: Վանաձորի մրցույթներին ոչ մի անգամ չի մասնակցել, հայտ է՞լ չի ներկայացրել:
-Պետք է նայեմ 3 մրցույթի փաթեթները:
-Ինչո՞ւ, բացի Վանաձորից, «Արգիշտին» որևէ այլ տարածքում աշխատանք չի կատարել:
-Քանի որ հնուց եկող չգրված օրենքներ, տրադիցիաներ կան, իրենք մեկը մյուսի ընկերն են: Մեկը չի ուզում գա մյուսի քաղաքում գործ անի: Ասենք, կարող է «Սպիտակի ՃՇՇ»-ն գործ չունենա, բայց բարոյական չհամարի գա Վանաձորում գործ անի, քանի որ իր ընկերները գործ են անում: Նույնը՝ «Լոռին» ու »Արգիշտին». հաստատ չեն ցանկանա գնան Սպիտակ, «Սպիտակի ՃՇՇ»-ի փոխարեն գործ անեն:
-Բայց խոսքը խոշոր գումարների մասին է:
-Ինչ կապ ունի, հո ամեն ինչ գումարով չի: Մարդկային հարաբերություները բոլոր դեպքերում մնացել են:
-Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ «Վառմաշը» Ստեփանավանում աշխատեց:
-Կոնկրետ «Ստեփանավանի ՃՇՇ»-ն ինքը հրաժարվեց, ուներ հարկային պարտավորություններ, ֆիանսական խնդիրներ հիմնարկում, խնդրեց, որ այս ծրագրին ինքը չի կարող մասնակցել: Հայտից հրաժարվեց, անցավ առաջակը «Վառմաշին»:
(Վերևում, պրն Ջանազյանն այլ կերպ մեկնաբանեց մրցութային հայտի փոխանցումը` ասելով` «Երկրորդ փուլով Ստեփանավանի ծրագիրը շահեց «Վառմաշը»: «Ստեփանավանի ՃՇՇ»-ն Գյուլագարակի աշխատանքները կատարեց: Նրա ծավալը մեծ էր, արդեն չէր հասցնում ֆիզիկապես, մենք համարեցինք, որ ճիշտ կլինի՝ «Վառմաշը» կատարի»):
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել