
«Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ունեն համագործակցության չիրացված ներուժ». եռակողմ հանդիպման հայտարարություն
2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։
«Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։
Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը: Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներ են փոխանակել:
Հանդիպման ավարտին զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը»,- ասված է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։:
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Մեկնաբանել