HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը հասանելի կլինի Հայաստանի բոլոր մարզերում

«Արհեստական բանականության սերունդ» դպրոցական ծրագիրն ընդլայնում է աշխարհագրությունը։ 2025-2026 թվականին խորացված հանրահաշիվ, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն կուսումնասիրեն Հայաստանի բոլոր մարզերում։ Նոր ուսումնական տարվա համար ընտրվել է 19 քաղաքի 23 ավագ դպրոց։

«ԱԲ սերունդ» նախագիծը մշակել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (Fast), ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։ Երկու տարի առաջ ծրագիրը փորձնական ներդրվել է հանրապետության 16 դպրոցում: Հիմա այն շարունակվում է դրանցից 15-ում․ ծրագրին միացած 2 մասնավոր դպրոցներից մեկը՝ ՄԱՍԷ Էօրնեկեան հանրակրթական դպրոցը, որոշել է դադարեցնել մասնակցությունը։

Այս պահին ծրագրի 10-րդ և 11-րդ դասարաններում սովորում է 404 աշակերտ, սակայն մեկնարկից ի վեր ներգրավված է եղել 605-ը։ Ծրագիրը չշարունակած աշակերտների մեծ մասը՝ 62%-ը, կրթությունը չի շարունակել տարեվերջյան քննությունների արդյունքներով անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառով։ 28%-ը որոշել է չշարունակել ծրագիրն ԱԲ-ով մասնագիտացման վերաբերյալ պատկերացումների չհամընկման, մասնագիտական ցանկությունների վերագնահատման, դպրոցի փոփոխության կամ երկիրը լքելու պատճառներից որևէ մեկով։ Ծրագիրը չշարունակող աշակերտների 10%-ի դեպքում պատճառը ՄԱՍԷ Էօրնեկեան հանրակրթական դպրոցի կողմից ծրագրում մասնակցությունը դադարեցնելն է եղել։

Ներգրավված դպրոցների ու աշակերտների թվով առաջատարը Կոտայքի մարզն է։ Այստեղ Հրազդանի՝ երկու, Եղվարդի ու Չարենցավանի մեկական դպրոցներում արհեստական բանականություն է ուսումնասիրում 106 աշակերտ։ Հաջորդը Լոռու մարզն է, որտեղ Վանաձորի երեք դպրոցներում ծրագրին միացել է 90 աշակերտ։ 88 աշակերտ էլ ծրագրին մասնակցում է մայրաքաղաքի երկու դպրոցից։

ԱԲ սերունդ (1).jpg (193 KB)

2023-2024 ուստարում աշակերտները հիմնականում զարգացրել են արհեստական բանականության համար առանցքային մաթեմատիկական, թվային գրագիտության և Python-ի գիտելիքներ՝ նախապատրաստելով նրանց մեքենայական ուսուցման, իսկ հետագայում արդեն խորը ուսուցման ուսումնասիրմանը։ Դասերի արդյունքում աշակերտներն ավելի քան 80 նախագիծ են իրականացրել։

Բացի դպրոցների ուսուցիչներից, «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ներգրավված են նաև ոլորտի մասնագետներ, որոնք հիմնականում արհեստական բանականության հիմունքներ և Python ծրագրավորման լեզու են դասավանդում։

FAST հիմնադրամի փոխանցմամբ՝ այս պահին ծրագրում կա 37 ուսուցիչ և 24 ոլորտային մասնագետ (6 Python-ի, 13 ԱԲ-ի մասնագետ և 5 մասնագետի օգնական)։ Մասնագետները դասավանդում են հիբրիդային ձևաչափով։

Թե՛ ուսուցիչները, թե՛ հրավիրված դասավանդողները պարբերաբար անցնում են մասնագիտական ու մանկավարժական վերապատրաստումներ։ Թվային գրագիտության և համակարգչային գիտության վերապատրաստված ուսուցիչների 60%-ը բարձրացրել է որակավորումը և արդեն Python ծրագրավորման լեզու է դասավանդում աշակերտական նոր ​​խմբերին։

Նախորդ տարիներին ծրագիրը փորձարկող 15 դպրոցներից 11-ում «ԱԲ սերունդ»-ը կշարունակվի։ Եվս 12 դպրոց կմիանա ծրագրին՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը։ 2026-2027 ուսումնական տարում նախատեսվում է ավելացնել ևս 18 դպրոց, որոնք արդեն ընտրված են։

Հաջորդ ուստարվա համար ընտրված դպրոցները՝ քարտեզում․

Հիմնադրամի փոխանցմամբ՝ նոր ուստարում նախատեսվում է ընդգրկել 500-700 աշակերտ։ Ընդունելությունը կատարվելու է գիտելիքի ստուգման և արհեստական բանականության ուղղվածությամբ ուսումը շարունակելու աշակերտի մոտիվացիայի գնահատման հիմքով։

Կարևոր է պարզել, թե որքանով է աշակերտը ցանկանում սովորել արհեստական բանականության ուղղվածությամբ։ Սա կօգնի բացառել այն դեպքերը, երբ աշակերտը հոսքը ընտրում է ոչ թե իր նախասիրություններով, այլ ծնողների պնդմամբ կամ ընկերների հետ լինելու ցանկությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter