HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Դավիթ Հովհաննիսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամատրի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան 96 կգ քաշային տղամարդիկ։ Բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը։ Հայ ծանրորդը երկամարտում 376 կգ արդյունք գրանցեց։

Պոկում վարժությունում Հովհաննիսյանը անթերի կատարեց բոլոր երեք մոտեցումները։ Առաջին մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրեց 165 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ՝ 170 կգ, ապա գլխավերևում պահեց նաև 173 կգ՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ ու մեկ կիլոգրամ զիջելով վարժության արծաթը նվաճած վրացի Ռևազ Դավիթաձեին։

Հրում վարժությունը մեր ծանրորդը սկսեց 203 կիլոգրամից, որը մրցավարները բողոքարկումից հետո միայն հաշվեցին։ 207 կգ կշռող ծանրաձողը Հովհաննիսյանը երկու անգամ հրել չկարողացավ։ Այս վարժության փոքր բրոնզը ևս նրանն էր։

89 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Կառլոս Նասարը այս տարի հանդես էր գալիս 96 կգ տղամարդկանց պայքարում։ Այստեղ ևս երիտասարդ բուլղարացի ծանրորդը ուժեղագույնն էր։ Պոկում վարժությունում Նասարը մեկը մյուսի հետևից բարձրացրեց 174, 180 և 188 կիլոգրամանոց ծանրաձողերը՝ վերջին մոտեցմամբ պոկում վարժության աշխարհի նոր ռեկորդ սահմանելով։ 

Հրում վարժության բոլոր մոտեցումները ևս Նասարը անթերի կատարեց՝ հրելով 210, 220, 229 կգ կշռող ծանրաձողերը։ Այս արդյունքներով բուլղարացին թարմացրեց երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի ռեկորդները հրում վարժությունում և երկամարտում, համաշխարհային ռեկորդ սահմանեց երկամարտի 417 կիլոգրամով։ 

2022 և 2023 թվականներին Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել, իսկ նախորդ տարի նվաճել էր արծաթե մեդալ՝ զիջելով այս քաշային կարգում մեր մյուս ներկայացացուցչին՝ Հակոբ Մկրտրչյանին։ Մկրտչյանը այս առաջնությանը չէր մասնակցում։

Վաղը մրցումային ամենաակտիվ օրն է մեր հավաքականի համար, մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 6 ներկայացուցիչ երեք քաշային կարգում։

102 կգ տղամարդկանց պայքարում հանդես կգան Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը, ապա պայքարի մեջ կմտնեն 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը։ Մրցումային օրը կավարտվի 87 կգ կանանց պայքարով, որտեղ մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter