
Բաժանորդի վնասը մատակարարի՞, թե սպառողի պատասխանատվությունն է․ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից դժգոհությունները շարունակվում են
«Հետքի» խմբագրությունը պարբերաբար նամակներ է ստանում ընթերցողներից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրանջատումների, ընկերության մատուցած ծառայություններից դժգոհությունների վերաբերյալ։ «Հետքը» մարտի 25-ին ներկայացրել էր մի պատմություն, երբ քաղաքացին դիմել էր «Վեոլիա Ջուր», ջրաչափը փոխելու պահին մասնագետները վնասել էին այն, բայց «Վեոլիա Ջուրը» տուգանել էր քաղաքացուն։
Հոդվածի հրապարակումից հետո սոցցանցերում և կայքում ընթերցողներն իրենց կարծիքն էին գրում։ 49 մեկնաբանությունից 40-ում ընթերցողները նշում էին, որ իրենց հետ նմանատիպ դեպք է տեղի ունեցել։ Մի քանի մեկնաբանություն ներկայացնում ենք ստորև՝
Իրենք եկել են, որ փոխեն, աշխատողը պոկել է պլոմբան ու գցել մայրիկիս վրա, 30 հազար դրամ տուգանել են ու ասել՝ կարող ես ամեն ամիս 1000 վճարել։ Ինչի՞ համար, իրենց անփութությա՞ն։
Էլեն
Այո, մեզ հետ նույնպես նմանատիպ բան են արել և այն էլ չեն նայել՝ ինչ հնարավորության տեր ենք, արդյոք կարող ենք վճարել այդ 122 000 դրամը, դա անմարդկային քայլ է, այս ընկերության աշխատանքը պետք է վերանայել։
Գոգա Գալստյան
Ցավոք, հաճախ պատահող դեպք է ու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է անդրադառնալ մոնոպոլիստի նման գործողություններին։
Որպես լրացում ՝ նմանատիպ խնդիրը ձեռնարկատերերի օբյեկտներում առաջացնում է 300 000 դրամը գերազանցող «տուգանք», իսկ փաստացի ՝ անաշխատ եկամուտ։
Ընդ որում, ջրաչափերի ծառայության ժամկետի սպառումից հետո դրանց փոխարինումը «Վեոլիան» չի շտապում կատարել։
Կարեն Ավագյան
Նորմալ է, ինձ մոտ էլ վերանորոգման վարպետն էր վնասել ջրաչափը, դրած օրվանից երբեք ջրաչափին ձեռք չէինք տվել, միայն մաքրել էինք խոնավ շորով, բայց լաբորատորիան խախտում էր հայտնաբերել, դա իրենց աշխատաոճն է, թալանել ու թալանել։ Ոչինչ չեք կարող անել։ Մեզ էլ տուգանել էին 56 հազար դրամ։ Ոչ մի բացատրություն չեն ուզում լսել ու վերջ։ Եւ ստիպված, անտեղի կատարեցինք այդ մուծումը, հակառակ դեպքում ԴԱՀԿ էր գնալու պարտքը, անկապ քաշքշուկների մեջ էինք ընկնելու և արդյունքում ոչինչ չէինք շահելու։ Սա է ցավալի իրականությունը։
Արմենուհի Աղաբաբյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանում պաշտպանում է խոշոր բիզնեսի շահերը: էդ հանձնաժողովը ստեղծվել է «ՀԷՑի», «Գազպրոմի», «Վեոլիայի», ապահովագրական ընկերությունների և այլ կազմակերպությունների անխափան թալանը ապահովելու համար:
Արտակ Նորայր Շահբազյան
Նույնը մեզ մոտ, զանգեցինք ասեցինք՝ եկեք կնիքը հեռացրեք, ջուրը տուն է լցվում, չեկան, ասեցին՝ դուք արեք վերջացրեք, մենք կգանք կտեղադրենք։ Արեցինք, եկան, պարզվեց՝ սխալ ենք հեռացրել, ինչ֊որ կնիք կար, որը պետք է ներսում լիներ, բայց դրսում է եղել, ոչ մասնագետ լինելով՝ դա էլ ենք հեռացրել, որի համար 50 000 դրամ տուգանեցին։ Արդեն մեկ տարի է, բայց չենք վճարելու, քանի որ մեղավորություն չունենք։
Ջուլյա
Փաստորեն, Լուսինե Թարախչյանը միակը չէ։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը բազմիցս տուգանել է քաղաքացիներին ջրաչափերը վնասելու համար։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ 499 դատական գործ կա։ Քաղաքացիները դատարանից պահանջում են ընկերությանը պարտավորեցնել՝ տուգանքի որոշումը չեղյալ համարել, չվճարված աշխատավարձը վճարել, վնասը փոխհատուցել, կազմված արձանագրությունն անվավեր ճանաչել:
Ըստ ընթերցողների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտպանում է ոչ թե բաժանորդների, այլ «Վեոլիա Ջուր» ընկերության շահերը։
«Վեոլիա Ջուր»-ը «Հետքին» հայտնել է, որ ջրաչափերը վնասելու պատճառով ընկերության դեմ ներկայացվել է 74 դատական հայց, այս պահի դրությամբ ընթացքի մեջ է 44 հայց։ «Վեոլիա Ջուրը» հայտնում է նաև, որ բաժանորդի սեփականություն հանդիսացող Առեւտրային հաշվառքի սարքը (ջրաչափ խմբ.) պահպանում է իր կարգավիճակը` մինչեւ դրա փոխարինումը։ Մատակարարն իրավունք ունի փոխարինել բաժանորդի սեփականություն հանդիսացող առեւտրային հաշվառքի սարքն` իր հայեցողությամբ եւ իր հաշվին կամ ներդրումային ծրագրի շրջանակում։ 2017-2024թթ. ընթացքում բաժանորդների մոտ տեղադրվել եւ փոխարինվել է 485 566 ջրաչափ։
«Առեւտրային հաշվառքի սարքը չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված եւ կապարակնքված խմելու ջրի քանակի հաշվառքի սարք է, որի խախտումը չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված առեւտրային հաշվառքի սարքի առանձին մասի խափանումը կամ վնասումը, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ առեւտրային հաշվառքի սարքի բնականոն աշխատանքի որեւէ այլ խաթարումն է` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա: Ելնելով վերոգրյալից՝ հայտնում եմ, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն առաջնորդվում է անկախ չափագիտական մարմնի՝ «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից հաստատված Խմելու ջրի առեւտրային հաշվառքի սարքի ջրաչափի/ փորձագիտական հետազոտության արդյունքների վերաբերյալ եզրակացությամբ»,-նշված է ընկերության պատասխանում։
Փաստացի, «Վեոլիա Ջուրն» առաջնորդվում է «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի» եզրակացությամբ։ Իսկ փորձագիտական մարմինը եզրակացությունը տալիս է այդ պահին ջրաչափի վիճակի հիման վրա և չի իմանում, թե արտաքին վնասումն ով է կատարել՝ բնակի՞չը, թե «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցը։
Չնայած «Հետքի» նախորդ հրապարակման հերոսը՝ Լուսինե Թարախչյանը, «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի աշխատակիցներին ասել էր, որ ջրաչափը փոխարինման պահին կոտրել են «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները և ամիսներ առաջ հենց ինքն էր ահազանգել և խնդրել ջրաչափը փոխել, քանի որ նկատել էր՝ ջրաչափի գլխիկը վնասված է։ Այնուամենայնիվ, փորձագիտական կենտրոնը բնակչի պատմածը հիմք չէր ընդունել և եզրակացությունը կայացրել էր այդ պահին ջրաչափի վնասվածքի հիման վրա՝ նշելով, որ այն առաջացել է արտաքին միջամտության արդյունքում։ Ընթերցողների մեկնաբանություններից պարզ է դառնում, որ փորձագիտական կենտրոնը գրեթե միշտ նույն եզրակացությունն է տալիս՝ ի օգուտ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ֊ի։ Թե ով և ինչպես է վնասում ջրաչափը, փորձագիտական մարմնին չի հետաքրքրում։
«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ տեղեկանալու, թե ինչ վերահսկողական մեխանիզմներ է կիրառում հանձնաժողովը, և արդյոք «Վեոլիա Ջուր» ընկերության սահհանած տուգանքների վերաբերյալ անհամաձայնություն ունենալու դեպքում բաժանորդները կարող են դիմել Հանձնաժողով։
Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2024 թվականի ընթացքում ջրամատակարարման ոլորտի վերաբերյալ Հանձնաժողովը ստացել է 659 դիմում-բողոք, որոնցից բավարարվել է 192-ը, մասնակի բավարարվել է 117-ը, տրվել է պարզաբանում 336-ին, վերահասցեագրվել է 8 դիմում, 6 դիմումի վերաբերյալ տրվել է տեղեկատվություն։
«Հանձնաժողովն ինքնավար պետական մարմին է, որը կարգավորումն իրականացնում է օրենքներով սահմանված իր իրավասությունների շրջանակում։ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքին համապատասխան՝ անձի և կազմակերպության հարաբերությունները Հանձնաժողովի՝ կարգավորող մարմնի իրավասության և վերահսկման դաշտում գտնվում են որպես սպառող կարգավորվող անձ (մատակարար) իրավահարաբերությունների մասով, ընդ որում, իր սահմանած իրավակարգավորումների տիրույթում (որքանով առնչվում են օրենքի հիման վրա ընդունված Հանձնաժողովի իրավական ակտերով ամրագրված կարգավորումներին և միաժամանակ գտնվում են Հանձնաժողովի՝ օրենքով ամրագրված իրավասությունների տիրույթում)։ Մասնավորապես, Հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով (այսուհետ՝ Կանոններ) կարգավորվում են մատակարարի կողմից ծառայությունների մատուցման, ինչպես նաև նոր միացման հետ կապված մատակարարի և դիմող անձի, մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները»,- նշված է ՀԾԿՀ պատասխանում։
Այսպիսով, «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ բաժանորդների դժգոհությունները չեն դադարում։ Բաժանորդների պնդմամբ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը դիտավորյալ է իրենց դեմ որոշումներ կայացնում և տուգանքներ սահմանում՝ առանց պատշաճ հետազոտության։ Քաղաքացիները իրենց դժգոհությունները հանրայնացնում են սոցցանցերում, ահազանգում լրատվամիջոցներին, ոմանք նաև փորձում են խնդիրները լուծել դատական կարգով։ «Վեոլիա Ջուր»-ն էլ իր հերթին հղում է կատարում անկախ փորձագիտական կենտրոնի եզրակացություններին, բայց քաղաքացիները պնդում են, որ այդ եզրակացություններով հնարավոր չէ ապացուցել, թե ով է իրական մեղավորը։
Թեև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական վիճակագրությամբ որոշ բողոքներ բավարարվում են կամ պարզաբանում են ստանում, քաղաքացիների պատմություններն ու բողոքների ծավալը վկայում են, որ վերահսկողական մեխանիզմները թույլ են, իսկ կայացված որոշումները՝ մեծամասամբ ի վնաս բաժանորդի։
Նկարում՝ «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը
Մեկնաբանել