
Ելի՛ր դուրս ստուերէն, ելի՛ր վեր յուսալքումէն, ելի՛ր… Շահան Շահնուր (մաս 1)
Պէտք է աւելի վեր ելլես քան փոթորիկը, որովհետեւ փոթորիկները միշտ գետնաքարշ են, անոնք կ՚ուզեն քանդել ինչ որ չհասկցան
Շահնուրը մի գաղափարակից ընկեր ուներ, որ կարծես իր նմանակն էր ճակատագրով: Իր պես ցեղասպանության վկա, իր պես տարագրյալ, տանջված, իր պես հիվանդ, հաճախ անոթի, նույնպես աքսորական՝ ինքը Ֆրանսիայի հիվանդանոցներում, ընկերը՝ ստալինյան գուլագներում և իր պես աննման տաղանդավոր: Գուրգեն Մահարին էր: Շահնուրը 1969թ․ հունիսի 18-ին Գուրգենին գրած նամակը դրեց պահարանի՝ ծրարի մեջ և Սէն-Ռաֆայելից ուղարկեց Լիտվա՝ Պալանգա: Այստեղ՝ Բալթիկ ծովի օդն օգնում էր ընկերոջը կազդուրվելու սիբիրներում ձեռք բերած թոքախտից և հայրենիքում, ուրիշ գրողներից ստացած, թունավոր բացիլների հետևանքներից: «Սիրելիդ իմ Մահարի, այսպէս ուրեմն, հազիւ թէ տեղաւորուած հեռաւոր Պալթիքի ափին, կը փափաքիս որ ես հոսկէ, Սէն-Ռաֆայելէն ըսեմ, թէ դուն ինչպէս ես, ինչպէս չես: Պատասխանը պիտի ըլլայ յստակ եւ մեկին-դուն անմահ ես»: Ահա այս տողերն էր գրել նամակում, առանց իմանալու, որ Մահարին այլևս չկար: Մահացել էր ճիշտ 1 օր առաջ: Իրոք, անբացատրելի իմացություններ կան մեր գիտակցությունից դուրս, առավել բարձր և զորեղ ...
Գալով Home Arménien-ին...
Հավանաբար Մահարին խնդրել էր Շահնուրին պատմել իր կացարանի՝ Home Arménien-ի մասին, որտեղ ապաստան էին գտել բազմաթիվ հայ գաղթականներ՝ Շահնուրի պես անտեր, անօգնական:
Իսկ «Հայ տուն»՝ Home Arménien-ում՝ ծերուկները մեռնում էին: «Հանգի՜ստ իրենց չարչարեալ եւ խաչեալ կեանքին»: Մեռելները թաղելուց հետո, գալիս էր պահը, երբ հանգուցյալների «խեղճուկ գանձերը» հանվում էին դարակներից, հագուստի գրպաններից՝ դեն նետվելու համար: Այդ «խեղճուկ գանձերը» երբեմնի անուշ կյանքի պատառիկներ էին՝ լուսանկարներ. «Մարդիկ ֆէսով, փաթթոցով կամ շալվարով, հարսներ գեղջկական տարօրինակ տարազով, եւ ամէն տարիքի մանուկներ, կարօտի եւ սիրոյ մակագրութեամբ, եւ նոյնիսկ մամիկի մը ծոցէն ելան Աղբիւր Սերոբի եւ Անդրանիկի նկարները... Այս բոլորը՝ աղտոտ, խունացած, բայց եւ այնպէս կէս դար պահուած անպատում գուրգուրանքով: Ահա այդպէս կ’երթայ թրքահայութիւնը...»: Ընդամենը 2 նախադասություն, որտեղ խտացված է ցեղասպանության ամբողջ արհավիրքը:
«Մէկ հատ Հայ պիտի չձգենք»
Շահանը այս նախադասությունն ակամայից լսեց դրացի տղայից՝ Վէլի օղլու Հասանից, որ «... իմ կաթնեղբայրս էր, եւ հայերէնը կը խօսէր ինծի չափ սահուն: Ականջներուս չհաւատացի այն օրը: Հայկական եղեռնը հեռու էր նախընթաց ջարդերուն նմանելէ: Ամբողջ Հայութիւնն է, որ թուրքը կը ճգնէր բնաջնջել: Ան կը հարուածէր մեծին եւ պզտիկին, միշտ աւելի վայրագ, միշտ աւելի խենէշ, խոշտանգելով, լլկելով եւ կողոպտելով: Ամբողջ թրքութիւնն է, որ ցցուած էր Հայուն դէմ»: Կոտորածը հրաշքով շրջանցեց Շահնուրին և նրա ընտանիքը: Բայց, այնուամենայնիվ, 1915-ի ապրիլյան մի օր Սկյուտարի իրենց դուռը թակեցին: Փնտրում էին մորեղբորը՝ հանրահայտ և աննկուն Թեոդիկին, որ հանդգնել էր իր «Ամէնուն Տարեցոյցը»ի հատորում տպագրել Գլադսոնի հակաթուրք ճառը: Նրան բանտարկեցին և աքսորեցին: Շահնուրի մյուս մորեղբայրը՝ բժիշկ Սամուելը, դեսպանների, բարձրաստիճան պաշտոնյանների միջոցով փորձեց ազատել եղբորը: Շահան Շահնուրը հիշում է, որ, 1931-ին, երբ Թէոդիկն արդեն չկար, ինքն այցելեց մոբար Սամուելին՝ Նիցցայի առանձնատանը: Դոքթոր Սամուել Խանը բորբոքված հիշեց այն օրերը, «Այդ բոլոր դեսպաններուն, չէշիտ-չէշիտ (զանազան) դիւանագէտներուն եւ իրենց մէթրէսներուն (սիրուհիներ) այսինչ-այնինչը դարմանած եմ (և թվարկում է վեներական հիվանդությունները), իրենց փիսութիւնը մաքրած եմ տարիներով… Եկուր տես քի` մատերնին չխաղցուցին…»:
Բայց, փառք Աստծո, Թեոդիկը 1 տարի անց ազատվեց վերահաս մահից: Եվ շուտով, առանց դույզն-ինչ վախի, հրատարակեց «Յուշարձան Ապրիլ տասնըմէկի»-ն՝ (նոր տոմարով՝ 24) ցեղասպանության մոտ 1000 մտավորական զոհերին նվիրված հուշամատյանը: «Երբ այսօր կը մտածեմ այդ օրերուն, կը տեսնեմ, որ քիչ բան կը յիշեմ գրի առնուած ոճիրներէն, որոնք գորշ միօրինականութիւն մը կը կազմեն այլեւս իրենց մղձաւանջային կրկնութեամբ: Անոնցմէ հազիւ թէ կրնամ զատորոշել պարագան տարաբախտ կրօնաւորուհիներու, զոր Թուրքերը դուրս են քաշել իրենց վանքէն, խմբեր են կալանաւոր վիճակի մէջ եւ անոնց վրայ պատ են հիւսեր...»:
Թագուհի մայրը
Շահանն ապրում էր Սկյուտարի Ենի Մահալլէ թաղի Քապրիսթան փողոցի թիվ 23 տանը, որն ի դեպ կառուցել էր մորեղբայրը՝ Թեոդիկը: Այն կանգուն էր մինչև 1978 թվականը: Մորական կողմից Երզնկացի էր: Աղմկոտ մեծ հայրը՝ հնակարկատ Գրիգորը, չէր թողնի Երզնկան և Պոլիս չէր գա, եթե չլինեին իր պոլսաբնակ Պօզաճեան ազգականների նպաստավոր և հրապուրիչ առաջարկն ու խոստումները: Բայց, իր ծանր տեղը թեթևացնելուց և Պոլիս հասնելուց հետո, հասկացավ, որ ազգականները իրեն, մեղմ ասած, խաբել են: «Արդարարութիւն կը պահանջեմ…» բոռալով, իզուր ջիղերը քայքայեց: Նա, իբր բողոքի նշան, իր հորական անպատված Պոզաճյան ազգանունը փոխարինեց իր համեստ արհեստի մականունով՝ դառնալով Լապճինճյան՝ խզելով կապը իր տոհմի հետ: Եվ քանի որ մահտեսի էր, Տիրոջ գերեզմանը Երուսաղեմ համբուրած մարդ, փորձում էր վատ բառեր չարտաբերել: Զայրույթի ժամանակ միայն ասում էր՝ «նզովից արմատ», այսքա՛նը, մնացածը թողնելով Տիրոջ կամքին: Այնպես որ, Շահնուրի մայրը՝ Թագուհին, մորաքույրներն ու մորեղբայրները ևս դարձան Լապճինճյան: Շահնուրը գրում է, որ մայրը շատ կատակասեր կին էր: «Ան կը սիրէր իր սլաքներուն տակ առնել իր կրտսեր եղբայրը, Թէոդիկը, ինչպէս մայր կատուն կը խաղայ իր ձագին հետ, գորովով»:
Հայրը
Շահանի հայրը Զաքարն էր, որի ծնողները բաժանված էին և Զաքարին մեծացրել էր մայրը՝ որդուն տալով նաև իր ազգանունը՝ Քերեսթեճյան: Շահանը մանրամասներ չգիտեր իր հորական ցեղի մասին: 20 տարեկանն անց էր, և արդեն Փարիզ` տարագրության մեջ, երբ պահանջ ունեցավ ավելիով ճանաչելու իր հորական կողմին և նամակ ուղարկեց տուն՝ Պոլիս՝ այդ մասին հարցուփորձ անելով հորը: Պատասխանը չուշացավ: Պարզվեց, որ հոր՝ Զաքարի հայրը ազգությամբ հույն պալատական դերձակ էր: Զաքարը նույնպես դերձակ էր, սակավախոս և հեզահամբույր, խաղաղ, քիչ մելամաղձոտ մի մարդ, ճիշտ հակապատկերը իր տիկնոջ՝ զվարթ և, աներհայրիկի պես, հախուռն Թագուհու:
Խաղաղ մարդ լինելով՝ այդուհանդերձ «մասնակցած էր աղմուկներու մեծագոյնին, Պապը Ալիի ցոյցին, դրօշակը բարձր բռնած: Բայց այդ ելոյթը նկատուած էր իբր մէկ վրէպը մը»:
Երկընտրանքի թակարդում
1915-ին Շահանը տասներկու տարեկան էր՝ ծնվել էր 1903-ի օգոստոսի երեքին: Պատերազմական լուրերը խոսակցության նյութ եղան ծնողների միջև: Հայրը հուզված և զայրացած ասում էր, թե թուրքի բախտը միշտ բերում է, որ այդ «անհաւատ շունը զօրաւոր է աւելի», քան մենք կարծում ենք: Եվ որ միշտ էլ զորավորը և հարուստը գտնում են զինակիցներ և յուրայիններ: Մինչդեռ հայերս ի՛նչ ենք: Մեր նախնիները ավելի խելացի էին, երբ համակերպվում էին իրականությանը՝ հասկանալով, որ պիտի չկարողանան ինքնուրույնաբար այն բարեփոխել: Եվ սպասում էին լավագույն օրվան: Բայց ամեն դեպքում, առանց երկար-բարակ մտածելու, Զաքարը իր տանը պատսպարում էր իշխանությունների կողմից հետապնդվող ջահելներին: Մայրն ընդվզում էր այս մոտեցմանը: Լա՛վ, ասենք թե մենք համակերպվեցինք, հապա երեխաները... ի՞նչ ենք թողնելու նրանց՝ ստրուկի վիճա՞կը: Ահա այս տեսակ զրույցները՝ հնազանդության և անհնազանդության երկընտրանքը, ազգային շրջահայացության և անշրջահայացության հարցերը անհանգիստ արեցին Շահանի միտքը: Ինքը՝ Սկյուտարի Սեմերճյան, հետո Պերպերյան վարժարաններում ուսանածը, շատ բան էր սովորում իր ծնողների այս տեսակ վեճերից: Եվ ազգային գետնի վրա հանդուրժել, թե չհանդուրժել հարցը, շուտով մտնելու էր անձնական տիրույթ և ուղեկցելու էր Շահանին ամբողջ իր հիվանդ կյանքի ընթացքին ու նաև գլուխ էր բարձրացնելու կանանց հետ հարաբերություններում և նրանց մասին դատողություններում: Տարիներ անց, այնուամենայնիվ, պատմության և ազգի համար կհակվի հոր մոտեցմանը՝ հանդուրժել, լռել և տանել, իսկ գրականության և մարդկային հարաբերությունների համար կառաջնորդվի մոր հուզականությամբ՝ ընդվզել, բողոքել և բողոքի մեջ ստեղծել նորը: Որովհետև «Ինչ որ կը պատշաճի անհատի մը, կրնայ բնաւ չպատշաճիլ հաւաքականութեան մը...»: Եվ եթե, ըստ Շահանի, անձնասպանությունն անտանելի կյանքից ձերբազատվելու միակ լուծումն է, ինչը մեկ անգամ փորձեց իրականացնել սոսկալի ցավերից ազատվելու համար, ապա այն ուղղակի անընդունելի է ամբողջ ազգի համար: «Եւ մենք ազգովին է, որ կ’երթայինք դէպի անձնասպանութիւն»:
Կանանց հարցում նա ևս ստիպված կլինի ունենալ 2 դիրքորոշում. մեկը՝ ընդհանրական տղամարդու, մյուսը՝ հայ տղամարդու: Նրա ճակատագիրն էր այդպիսին, հարցերին նայել երկու անկյունից՝ ազգային և վերազգային: Նրա համար կլինեն հայուհիներ և ֆրանսուհիներ: Նա կլինի անողոք և նույնիսկ կնատյաց, երբ խոսքը հայուհիներին է վերաբերում և կնամեծար ու նուրբ, երբ՝ օտարուհիներին: Եվ դա պատճառաբանված է:
Իսկ գալով իր դաժան հիվանդությանը, որ ախտորոշվել էր ոսկրախտ՝ նա մեկ կլինի հոր պես, մեկ մոր՝ համաձայն իրավիճակի և ցավի սաստկության ու նաև իր հոգեվիճակի. «Պիտի գար օր, երբ բաց վէրք մը պիտի կրէի ոչ միայն հոգեկան-իմացական կեանքիս մէջ, այլ նաեւ բուն իսկ մարմնիս վրայ, եւ այն ատեն պիտի գիտնայի, թէ միայն երկու դիրք կրնամ բռնել անոր հանդէպ՝ ըմբոստացում կամ համակերպում»: Մարմնի բաց և հոսուն վերքերը հետոյի խոսակցություն է: Առայժմ Շահնուրը դեռ պատանի է և իր բաց վերքի նմանվող հայրենիքում: Եվ միակ ապահովությունը իր ընտանիքն է՝ ծնողների կողքին, ովքեր Շահնուրի համար ստեղծում էին զարմանալի հավասարակշռություն և ներդաշնակություն իրենց տարակարծությամբ:
Կարոտի սկիզբը
Շահանը որոշեց հեռանալ քեմալական երկրից՝ այնտեղ թողնելով անցյալը՝ իր ընդհատված պատանեկան երջանկությամբ: Նա ծննդավայրում թողեց նաև ծնողներին, քրոջը՝ Հերմինեին, ընկերներին, տունը, մի խոսքով` հայ Պոլսից մնացած ավերակ ոգին, վերցրեց առաջին անհրաժեշտության պարագաները և ճամփա ելավ: Հետը տարավ իր թանկ հուշերը Կոմիտասի մասին. նրա անսպասելի հայտնությունը իրենց տանը՝ հարսանեկան մի արարողության առիթով: Ամուսնանում էր Լապճինճյաններից մի օրիորդ Կոմիտասի համերկրացի՝ Քեոթահիացի մի տղայի հետ: Ինչպես Կոմիտասը ժպտաց իրեն, շոյեց գլուխը, ինչպես ինքը՝ փոքրիկ Շահնուրը, իր բռնած հարսանեկան մեծ մոմերի արանքից անվերջ փորձում էր նշմարել Վարդապետին, որի «սեւ սքեմը շեշտակիօրէն կը զատորոշուէր շրջապատի փայլուն արդուզարդերէն, նամանաւանդ իր կողքին կանգնած մարդէն (բուն իսկ իմ Սամուէլ մօրեղբայրս), որ իր կուրծքը ծածկած էր պատուանշաններով, տգեղ ցուցամոլութեամբ մը: Այնքա՜ն տարուած էի Վարդապետով, որ ոչինչ լսեցի արարողութենէն: Ոչինչ: Այսուհանդերձ, այդ օրը սորուեցայ հայերէն բառ մը՝ նարօտ: Ես կ՚ըսեմ նարօտ, մինչ կը հասկնամ կարօտ»: Սա այն Կոմիտասն էր, որի մասին հետո գրեց, թե նա «ձև զգեցուց ձայնին, որ շունչ էր և ոգի»:
Տարավ իր հետ նաև բոլորովին վերջերս, 1922-ին մահացած, Վանի ազատամարտի քաջարի հերոս՝ բուլղարացի Գրիգորի թաղման արարողության տեսարանի վերհուշը: Նա, քրոջ հետ միասին, թափորին հետևել էր իրենց տան պատուհանից: Մեծապես ազդված էր արարողության բազմամարդությունից և ոգեղենությունից: Իսկ քրոջ անկեղծ և միամիտ արձագանքն այնքան անուշիկ էր: Շահնուրը հիշում է. «Անոնք աւելի Խայ էին, քան թէ Հայ: Անոնք ամրակուռ եւ չարքաշ տղամարդիկ էին, յատկանշական դիմագիծով, չես գիտէր ո՛ր Վարագայ լեռնէն իջած: Կը հասնէին նորեր, դարձեալ նորեր, միշտ նորեր: Աստուած իմ, կ՚ըսէի ես ինձի, ուրեմն ա՞յսքան շատ վանեցի կայ Պոլսոյ մէջ: Կա՛ր, կար, որովհետեւ կար հերոս մը անմոռանալի: Ճիշդ է թէ Վանը կորսուած էր դաւադրաբար, բայց անոնք գոնէ օր մը ապրած էին ազատութեան գինովութիւնը, անոնք կարճ ժամանակ մը գոնէ բարձր պահած էին ազազուն բոցը անկախութեան, որուն կը ձգտէին Արմէնական շարժումէն ի վեր: Քոյրս ըսաւ ականջիս տակ, զարմացկոտ շեշտով.
-Աս տեսակ բան բնաւ չէի տեսած…
-Սո՛ւս,- ըսի: Քրոջմէս կը զգուշանայի: Անոր արցունքը այնքան դիւրահոս էր, որքան շռնդալից էր իր խնդուքը: Սո՛ւս,- ըսի: Այդ պահուն չմտածեցի, թէ քոյրս կին եղած էր արդէն, եւ թէ կին արարածը կը տեսնէ բաներ, որ մենք չենք տեսնէր եւ կամ թէ յիշատակութեան արժանի չենք համարիր: Երբ ներս անցանք, քոյրս ըսաւ.
-Տեսա՞ր քիթերնին...:
Գլխավոր լուսանկարում՝ Շահնուրը Լյուքսենբուրգյան այգում, Փարիզ
Շարունակելի
Մեկնաբանել