
«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ լրատվականից։
«Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը:
Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և կարևորել Պարենի համաշխարհային ծրագրի դերը մարզերի հանրակրթական դպրոցներում դպրոցական սննդի ծրագրի ներդրման և արդյունավետ իրականացման գործում։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել մայրաքաղաք Երևանի դպրոցները ևս «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու հարցին։ Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև ՊՀԾ համագործակցությամբ Երևանի որոշ դպրոցներում նախատեսվող փորձնական նոր ծրագրի մեկնարկին առնչվող կազմակերպական հարցեր։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Երևանի դպրոցներում «Դպրոցական սնունդ» փորձնական ծրագրի մեկնարկը։ Նրա խոսքով՝ գործընթացը բավական մարտահրավերային է, սակայն, ՀՀ կառավարության և գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցության փորձառությունը վստահություն է ներշնչում, որ ծրագրի այս փուլի իրականացումը նույնպես հաջող ընթացք կունենա:
Պատվիրակության ներկայացուցիչները ընդգծել են, որ ՀՀ մարզերում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման Հայաստանի օրինակը հաջողված է և ընդօրինակելի այլ երկրների համար։
«Դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետության համատեքստում կարևորվել է նաև սննդի կազմակերպման համար բավարար պայմանների առկայությունը։ Անդրադառնալով ենթակառուցվածքներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ՀՀ կառավարության՝ 300 դպրոցների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրում ընդգրկված բոլոր հաստատություններն ապահովված են ժամանակակից պայմաններով, այդ թվում նաև տեխնիկապես հագեցված խոհանոցային հատվածով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի ընթացքին վերաբերող այլ հարցեր, որոնք վերաբերել են տեղական առողջ սննդի, այդ թվում նաև գյուղական դպրոցներում ագրոկրթության շրջանակում ստեղծվող բնամթերքների օգտագործման խրախուսմանը:
Մեկնաբանել