HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դարձյալ շրջանառության մեջ է դրվել Արարատի և Գեղարքունիքի մարզերի բուժամբուլատորիաների միավորման նախագիծը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագծեր, որոնցով նախատեսվում է Արարատի և Գեղարքունիքի մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող ամբուլատորիաների միավորում։

Արարատի մարզի ամբուլատորիաների միավորման նախագծում նշված է, որ մարզում գործող 50 ամբուլատորիաներից 36-ը մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ են: 36-ից 16-ում աշխատում է մեկական բժիշկ։ Նրանք համարվում են նաև տնօրեն։ 18-ում 2-ական բժիշկ է աշխատում, որոնցից մեկը համարվում է նաև տնօրեն, և միայն 1 ամբուլատորիայում է աշխատում 3 բժիշկ: 

Նշված է նաև, որ «Զանգակատան», «Ուրցաձորի» առողջության առաջնային պահպանման ՊՈԱԿ-ների և «ՈԿՖ բանավանի» (ոսկու կորզման ֆաբրիկա) առողջության առաջնային պահպանման ՓԲԸ-ի տնօրենների պաշտոնները  թափուր են, հայտարարված մրցույթներին դիմող չլինելու պատճառով դրանք չեն կայանում, ինչը արդյունավետ կառավարման և ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսանկյունից լուրջ խոչընդոտ է։

Նախագծի հեղինակները, հաշվի առնելով, որ Արարատի մարզն առավել խիտ բնակչություն ունեցող մարզ է, ինչպես նաև ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից, առաջարկում են 36 ամբուլատորիան միաձուլման և միացման ձևով վերակազմակերպել՝ դարձնելով 12 ամբուլատորիա: 

«Խոշորացման արդյունքում ավելի շահավետ կդառնա դեղորայքի գնման գործընթացը, լաբորատոր գործիքային հետազոտությունների կազմակերպումը: Նախատեսվում է, որ բնակչությանը սպասարկող բժիշկները կշարունակեն իրենց գործունեությունը նախկին տեղամասերում՝ բուժառուների համար ապահովելով հասանելիությունը»,- նշված է նախագծում:

Նմանատիպ նախագիծ ներկայացվել է նաև Գեղարքունիքի մարզի ամբուլատորիաների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ նախագծի՝ մարզում, մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ, գործում է 30 առողջության առաջնային պահպանման կազմակերպություն, որտեղ աշխատող ընտանեկան բժիշկները, բացառությամբ «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի, նաև տնօրեններ են:

Գեղարքունիքում «ավելի հմուտ և օպտիմալ կառավարման» համար առաջարկում են միաձուլման եղանակով առողջության առաջնային պահպանման կենտրոնները վերակազմակերպել  «փնջերի»: Նախագիծն ընդունվելու դեպքում 30 առողջության առաջնային պահպանման կազմակերպության փոխարեն լինելու է 9 առողջության կենտրոն:

«Միաձուլման արդյունքում ակնկալվում է վարչական անձնակազմի կրճատում, որը կհանգեցնի «փնջի» վարչական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը, ինչպես նաև կառաջանան տնտեսված, միավորված և խնայված ֆինանսական միջոցներ, որն էլ կուղղվի կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը»,- նշված է հիմնավորման մեջ:

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 2000-ականներին, երբ ստեղծվեցին ամբուլատորիաները, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հատուկ էր ընտրվել այն մեխանիզմը, որ ֆինանսական ղեկավարը՝ տնօրենը, լինի ընտանեկան բժիշկը: Մրցութային կարգի մեջ հստակ սահմանված էր, որ տնօրեն կարող է դառնալ ընտանեկան բժիշկը, թերապևտը կամ մանկաբույժը: Օրինակ, եթե մաշկաբանը ցանկանար, չէր կարող տնօրեն դառնալ:

Անուշ Պողոսյանի դիտարկմամբ՝ դա ընդունվել էր այն նպատակով, որ գյուղական ամբուլատորիաներն ունեն առանձնահատկություն: Դրանով նաև մասնագետները մոտիվացվում էին՝ ստեղծելով բժշկական կենտրոնի փոքր մոդել, իսկ մարդիկ ոտքով կարող էին այցելել ընտանեկան բժիշկին, որը, միավորելու դեպքում, հնարավոր չի լինի:

ՀԿ-ի նախագահն ասում է, որ Արարատի և Գեղարքունիքի մարզերի բուժամբուլատորիաների միավորման նախագծերը 2025թ. տարվա սկզբին են դրվել քննարկման: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լսումներ են կազմակերպվել, որի ժամանակ ներկայացվել են բոլոր ռիսկերը, թե ինչի է հանգեցնելու նման նախագծերի ընդունումը:

Անուշ Պողոսյանի դիտարկմամբ՝ հանվել է այն պահանջը, որ տնօրենը պարտադիր պետք է բժիշկ լինի, ինչը նշանակում է, որ հաշվապահը, ուսուցիչը, անցնելով 6-ամսյա վճարովի կուրս, կարող է գալ և ղեկավարել:

«Խնդիր է լինելու, ընտանեկան բժիշկները, ովքեր կապված էին այդ ամբուլատորիաներին և որոնց կապում էր նաև տնօրենի չնչին աշխատավարձը, աշխատանք կփնտրեն այլ հարմար տեղերում: Կոնկրետ շատ ամբուլատորիաներում երևանաբնակներն էին գնում, քանի որ իրենք տնօրեն էին, ընտանեկան բժիշկ էին և խնդիր չէր հասնել, օրինակ՝ Արարատի ամբուլատորիաներ: Այժմ նրանք մոտիվացված չեն լինելու, կգան, երևանյան պոլիկլինիկաներում կաշխատեն, նրանց պահանջը կա»,- ասում է Անուշ Պողոսյանը:

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահը նշեց, որ հաջորդ դժվարությունը լինելու է միասնական կնիքի գոյությունը: Նրա խոսքերով՝ նույնիսկ նշված չէ, թե որտեղ է գտնվելու այդ ամբուլատորիան:

«Ստացվում է՝ հիվանդը մեկ փաստաթուղթ ստորագրելու համար ստիպված է լինելու գնալ ամբուլատորիայի տնօրենի մոտ, որը հայտնի չէ, թե որտեղ է նստելու: Այժմ չկա կարգավորում, որ փաստաթղթաշրջանառությունը օնլայն է, և կնիքի կարիք չկա: Հիմա այդ դժվարությունը կա Վայքում: Ամբուլատորիաները միացրել են Վայքի բժշկական կենտրոնին, մարդիկ կամ բուժող բժիշկը ստիպված են լինում այդ փաստաթղթերը տանել, որ տնօրենը կնքի: Բայց այստեղ իրավական խնդիր էլ կա, տնօրենը կնքում է փաստաթղթեր՝ չտեսնելով հիվանդին, չհասկանալով փաստաթղթի հավաստիությունը և այլն»,- ասում է Անուշ Պողոսյանը, և հավելում, որ մարդկանց արտահոսք է լինելու մասնավոր բժշկական հաստատություններ, ինչն էլ աստիճանաբար կբերի գյուղական ամբուլատորիաների ամբողջական լուծարմանը: Վերջիններս վճարվում են մարդկանց թվով:

ՀԿ նախագահը նաև սահմանապահ գյուղերի դատարկման վտանգ է տեսնում: Եթե աշխատողները կրճատվեն՝ ընտանիքներով գյուղից դուրս են գալու:

Անուշ Պողոսյանը ևս մեկ կարևոր հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում: Ամբուլատորիաների անվանումներից հանում են գյուղերի անունները: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի «Արծվանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորելով Ծովինարի, Վարդենիկի առողջության կենտրոններին՝ ստեղծվելու է «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 5 առողջության կենտրոն» ՊՈԱԿ:

«Կարծում եմ՝ դա էլ է պատմության, ինչ-որ մի տեղ շեղում, որովհետև այդ գյուղերն ունեն անուններ, նշանակություն, այժմ ամբուլատորիաները չեն կրելու այդ անունները»,- հավելում է Ա. Պողոսյանը:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter