
«Բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ». ՍԴ որոշումը
Սահմանադրական դատարանը (ՍԴ) Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համապատասխան դրույթները, սակայն Սահմանադրական դատարանի մեկնաբանմամբ: Իսկ թե ինչ մեկնաբանություն է դրանց տվել ՍԴ-ն՝ պարզ կլինի ավելի ուշ: 2025թ. ապրիլի 16-ին հրապարակվել է միան որոշման եզրափակիչ մասը:
ՍԴ-ն, անդրադառնալով օրենքի՝ գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերին, որոշել է, որ այն համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։
Մասնավորապես՝ այդ մեկնաբանությունը վերաբերում է նրան, որ իրավասու մարմինը կարող է ուսումնասիրություն սկսել, եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք: Բացի այդ, ուսումնասիրության հիմք է նաև այն, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:
Օրենքով նախատեսված է՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն դրամը։ Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից՝ անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից։ Գույքի բռնագանձումից հետո անձն իրավունք ունի հետ պահանջելու բարելավումների իրականացման համար իր այն ծախսերը, որոնք կատարվել են օրինական եկամուտների օգտագործմամբ։
Ստացվում է, որ իրավասու մարմինը չի կարող ուսումնասիրություն սկսել ավելի վաղ, քան անձի կողմից պաշտոնի ստանձնումը, հետևաբար այդ ժամանակահատվածում ձեռք բերված գույքը բռնագանձման ենթակա չէ:
ՍԴ-ն որոշել է նաև, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Իսկ համապատասխան հանցանքները թվարկված են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 3-րդ հոդվածում, օրինակ՝ ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, տնտեսական հանցագործությունների մի մասը և այլն:
ՍԴ որոշման այս կետն էլ վերաբերում է նրան, որ իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն, եթե առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է նույն օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով:
Մեկ այլ դեպքում ուսումնասիրության հիմք է, եթե նախաձեռնված քրեական վարույթով անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ մեղադրյալին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:
Ուսումնասիրության հիմքերից մեկն էլ վերաբերում է նրան, որ կարող է այն իրականացվել, եթե առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ համապատասխան անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.
ա. անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից,
բ. անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից,
գ. անձը մահացել է,
դ. անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության համար սահմանված տարիքին:
Այսինքն օրենքի այս դրույթները համապատասխանում են սահմանադրությանը, այն մեկնաբանմամբ, որ բռնագանձման ենթակա գույքը կապ ունենա համապատասխան հանցանքի հետ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա է ՍԴ-ում գործը քննվել: Դիմել են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցրել է 2023թ. հուլիսի 7-ին՝ Գլխավոր դատախազությանն առաջադրելով 21 կետից բաղկացած հարցադրումներ: Վարույթը կասեցվել է մինչև պահանջվող տեղեկությունների և այլ ապացույցների ստացումը:
2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Հիմնավորումն այն էր, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին:
Վենետիկի հանձնաժողովի կարծիքը միանշանակ դրական կամ բացասական համարել հնարավոր չէ: Մասնավորապես նշել են, որ միջազգային և եվրոպական ստանդարտներից բխում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կարող է որպես արդյունավետ գործիք ծառայել պետական կոռուպցիայի դեմ պայքարում և կանխել գույքի ապօրինի ձեռքբերումը: Նշվածը դասվում է հանրային շահին, որով կարող է արդարացվել որոշակի գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի կիրառումը։ Այնուամենայնիվ, վերոնշյալ գործիքը պետք է կիրառվի ողջամտության սահմաններում և ուղեկցվի արդյունավետ ընթացակարգային երաշխիքներով:
Նշենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Մեկնաբանել