
Կառավարությունը սահմանել է բուհերում անվճար տեղերը
Կառավարությունը ներկայացրել է 2025-2026 ուսումնական տարվա բակալավրիատում նախատեսվող անվճար տեղերը։ Ըստ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով։ Այդ սկզբունքով անվճար տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթական ծրագրերին և այլ մասնագիտությունների:
Ընդհանուր առմամբ, 2025-2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3118 տեղ, որից 2108-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Նախորդ՝ 2024-2025 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2096 տեղերից 1264-ը կամ ընդհանուր տեղերի թվի 61%-ը, իսկ 2025-2026 ուստարվա համար՝ 2108 տեղերից 1273-ը՝ կամ ընդհանուր տեղերի թվի շուրջ 61%-ը, հատկացվել է բնագիտամաթեմատիկական ոլորտին:
Կառավարության վերոնշյալ ծրագրով նախատեսվում է ազգային փոքրամասնություններին ամեն տարի հատկացնել առկա ուսուցման մինչև 7 անվճար տեղ։ 2025-2026 ուստարում ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչները զբաղեցրել են իրենց 7 անվճար տեղը:
Ինչպես նախորդ՝ 2024-2025 ուստարվա, այնպես էլ 2025-2026 ուստարվա համար Երևանի պետական համալսարանի կրթական ծրագրերին հատկացվելու են հետեւյալ տեղերը՝ «Ֆիզիկա»՝ 47, «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն»՝ 15 և «Ռադիոֆիզիկա»՝ 47 անվճար տեղ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտությունների ցանկում ներառված՝ «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ» և «Ավիատիեզերական ճարտարագիտություն» կրթական ծրագրերին, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի` «Տեղեկատվական անվտանգություն», «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտություններին հատկացվել է 31 անվճար տեղ:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Քիմիա» կրթական ծրագրերի անվճար տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» և «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերին 12-ական տեղ: Համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտությունը համալրվել է նոր կրթական ծրագրով՝ «Արհեստ-արվեստ» 1 անվճար տեղով: «Oպերատորություն» և «Ռեժիսուրա» մասնագիտություններին տրամադրվել է 1-ական, «Հատուկ մանկավարժություն» մասնագիտության նոր՝ «Հատուկ մանկավարժություն» կրթական ծրագրին՝ 2, իսկ «Էրգոթերապիա» կրթական ծրագրին՝ 1 անվճար տեղ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2025-2026 ուստարվա համար հատկացվել է 118 տեղ, գյուղատնտեսական մասնագիտություններին՝ «Ագրոէկոնոմիկա» ու «Ագրոբիզնես» մասնագիտություններին՝ 3-ական տեղ, «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությանը՝ 22 տեղ, «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրերին՝ ընդհանուր 21 տեղ:
Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային այս տարի կհատկացվի 506 տեղ՝ նախորդ տարվա 598-ի փոխարեն:
Պաշտպանության նախարարության 2024-2025 ուստարվա «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար նախատեսված էր 160, իսկ այս տարի՝ 273 տեղ:
2025-2026 ուսումնական տարվա համար ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանավարտների համար՝ 7 տեղ:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացվել է 20 տեղ։
2025-2026 ուստարվա համար, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել են նպատակային ուսուցման համար անվճար տեղեր, մասնավորապես՝ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան՝ 6, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ 10, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ 2 տեղ, Մ. Հերացու անվան պետական համալսարան՝ 47 տեղ։ Վերջինիս մասով 2025-2026 ուստարվա համար Առողջապահության նախարարությանը այս տարի տրամադրվել է Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի դիմորդների համար 5-ական և Կոտայքի մարզի դիմորդներին` 1 տեղ։
Նպատակային ուսուցումը պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցումն է։
Հաշվի առնելով նաև 2024-2025 ընդունելության մրցույթի արդյունքները՝ հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2025-2026 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 10 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը: Դրանք կբաշխվեն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների՝ նկատի ունենալով նաև բուհերի հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:
2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններով ընդունելություն գրեթե չի կազմակերպվի։ Մասնագիտությունների ցանկում բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններով պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ տեղեր չեն հատկացվել կամ հատկացվել է 1-2 տեղ:
Ընդունելության առարկաների այս տարվա փոփոխությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը/primeminister.am
Մեկնաբանել