HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիա՞, թե կոնսորցիում․ ովքեր են Կասկադ համալիրի կառուցապատողները, և ինչու է զոհաբերվում կանաչ տարածքը

Կասկադ համալիրը վերակառուցող «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հետ կոնսորցիում կազմող ընկերություններից երկուսը բեռնափոխադրող օտարերկրյա ընկերություններ են, երրորդը Հայաստանում գրանցված նոր ընկերություն է։ 

Երևանի քաղաքապետարանը «Հետքին» հայտնել է, որ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի Դիվելոփմենթ», «Ռեալ Ջի», «Կարգո Սըլուշն բրոքերեյջ», «Կարգո Էքսպրես Ջորջիա» ՍՊԸ-ներից կազմված կոնսորցիումը, որի անունից հանդես է գալիս «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությունը: 

«Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարի 15-ի որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կողմից, որի նախագահը նույնպես Տիգրան Ավինյանն է։  

«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին արդեն անդրադարձել ենք։ Հիշեցնենք՝ այն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին։ Դրա իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Վերջինս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երևանի ավագանիում, 2023-ի ավագանու ընտրություններից հետո համագործակցության հուշագիր է ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ 

«Ռեալ Ջի» ՍՊԸ-ն ևս Գրիգոր Տեր-Ղազարյանինն է։ Այն հիմնադրվել է 2025թ․ փետրվարի 4-ին։ 

Մյուս երկուսը բեռնափոխադրում իրականացնող ամերիկյան ընկերություններ են։ Առաջինը՝ «Կարգո Սըլուշն բրոքերեյջ»-ը (Cargo Solution Brokerage ), գրանցված է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆոնտանա քաղաքում։ Այն «Կարգո Սոլուշն էքսպրես» ընկերությունների խմբից է, որի գործադիր տնօրենը Գրիգոր Տեր-Ղազարյանի հնդիկ գործընկերն է՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը (Bobby Kang

«Կարգո Սըլուշն բրոքերեյջ»–ի կայքում նշված պաշտոնական էլեկտրոնային հասցեին նամակ գրեցինք՝ խնդրելով մեկնաբանել իրենց ներկայացվածությունը և հետաքրքրությունը հայաստանյան այս նախագծում, ներդրումների չափը, սպասելիքները նախագծից։ Մեկ շաբաթ առաջ ուղարկված նամակին դեռ չեն պատասխանել։  

Գրիգոր Տեր-Ղազարյանը, հիշեցնենք, մի շարք այլ բիզնեսներում է ներգրավված, հանրության ուշադրությանն արժանացավ Երասխում հիմնադրված, ապա Արարատ գյուղ տեղափոխված ամրանների գործարանի առնչությամբ։ Գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50 % մասնակցություն ունի։ Բաժնետոմսերի մնացած 50%-ը վերը հիշատակված ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։ 

Կասկադը վերակառուցող կոնսորցիումի երկրորդ ընկերությունը «Կարգո Էքսպրես Ջորջիա»-ն (Cargo Express Georgia) է։ Ընկերության կայքում դրա գրանցման վայրը նշված չէ։ Սակայն բաց աղբյուրների համաձայն՝ այն գործում է ԱՄՆ Ջորջիա նահանգում։ Ընկերությունը 2023-ին հիմնադրել է նույն Բոբբի Սինգ Կանգը։ 

Ինչ են կառուցելու որպես հատուցում

Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ արդյոք Կասկադ համալիրի հարակից տարածքը նվիրաբերվելու է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին, թե այլ տիպի (օրինակ՝ աճուրդ, ուղղակի օտարում կամ այլ) գործարք է նախատեսված։

«Բազմաֆունկցիոնալ համալիրի համար նախատեսված տարածքը ընկերությանը չի նվիրաբերվելու, այլ օտարվելու է՝ հատուցելի հիմունքներով»,- հայտնել է քաղաքապետարանը` չմանրամասնելով, թե ինչ է նշանակում՝ հատուցելի հիմունքներով: 

Մինչդեռ, ըստ քաղաքապետի որոշման մեջ ներառված տեխնիկական պահանջների, ներդրողին օտարվող շուրջ 7 հա համայնքային սեփականության հողատարածքում կարող են կառուցվել բազմաֆունկցիոնալ համալիրներ` ըստ էսքիզի: Բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման համար շուրջ 7 հա համայնքային հողերը ներդրողին են օտարվելու ուղղակի վաճառքով` կադաստրային արժեքով և տարաժամկետ վճարման պայմանով, ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, իսկ ներդրողի ցանկության դեպքում Երևան համայնքը նախաձեռնելու է տարածքում առկա մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ գերակա շահ ճանաչելու որոշման ընթացակարգ: 

Այսպիսով, Կասկադ համալիրի անավարտ հատվածը, ըստ նախագծի, 33 953 քմ է զբաղեցնելու, իսկ ներդրողին տրվելիք հատվածը` 168 680 քմ: Ակնհայտ է, որ թվերը չեն համապատասխանում իրար, և ներդրողին տրվելիք տարածքը ոչ թե 7 հա է, այլ՝ մոտ 17: 

 

Կասկադի վերակառուցման դիմաց Երևանի քաղաքապետարանը փաստացի «նվիրելու» է հարակից լանջը, որպեսզի կառուցապատողն այնտեղ իր բիզնես նախագիծ իրականացնի:

Երևանի քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել Կասկադի հարևանությամբ այն տարածքների ծածկագրերը, որոնք տրվելու են կառուցապատողին բիզնես նախագծի համար։  

«Ներկայումս համապատասխան տարածքների սահմանների հստակեցման գործընթաց է տեղի ունենում, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի հայտնել տվյալ տարածքների կադաստրային ծածկագրերը»,- պատասխանել է քաղաքապետարանը։ Սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարի 15-ի որոշմամբ արդեն իսկ քարտեզագրվել և նախագծային լուծումներով տեղորոշվել են այդ տարածքները՝ տալով դրանց «Արվեստի թաղամաս» անվանումը, հստակ պատկերելով նույնիսկ փոսերի խորությունները: Այսքանից հետո ինչո՞ւ են այդ տարածքները նոր հստակեցվում՝ հասկանալի չէ:

 

Ինչպես նշվում է նախագծում, «Նոր Կասկադ»-ի բնակելի հատվածը համատեղելու է շքեղությունը տեղական առանձնահատկությունների հետ. «Ճարտարապետությունը ներառում է լանջով իջնող աստիճանաձև ծաղկապատշգամբների շարք, որտեղից բացվում են Արարատ լեռան և Երևանի երկնակամարի սքանչելի տեսարաններ։ Յուրաքանչյուր ծաղկապատշգամբ ունի մասնավոր բացօթյա տարածքներ, տանիքի այգիներ և հանգստի գոտիներ՝ բնակիչների տրամադրությանը հանձնելով ներքին և արտաքին տարածքների ներդաշնակ համադրություն։ Տեղական քարը, թանկարժեք փայտերը և բարձրորակ մետաղները հատուկ են ընտրված, քանի որ համահունչ են Երևանի բնական լանդշաֆտի եւ ճարտարապետական ժառանգության գեղագիտությանը։

Տարածքում նախատեսված է նաև «Բուտիկ» հյուրանոց: Համաձայն նախագծի` ծաղկապատշգամբներով, արվեստով ոգեշնչված ներքին հարդարմամբ եւ շքեղ հարմարություններով հյուրանոցը կծառայի որպես ուղղություն մշակութային զբոսաշրջության համար՝ ամբողջությամբ համապատասխանելով թաղամասի արտիստիկ բնույթին։ Նախագծված լինելով շրջակա ճարտարապետությանը ներդաշնակ՝ այն կառաջարկի բարձրակարգ սրճարաններ և ռեստորաններ, սպա հարմարություններ, ինչպես նաև տարածքներ մասնավոր հավաքույթների համար՝ ավելի մեծացնելով թաղամասի գրավչությունը»։

«Սա քաղաքական կոռուպցիայի լավագույն դրսևորումներից մեկն է»․ Սարհատ Պետրոսյան

«Երևանի բոլոր հաստատված, ավարտական և պլանավորման փաստաթղթերով այդ հատվածը նախատեսված է որպես կանաչ տարածք՝ և վերջին գլխավոր հատակագծով, և գոտեւորման նախագծով դրանք նախատեսված են որպես կանաչ տարածքներ։ Սա հակասում է Երևանի գլխավոր հատակագծին»,- ասում է ճարտարապետ, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ 

Կասկադի կառուցման և հարակից լանջը կառուցապատելու այս նախագիծը նա քաղաքական կոռուպցիայի լավագույն դրսևորումներից մեկն է համարում։ 

Սարհատ Պետրոսյանը նախ հարցականի տակ է դնում Կասկադում համերգասրահ կառուցելու գաղափարը։ «Ո՞վ ասաց, որ Երևանին նոր համերգասրահ է պետք։ Դա հստակ մեջտեղ է բերվել այն բանի համար, որ քաղաքապետը կոնկրետ երաժշտի՝ Սերգեյ Սմբատյանին խոստացել է համերգասրահ տրամադրել, և այժմ այդ գաղափարն առաջ են քաշել, որ քաղաքապետն իր խոստումն իրականացնի այն դեպքում, երբ քաղաքապետարանը ոչ միջոցներ ունի դա կառուցելու, ոչ էլ դա հետագայում պահպանելու»,-ասում է Սարհատ Պետրոսյանը։ 

Կասկադում համերգասրահ կառուցելու գաղափարի դեմ Սարհատ Պետրոսյանի երկրորդ հիմնավորումն այն է, թե ինչի հաշվին է կառուցվելու այդ համերգասրահը դա տեղի է ունենում քաղաքի համար պոնտենցիալ, ապագա կանաչապատ տարածքի, այն է՝ Կասկադի աջակողմյան հատվածի հաշվին, որը Գաֆեսճյան հիմնադրամին տրամադրվել էր կանաչապատման պայմանով։ Այժմ դա դրվում է կառուցապատման տակ՝ «Արվեստի թաղամաս»-ի անվան տակ, և Երևանը զրկվում է կանաչ տարածքից։ 

«Ինչ-որ մեկն այդ տարածքում կառուցապատում է իրականացնում, և այդ գումարով իրականացնում է համերգասրահի կառուցումը, որի կարիքը Երևանը չունի։ Գլոբալ առումով, որպես գաղափար և իմպլեմետնացիա, սխալ է, և Երևանը տուժում է, որովհետև դրա կարիքը և պահպանության միջոցները չունի։ Երևանը նույնիսկ չի կարողանում իր երաժշտական դպրոցները պահել և հազար այլ խնդիրներ»,- մանրամասնում է  ճարտարապետը։

Սարհատ Պետրոսյանի երրորդ դիտարկումն այն է, որ այստեղ փող աշխատելու, այսինքն՝ բիզնես շահն է առաջ մղվում, որը միշտ մեզ մոտ առաջնային տեղում է։ 

Ճարտարապետի համոզմամբ, նման կարևոր հանգույցների համար պետք է մրցույթ հայտարարվեր․ «Սա շատ լուրջ քաղաքային խնդիր է, շատ լուրջ մասնագիտական քննարկումներ պետք է անցնի, պետք է լինի պրոֆեսիոնալ ժյուրի՝ գնահատելու համար լավագույն ճարտարապետական լուծումը։ Մենք այստեղ չունենք որևէ մասնագիտական, պատշաճ որակի ժյուրի, որը գնահատել է, որ իրականացվողն ամենալավ նախագիծն է։ Ես հանձնաժողովի ցանկի մեջ տեսա մի շատ կասկածելի անցյալ ունեցող ճարտարապետի անուն՝ Լևոն Վարդանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի հորեղբայրն է, քաղաքապետ Ավինյանի հետ փոխկապակցված անձ, որը, բնականաբար, չէր կարող մասնագիտական դիրքորոշում ներկայացներ։ Նաև իր նախկինում կառուցած շենքերը խնդրահարույց են Երևանի համար»։ 

Սարհատ Պետրոսյանի չորրոդ դիտարկումը վերաբերում է կառուցապատողի ընտրությանը․ Երևանի ավագանու համար կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցության նախագահի՝ Արամ Սարգսյանի ընտանիքը փաստացի ստացել է կառուցապատման իրավունքը։ «Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում։ Կոռուպցիան լինում է՝ 

ա) քաղաքապետն ինչ-որ մեկին համերգասրահ է խոստանում ու քաղաքը վճարում է դրա համար, 

բ) գտնում են բավականին վիճելի համբավ ունեցող ֆրանսիացի ճարտարապետի, բերում են իր նախագիծն են դնում, 

գ) գալիս է Արամ Սարգսյանի ընտանիքից մեկը, որն էլ իրականացնում է կառուցապտումը։ 

Կառուցվելիք համերգասրահի նախագծի մասին Սարհատ Պետրոսյանն առհասարակ հրաժարվում է խոսել։ Ասում է՝ բոլոր մնացած հարցերն այնքան լուրջ են, որ դա քննարկելը կնշանակի ընկնել նրանց ծուղակը։ 

«Երևանը խնդիր ունի Կասկադն ավարտին հասցնելու, А կետից B կետ հասնելու խնդիր ունի, և այնտեղ ընդհանրապես համերգասրահի կարիք չկա։ Եթե ինչ-որ միջոցներով պետք է իրականացվի, որոշակի բիզնես կոմպոնենտ պիտի լինի։ Ես կարող եմ առաջարկել՝ եկեք աստիճանները շարունակեք մինչև վերջ, տակը տվեք ինչ-որ բիզնես-կոմպոնենտով գաղափարի, որ պետք է իրականացվի և բաց թողեք կողքի՝ կանաչապատման համար անհրաժեշտ տարածքը, որը Երևանի համար հնարավորություն է Կենտրոնի, Նորքի և Սարալանջի կառուցապատման սխալ ընթացքին վերջ տալու, բայց դրա փոխարեն դա խորացվում և շարունակվում է»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Սարհատ Պետրոսյանը նշում է, որ այդ նախագծում երևում է նաև Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ազդեցությունը, քանի որ, ըստ որոշ լուրերի, Նարեկ Սարգսյանի որդին աշխատում է այդ նույն ֆրանսիական ճարտարապետական ընկերությունում, և «Արվեստի թաղամաս»-ի գաղափարն առաջին անգամ հենց Նարեկ Սարգսյանն է առաջարկել դեռևս 2017-18թթ․, նույն հատվածի համար։ 

Լուսանկարում՝ Գրիգոր Տեր-Ղազարյանը և Բոբբի Կանգը

Լուսանկարի ձևավորումը` Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter