
Երևանում կանցկացվի Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 7-րդ օլիմպիադան
Հոկտեմբերի 4-ին Երևանում կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 7-րդ օլիմպիադան: Կիսահաղորդիչների նախագծման և արտադրության համար ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտում գործող «Սինոփսիս» ընկերությունը հայտարարել է, որ միջոցառումն առաջին անգամ անցկացվելու է Էլեկտրական և էլեկտրոնային սարքերի Ճարտարագիտական ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (TTTC) հետ համագործակցությամբ:
«Նախագծման և թեստավորման մարտահրավերներին ընդառաջ» թեմային համահունչ՝ օլիմպիադայի մասնակիցները կմրցեն հետևյալ բնագավառներում. թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:
Օլիմպիադայի նպատակներն են խթանել Հայաստանում և մասնակից երկրներում միկրոէլեկտրոնիկայի զարգացմանը՝ հայտնաբերելով և խրախուսելով տարածաշրջանի երիտասարդ և տաղանդավոր ճարտարագետներին, մեծացնելով երիտասարդ մասնագետների շրջանում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտելով միկրոէլեկտրոնիկայի բնագավառում երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակը և ստեղծելով միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք:
Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան առաջին օլիմպիադան անցկացվել է 2006 թ.՝ ընդգրկելով 82 մասնակցի: Այնուհետև միջոցառումը վերաճել է միջազգային մրցույթի՝ ընդգրկելով 349 մասնակցի 12 երկրից:
Օլիմպիադան անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո: Օլիմպիադայի հովանավորն ու գլխավոր կազմակերպիչը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն է: Գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:
Մեկնաբանել