
Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի փոխչեմպիոն է
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային կարգում փոխչեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Հարությունյանը։ Հայ ծանրորդը երկամարտում 343 կգ արդյունք գրանցեց։
Պոկում վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը անթերի կատարեց բոլոր երեք մոտեցումները։ Առաջին մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրեց 150 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ՝ 155 կգ, ավարտեց 158 կգ արդյունքով ու նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ ընդամենը մեկ կիլոգրամ զիջելով վարժության առաջատար Օսկար Ռեյես Մարտինեսին։
Հրում վարժությունը մեր ծանրորդը հաջող սկսեց՝ գլխավերևում պահելով 185 կիլոգրամանոց ծանրաձողը։ Երկրորդ և երրորդ մոտեցումները, սակայն, Հարությունյանը ձախողեց՝ չկարողանալով հրել 192 կիլոգրամը։ Հրում վարժությունը Ռաֆիկ Հարությունյանը 4-րդ հորիզոնականում ավարտեց։
Երկամարտի 343 կգ արդյունքով Հարությունյանը Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ։ Ոսկե մեդալը նվաճեց Իտալիայի ներկայացուցիչ Օսկար Ռեյես Մարտինեսը։
Հարությունյանը 2022-ին Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել, իսկ նախորդ երկու տարիներին դարձել էր բրոնզե մեդալակիր։
Սա մեր հավաքականի 4-րդ մեդալն էր ընթացիկ առաջնությունում։ 55 կգ քաշային կանանց պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն էր հռչակվել 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել, ևս մեկ արծաթե մեդալ էլ 73 կգ քաշային կարգում նվաճել էր Գոռ Սահակյանը։
Վաղը՝ ապրիլի 18-ին, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կունենա երեք ներկայացուցիչ: Տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Մնացական Աբրահամյանը, իսկ կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Աննա Ամրոյանը և Միլենա Խաչատրյանը:
Մեկնաբանել