
«Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել
Մարտի 17-ին «Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությունը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։
Հայտարարությունն անելու պահին ավիաընկերությունն ուներ 2 ինքնաթիռ, երկուսն էլ՝ Airbus A321 տիպի, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-AAD ու EK-AAB:
EK-AAD-ն փոխադրողի առաջին օդանավն էր: Այն Հայաստան է տեղափոխվել 2022 թ. դեկտեմբերին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն կոմերցիոն թռիչքների համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթը՝ օդանավ շահագործողի վկայականը (ՕՇՎ), ստացել է հենց 2022-ի դեկտեմբերի 27-ին, այն նույն օրը, երբ նրա առաջին ինքնաթիռը գրանցվեց Հայաստանում:
- Հայկական երկու ավիաընկերություն ցանկանում է երկինք բարձրանալ. ի՞նչն է միավորում նրանց, եւ ովքե՞ր են տերերը
- «Հայկական ավիաուղիները» Երեւան է տեղափոխել առաջին ինքնաթիռը. ընկերությունը որեւէ կապ չունի նախկին ազգային փոխադրողի հետ
- «Հայկական ավիաուղիները» օդանավ շահագործողի վկայական է ստացել
- Նորաստեղծ «Հայկական ավիաուղիները» երկրորդ օդանավն է ներկել իր գույներով
- «Հայկական ավիաուղիներն» առաջին ինքնաթիռն է գրանցել Հայաստանում. նախատեսվում են թռիչքներ դեպի ռուսական 4 քաղաքներ
Ընկերության երկրորդ Airbus A321-ը (EK-AAB) չնայած 2022-ի տարեվերջին արդեն ներկվել էր «ՀԱՈւ»-ի գույներով, Հայաստան տեղափոխվել է 2023-ի ապրիլին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում:
Նկատենք, որ թե՛ EK-AAD-ի, թե՛ EK-AAB-ի անուղղակի սեփականատերը իր դուստր ընկերությունների միջոցով ամերիկյան խոշոր լիզինգատու Air Lease Corporation-ն է:
«ՀԱՈւ»-ի՝ մարտի 17-ի հայտարարությունից օրեր անց՝ ամսի 26-ին, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն իր կայքում թարմացրել է մեր երկրում գրանցված օդանավերի ցանկը, ինչից երեւում է, որ EK-AAB-ն դուրս է բերվել հայկական ռեգիստրից, այսինքն՝ այլեւս «ՀԱՈւ»-ի շարժակազմում չէ: Ընդ որում՝ օդանավի գրանցումը ՀՀ ռեգիստրում վավերական էր մինչեւ այս տարվա ապրիլի 14-ը: Flightradar24.com կայքից էլ տեղեկանում ենք, որ EK-AAB-ն հունվարի 6-ից հետո թռիչքներ չէր կատարում, իսկ մարտի 25-ին այս բորտը Երեւանից տեխնիկական չվերթով մեկնել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայան:
Հենց Թուրքիա մեկնելը կարելի է անակնկալ չհամարել, քանի որ «Հայկական ավիաուղիները» բիզնես կապեր ունի, այդ թվում՝ սեփականատերերի միջոցով, ռուսական եւ թուրքական գործարար շրջանակների հետ:
Այս պահին «ՀԱՈւ»-ի շարժակազմում մնացած միակ բորտը (EK-AAD) շարունակում է թռիչքները ռուսական ուղղություններով, բայց, դատելով ընկերության հայտարարությունից, ապրիլի 7-ից դրանք եւս կդադարեցվեն:
Ի տարբերություն «Հայկական ավիաուղիների»՝ ավիապարկի համալրում է ունեցել «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը:
Մինչեւ մարտի 28-ն այս փոխադրողն իր շարժակազմում ուներ Հայաստանում գրանցված 1 օդանավ՝ Airbus A320 տիպի եւ EK-FOB գրանցումով:
Նկատենք, որ 2021-ի մարտին հիմնադրված «Ֆլայուան Արմենիան» թռիչքները մեկնարկել է նույն տարվա դեկտեմբերին, բայց մինչեւ 2023 թ. մարտ ամիսը շահագործել է իր մայր ընկերությունից՝ մոլդովական Fly One-ից վարձակալած օդանավեր: Դրանցից մեկը՝ Airbus A319 տիպի (մոլդովական գրանցումը՝ ER-00002), 2023-ի մարտին գրանցվել էր ՀՀ օդանավերի ռեգիստրում (EK-FOA)՝ դառնալով «Ֆլայուան Արմենիայի» հայկական գրանցումով առաջին ինքնաթիռը: 2023-2024 թթ. ՀՀ ռեգիստրում «անցկացնելուց» հետո Airbus A319-ը նորից տեղափոխվել է մոլդովական Fly One-ի շարժակազմ (կրկին կրում է ER-00002 գրանցումը), սակայն ներկայում շարունակում է վարձակալական հիմունքներով շահագործվել «Ֆլայուան Արմենիայի» կողմից:
2023-ի մայիսին էլ Հայաստանում՝ «Ֆլայուան Արմենիայի» շարժակազմում, որպես EK-FOB գրանցվել է մինչ այդ Fly One-ի ավիապարկում գտնվող եւ Մոլդովայում որպես ER-00005 գրանցված Airbus A320 տիպի օդանավը: Մինչ օրս այն գրանցված է մեր երկրում:
Այդուհանդերձ, նորություն չէ, որ «Ֆլայուան Արմենիան», հաշվի առնելով նաեւ հայկական ավիացիայի հանդեպ մի շարք երկրների, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից կիրառված սահմանափակումները, շեշտը դնում է սահմանափակումների տակ չգտնվող երկրներում գրանցված օդանավեր վարձակալելու վրա: Բնականաբար, այդ հարցում նրան առաջին հերթին օգնության է գալիս մոլդովական Fly One-ը, որը հայկական ավիաընկերության 46 %-ի սեփականատերն է: Ներկայում, մասնավորապես, «Ֆլայուան Արմենիան» շահագործում է մոլդովական գործընկերոջ Airbus A319 (ER-00002) եւ Airbus A320 (ER-00007) տիպի ինքնաթիռները:
Մարտի 28-ին «Ֆլայուան Արմենիայի» շարժակազմում գրանցվել է այս պահին երկրորդ (EK-FOB-ից հետո), իսկ փոխադրողի պատմության մեջ երրորդ (EK-FOA-ից ու EK-FOB-ից հետո) ինքնաթիռը՝ կրկին Airbus A320 տիպի: Այն Հայաստանում ստացել է EK-FOC գրանցումը: Սա նախկինում գրանցված էր Մոլդովայում որպես ER-00006 ու ընդգրկված էր Fly One-ի շարժակազմում, սակայն վարձակալությամբ շահագործվում էր «Ֆլայուան Արմենիայի» կողմից:
Ըստ flightradar24.com-ի՝ հայկական գրանցում ստանալուց հետո օդանավն առաջին թռիչքը կատարել է ապրիլի 1-ին:
Այսպիսով՝ ներկա պահին «Ֆլայուան Արմենիան» շահագործում է 4 օդանավ, որոնցից երկուսը գրանցված են Հայաստանում, մյուս երկուսը՝ Մոլդովայում՝ տեղական Fly One-ի ավիապարկում: Դրանք են՝
EK-FOB, Airbus A320 (նախկինում՝ ER-00005)
EK-FOC, Airbus A320 (նախկինում՝ ER-00006)
ER-00002, Airbus A319 (նախկինում՝ EK-FOA)
ER-00007, Airbus A320:
Մեկնաբանել