HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանը՝ Մազմանյանի հուշերում․ ճարտարապետի օրագիրը

Թիֆլիսի մշակութային եռուզեռում, երբ կայսրության փլուզման ու հեղափոխության ալիքները դեռ նոր էին հասնում Անդրկովկաս, մի պատանի նկարիչ համարձակվեց կատականկարել հայ գրականության հսկային:

1917 թվականին «Հայ արվեստագետների միության» առաջին ցուցահանդեսի հանդիսավոր բացումը եռում էր քաղաքի մտավորականությամբ: Նորաբաց միությունը, որի հիմքերը դրվել էին ընդամենը մեկ տարի առաջ, հավաքել էր գեղարվեստական Թիֆլիսի ծաղկաբույլը: Ապագա ճարտարապետ, տասնութամյա  Միքայել Մազմանյանը նկարում էր, հատկապես սիրում էր կատականկարել իր ժամանակի հայտնի մարդկանց։ Ցուցահանդեսին ներկայացրել է դրանցից մի քանիսը, որոնց հերոսներից շատերն անձամբ ներկա են եղել միջոցառմանը։ Հատկապես հիշարժան է դարձել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ հանդիպումը։

«Հենց վերնիսաժում բռնեց ինձ ու տարավ նկարների մոտ։

-Ա՜յ տղա, ես էդքան բարա՞կ եմ։

Ու ներողամիտ ժպտալով՝ բռնեց ձեռքս»,- այսպես է Մազմանյանն իր  հուշերում նկարագրում հանդիպումը։

«Թումանյանը մեր աշակերտական մտքերում տպավորվել էր ինչպես հայկական հեքիաթները, էպոսը, առակները, լեգենդները-հայ ժողովուրդը լիներ կարծես: Թումանյանին մի քանի կիլոմետրի վրա կարելի էր նշմարել բազմության մեջ: Թումանյանի դիմագծերը, ժպիտը և առհասարակ մաքուր արտաքինը ինչ որ ուժով դեպի իրեն էր քաշում: Ես չեմ հանդիպել որևէ մեկին, որ ունենար այդպիսի հմայք: Բարձրահասակ, ճերմակահեր, փոքրիկ գլխով: Մեքենայով հավասար խուզած գլուխը մշտապես փոքր ինչ ծռած դեպի առաջ, ասես որոնելիս լիներ այն ամենը, ինչ լավ է կյանքում: Վայելուչ շարժ ու ձև, հանդիսավոր, հասարակ, բնական, աչքերում հուրհրացող ջերմ կրակ ու ոգեշնչված հայացք: Հագնում էր ողջ ճերմակ:Մոգական մի ուժ ուներ: Թումանյանի դեմքը ճերմակ էր, գունատ, երբեմն այտերը թեթև կարմրում էին ներքուստ արևով լուսավորված, անընդհատ ճառագում էր շուրջը: Ժպի՜տը... զարմանալի հմայքով շաղ էր տալիս աշխարհի վրա որպես օրհնություն»,-այսպես էր նկարագրում Թումանյանին Մազմանյանը իր օրագրում։

1921 թվականի հուլիսի 13-ին՝  «Հայ արվեստագետների միության» չորրորդ ցուցահանդեսին, երիտասարդ նկարիչն արդեն հանդես էր գալիս որպես արվեստի տեսաբան: Այս անգամ Թումանյանը նախագահում էր հանդիպումը, որտեղ Մազմանյանը ներկայացնում էր իր համարձակ տեսությունները ազգային արվեստի մասին:

Մազմանյանի և Թումանյանի վերջին հանդիպումը կայացավ արդեն վերջինիս մահից հետո՝ 1923թ.-ին՝ Մոսկվայում․ 1921 թվականից Մազմանյանը սովորում էր Մոսկվայի գեղարվեստի առաջատար ուսումնական հաստատությունում՝ Վխուտեմասում։

«1923 թվի մարտի 24-ին առավոտյան վաղ ինձ մոտ եկավ Արեգը՝ Թումանյանի կրտսեր որդին ու հայտնեց թե՝ հայրիկը մահացավ, գնանք հիվանդանոց, նկարի»,- գրում է Մազմանյանն իր հուշերում: «Առա թուղթ ու մատիտ, գնացինք մորգ: Ահա Թումանյանը, պառկած է ճերմակ սավանի տակ: Երևի այդպես է պառկած եղել Հայկ նահապետը մահճում: Երկարել է կարծես ավելի: Մի աչքը՝ բաց, կարծես թե չի ուզում բաժանվել իր սիրած կյանքից ու գոհ կլիներ գոնե մեկ աչքով նայեր նրան»:

«Ցուրտ էր: Մատիտը հազիվ էի բռնում ձեռքիս, սակայն նկարեցի: Արցունքները հոսում էին աչքերիցս իրենք իրենց», - պատմում է Մազմանյանը:

Մահվան հետ դեմ առ դեմ կանգնած՝ նրա մտքում վերակենդանանում էին Թումանյանի անմահ հերոսները: «Լուսավորչի կանթեղը», «Անուշը», «Գիքորը», «Լոռեցի Սաքոն», անցնում են մտքովս լուսե տողերը, սիրելի դեմքերը և իմ մանկությունը: Ականջիս հնչում է Գիքորի զիլ ձայնը՝ «էստի համեցեք», Սաքոն ասես Լոռվա ժայռերից պոկված հսկա մի բեկոր գլորվում է անդնդախոր ձորը, Անուշն է նայում թախծալի ու վշտոտ։

Այս ժխորը հանդարտվում է էպիկական մի ներդաշնակությամբ ու կանգ առնում մի եզրակացության ահա. մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ»:

Պրակտիկ և տեսաբան ճարտարապետ Միքայել Մազմանյանը համարվում է 20-րդ դարի Հայկական ճարտարապետության նորարարական դպրոցի  հիմնադիրներից։ Կյանքը լի է բուռն վերելքներով և ծանր վայրէջքներով։ Քսանականների ստեղծագործ, առաջադիմական հաջողությունների շրջանից մինչև երեսունականների բռնաճնշում և աքսոր դեպի բևեռային քաղաք՝ Նորիլսկ, աքսորից հետո էլ՝ վերադարձ ստեղծագործական բուռն աշխատանքի։

Միքայել Մազմանյան

Մազմանյանը, ինչպես իր  գծանկարներում, այնպես էլ տեքստերում նկարագրում է իր ժամանակակիցներին ու դեպքերն այնքան իրական ու կենդանի, որ ընթերցողին տալիս է ներկայության զգացողություն։

Առաջիկայում «Հետք»-ը կներկայացնի Միքայել Մազմանյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող կարճամետրաժ վավերագրական ֆիլմ։

                                                    Լուսանկարները՝ Լիլիթ Տեր-Մինասյանի արխիվից։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter