HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ դուրս եկան 109 կգ քաշային տղամարդիկ, որտեղ չեմպիոնության համար պայքարն ընթացավ Հայաստանի երկու ներկայացուցիչների` Գարիկ Կարապետյանի և Սիմոն Մարտիրոսյանի միջև։ Չեմպիոնի կոչմանը երկրորդ անգամ արժանացավ Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 411 կգ արդյունքով։ Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ երկամարտի 406 կգ արդյունքով այս տարի արծաթե մեդալի արժանացավ։

Պոկում վարժությունում առաջինը պայքարի մեջ մտավ Սիմոն Մարտիրոսյանը։ 176 կգ քաշը մրցավարները մոտեցումը վերանայելուց հետո չարձանագրեցին։ Երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանը փորձեց 181 կգ բարձրացնել, սակայն ձախողեց։ Այս քաշը մեր ծանրորդը երրորդ մոտեցմամբ պոկեց՝ վաստակելով վարժության փոքր արծաթե մեդալը։

Գարիկ Կարապետյանը առաջին մոտեցմամբ 180 կգ կշռող ծանրաձողը բարձրացնել չկարողացավ, սակայն հաջորդ երկու մոտեցումները շատ վստահ կատարեց՝ 180, ապա 185 կգ պահելով գլխավերևում։ Փոքր ոսկե մեդալը Կարապետյանը նվաճեց։

Հրում վարժությունը մեր ծանրորդները հաջող սկսեցին։ Գարիկ Կարապետյանը հրեց 212 կգ, Սիմոն Մարտիրոսյանը՝ 213: Կարապետյանի երկրորդ մոտեցումը ևս հաջող էր՝ 220 կգ։ Մարտիրոսյանը 225 կգ երկրորդ փորձից հրեց։ Վերջին մոտեցմամբ էլ Կարապետյանը 226 կգ հրեց ու դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Հիշեցնենք՝ Գարիկ Կարապետյանը 2023 թվականի Եվրոպայի առաջնությանը 102 կգ քաշային կարգում չեմպոն էր դարձել, իսկ նախորդ տարի՝ բրոնզե մեդալակիր։

Սիմոն Մարտիրոսյանը 2023-2024 թվականներին հանդես էր գալիս գերծանր քաշային կարգում, 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո հայ ծանրորդը բաց թողեց Օլիմպիական խաղերն ու աշխարհի առաջնությունը, այս տարի վերադարձավ հարազատ քաշային կարգ։ 2018-2019 թվականներին Մարտիրոսյանը հավասարը չուներ 109 կգ քաշային կարգում, նրան էին պատկանում Եվրոպայի ու աշխարհի ռեկորդները։ Երկամարտի 435 կգ համաշխարհային ռեկորդը դեռ Մարտիրոսյանինն է, Եվրոպայի ռեկորդները ևս գերազանցված չեն։

Այսօր ավելի վաղ 102 քաշային կարգում մրցահարթակն էին դուրս եկել 102 կգ քաշային տղամարդիկ, որտեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը։ Այս քաշային կարգում, սակայն, մեդալ չունեցանք. Աղանյանը 4-րդն էր, Պետրոսյանը՝ 5-րդը։

Քիչ հետո՝ 21:00-ին, 87 կգ կանանց պայքարում մեդալների համար կպայքարեն Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter