
Աննա Ամրոյանը` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
Մոլդովայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ապրիլի 18-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք: Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճեց բրոնզե մեդալ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է: Այս մասին հաղորդում են Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայից։
«Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը (անձնական մարզիչ` Աշոտ Փիլոսյան) պոկեց 95 կգ: Հրում վարժությունում Խաչատրյանը հաջորդաբար բարձրացրեց 121 կգ, 128 կգ, 131 կգ: Այս ձևում Միլենա Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 226 կգ արդյունքով` Միլենան 6-րդն է»,- ասված է հաղորդագրությունում:
Սա մեր հավաքականի 4-րդ արծաթե մեդալն էր ընթացիկ առաջնությունում։ 55 կգ քաշային կանանց պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն էր հռչակվել 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը, 73 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճել էր Գոռ Սահակյանը, ևս մեկը՝ Ռաֆիկ Հարությունյանը՝ 81 կգ քաշային կարգում։
Գառնիկ Չոլակյանն էլ 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել։
Այսօր ավելի վաղ 89 կգ տղամարդկանց պայքարում Մնացական Աբրահամյանը ձախողել էր բոլոր մոտեցումները։
Վաղը նույնպես Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կունենա երեք ներկայացուցիչ: Կանանց 81 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանը և Մարգարիտա Առաքելյանը, իսկ տղամարդկանց 96 կգ քաշային կարգում մեդալի համար կպայքարի Եվրոպայի գործող փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը։
Լուսանկարը՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքէջից
Մեկնաբանել