HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխըմբռնման հուշագիր՝ համայնքահեն բնապահպանական նախաձեռնությունների խթանման համար

Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով նպաստել համայնքներում կենսաբազմազանության պահպանմանն ու դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։ Այս մասին հաղորդում են նախարարության լրատվական ծառայությունից։

Հուշագիրը ստորագրել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։

Հուշագրի հիմնական նպատակն է ձևավորել համագործակցության գործառնական հիմք՝ բնապահպանական այնպիսի նախաձեռնությունների իրականացման համար, որոնք ուղղված են

✅ Կենսաբազմազանության պահպանմանը՝ էկոհամակարգերի խթանման և հողօգտագործման կայուն պրակտիկայի միջոցով,

✅ Ջրօգտագործման կառավարմանը՝ հավասար հասանելիության, ռեսուրսների պահպանման և ջրով ապահովման կայուն ռազմավարությունների իրականացման միջոցով,

✅ Ագրոանտառային պիլոտային ծրագրերի ներդրմանը՝ գյուղատնտեսության արտադրողականության և էկոհամակարգերի առողջության բարձրացման նպատակով,

✅ Կլիմայի փոփոխության ազդեցություններին համայնքների հարմարվողականության և մեղմման ուղղությամբ ծրագրերի նախագծմանն ու իրագործմանը,

✅ Բնահեն լուծումների ոլորտում միջազգային փորձի տեղայնացմանը, ՇՄՆ աշխատակիցների վերապատրաստմանն ու ցուցադրական նախագծերի իրականացմանը։

Ստորագրված հուշագրով կողմերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ ապագայում ձևակերպել կոնկրետ գործողությունների ծրագրեր՝ ըստ առկա ռեսուրսների և համատեղ մշակվող առանձին համաձայնագրերի։

«Մենք խորապես կարևորում ենք այս հուշագիրը որպես ոչ միայն համագործակցության փաստաթուղթ, այլ նաև ընդհանուր պատասխանատվության և ապագային միտված բնապահպանական գործընկերության խորհրդանիշ։ Համայնքներում դիմակայունության ամրապնդումը պետք է դառնա մեր բնապահպանական քաղաքականության առանցքը, և մենք ուրախ ենք, որ այդ ճանապարհին ունենք հուսալի և փորձառու գործընկեր»,-նշել է նախարարի տեղակալը։

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն՝ որպես աշխարհի խոշորագույն մարդասիրական կազմակերպություն, տեսնում է կլիմայական կայունությունն ու բնության պաշտպանությունը որպես պարենային անվտանգության, աղետների կանխարգելման և համայնքների զարգացման անբաժանելի մաս։

Հուշագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսում է պարբերական խորհրդակցություններ՝ իրականացվող ծրագրերի ընթացքի մշտադիտարկման, արդյունքների վերլուծության և ռազմավարության ճշգրտման նպատակով։

Արարողության ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter