
«Ես՝ որպես քաղաքացի, իմացել եմ, որ Հադրութում ադրբեջանցի կա, ինքը՝ որպես հրամանատար, չգիտե՞ր». զոհվածի հոր ցուցմունքը
«Ես՝ որպես քաղաքացի, որպես ծնող, իմացել եմ, որ հոկտեմբերի 8-ին Հադրութում ադրբեջանցի կա, ինքը՝ որպես հրամանատար, չգիտե՞ր, որ ադրբեջանցի կա, որ երեխաներին ուղարկում է այնտեղ»,- դատարանում ասաց զոհված Գարիկ Մովսիսյանի հայրը՝ Էդգար Մովսիսյանը։
Երբ պատերազմը սկսվել է, Գարիկը 2 ամսվա զինծառայող է եղել։ Էդգարի որդին 73 զինծառայողներից մեկն էր, որոնք Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հրամանով 2020թ. հոկտեմբերի 11-ին գնացել են Հադրութ, հայտնվել շրջափակման մեջ և զոհվել։
2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զոհվածների ծնողների խոսքով՝ զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։
Մեղադրյալի աթոռին երկու հրամանատար է՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Էդգար Մովսիսյանը նշում է՝ որդուց լուր չունենալով՝ վաշտի այլ ծնողների հետ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում հանդիպել է զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին և դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։
Գոռ Իշխանյանը ծնողներին հայտնել է, որ այդ ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն է հրամանը տվել, որ զորք ուղարկի «9-րդ կմ», և որ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանն է զորք ուզել։
Ըստ տուժողի՝ հրամանատարների հետ հանդիպումից հետո ծնողներն առանձին հանդիպում են ունեցել Ջալալ Հարությունյանի հետ. «Ջալալն էլ ասել է՝ Գոռ Իշխանյանն է սխալ կոդը հասկացել, ինքն ուրիշ կոդ է տվել»։
Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը հետաքրքրվեց՝ ում նկատի ունի տուժողը՝ ասելով, որ ինքը՝ որպես հրամանատար, չգիտե՞ր, թե Հադրութը գրավված է։
-Եթե Գոռն է, Գոռի, եթե Ջալալն է, Ջալալի, մեկը մյուսի վրա է գցում, ես ոնց կարամ ասեմ Գոռ Իշխանյանը կամ Ջալալն է արել,- պատասխանում է տուժողը։
Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն էլ հարցնում է՝ տուժողը Կարեն Առստամյանի մասին լսե՞լ է, ինչ մասնակցություն է ունեցել Առստամյանը։
-Իմացել եմ, որ եղել է հրամանատար, խոսակցությունը եղել է, որ Կարեն Առստամյանն է զորք ուզել, բայց նենց փաստերով խոսակցություն եղավ, որ Կարեն Առստամյանը ոչ զորք է ուզել, ոչ տեղն է ասել, որ ուղարկեն Հադրութ,- պատասխանում է Էդգար Մովսիսյանը՝ նշելով, որ Կարեն Առստամյանի և Գոռ Իշխանյանի միջև խոսակցությունը եղել է «Արմենիա» հյուրանոցում հանդիպման ժամանակ։
Պաշտպանը շեշտում է՝ գործի տվյալներով՝ «9-րդ կմ»-ում դեպքից մի քանի ժամ առաջ Կարեն Առստամյանը զորք է ուզել ու դիմավորել է, նրանց հանձնարարություն է տվել։
-Եթե Կարեն Առստամյանը զորք է ուզել, դիմավորել է, ցույց է տվել՝ ինչ մարտական գործողություն պետք է անեն, եթե Կարենը մեր երեխեքին ուզեր, չէ՞ր դիմավորի, ո՞նց է՝ մի զորքին դիմավորել է, մյուսին չի դիմավորել, ուրեմն ճանապարհը սխալ է չէ՞ գնացել,- ասում է տուժողը։
-Որպես ծնող էդպիսի ենթադրություն ունե՞ք, որ լավ էլ դիմավորել է, հենց ինքն է ճանապարհ ասել՝ գնացեք էսինչ տեղը մարտական գործողության,- հարցնում է Իշխանյանի պաշտպանը։
-Ոչ։
-Ինչո՞ւ եք բացառում։
-Գոռ Իշխանյանին հանդիպման ժամանակ Կարենն ասել է, որ զորք է ուզել «9-րդ կմ»-ի հետևը, Ջալալն ասել է, որ պիտի դիմավորես ոչ թե «9-րդ կմ»-ի դեմը, այլ հետևը։
-Որտե՞ղ է «9-րդ կմ»-ի հետևը,- հարցնում է պաշտպանը։
-Դեպի Ֆիզուլիի կողմ։
-Տպավորություն է, որ Կարեն Առստամյանի ասածն ընդունում եք, Գոռ Իշխանյանի ասածը չեք ընդունում,- ասում է Իշխանյանի պաշտպանը։
-Ինձ պետք չի Գոռ, Կարեն, Ջալալ, մեկ ուրիշ, ինձ իմ երեխան է պետք, ես իմ երեխու համար եմ հետաքրքրվում, դրանով եմ առաջնորդվում, ով ինչ է ասում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, բոլորն էլ նույնն են,- պատասխանեց զոհվածի հայրը։
Հաջորդը հարցաքննվեց Մելիք Մերելյանի հայրը՝ Սամվել Մերելյանը։
Հայրը մանրամասներ չգիտեր որդու մարտական ուղուց։ Վերջին անգամ որդու հետ զրուցել էր հոկտեմբերի 10-ին, ասել է, որ իրենց տեղափոխել են Հադրութ։
Սամվելը նշում է՝ հետագայում չի կարողացել որդու հետ կապվել, ինքն էլ է դիրքերում եղել։
«Սկսել եմ փնտրել, հետո ԴՆԹ համընկնում է եղել»,- ասում է նա։
-Որևէ մեկից ճշտե՞լ եք՝ ինչ եղավ,- հարցնում է հանրային մեղադրողը։
-Շատ եմ մտածել՝ ինչ եղավ։
-Ստացե՞լ եք հարցի պատասխանը՝ ինչ հանգամանքներում է Ձեր որդին զոհվել։
-Ոչ մեկից ոչ մի տեղեկություն չեմ իմացել։
Դատական նիստի ավարտին դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ տուժողներից 3-ը դիմումներ են ներկայացրել, որ առողջական խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ դատական նիստերին և խնդրել են հիմք ընդունել Քննչական կոմիտեում տված ցուցմունքը։
-Եթե կարևոր են այս ցուցմունքները, պաշտպանական կողմը պետք է հարցաքննելու հնարավորություն ունենալ։ Եթե մեղադրանքի կողմը գտնում է, որ կարևոր չեն, հանգիստ կարող են կանգնել, ասել, որ հրաժարվում են այս ապացույցներից։ Եթե գտնում են, որ կարևոր չէ, թող հրաժարվեն, եթե գտնում են, որ կարևոր է, մենք էլ ենք գտնում, որ կարևոր է,- ասում է Գոռ Իշխանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը հարցաքննությունը տեսակապով ապահովելու միջնորդություն ներկայացրեց։
Դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին տեսակապով հարցաքննել այս տուժողներին։
Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը նիստի ավարտին խնդրեց դատական նիստերը հնարավորինս սեղմ ժամկետում նշանակել, քանի որ վաղեմության ժամկետի խնդիր կա, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատարանը ծանրաբեռնված է, և շատ գործեր է քննում, ամենահարմարը նիստերը երկու շաբաթը մեկ նշանակելն է։
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Էդգար Մովսիսյանը
Մեկնաբանել