HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պետական ջազ նվագախումբը նշեց 87-րդ տարեդարձը

Ապրիլի 1-ը նշվում է իբրև Հայաստանի պետական ջազ նվագախմբի ծննդյան և Հայաստանում ջազի հիմնադրման օր։ Նվագախմբի այս տարվա՝ 87-ամյա հոբելյանն անցկացվեց Հայաստանի ճարտարապետների միությունում։ Համերգային ծրագրով ելույթ ունեցան Հայաստանի պետական ջազ նվագախումբը և նվագախմբի հետ աշխատող յոթ վոկալիստ՝ ամբողջացնելով օրվա խորհուրդը։ 

Գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանն ասաց, որ նվագախումբն ամբողջությամբ վոկալային ծրագրով ելույթներ քիչ է ունենում, սա այդ եզակի օրերից է, և իրենք լիահույս են, որ հանդիսատեսին տոնական և հիշարժան երեկո կպարգևեն։ 

«Տարին տարվա վրա մեծանում է երիտասարդների հետաքրքրությունը ջազի նկատմամբ, որովհետև քաղաքում էլ երաժիշտների գործունեությունը, կարծես, ակտիվանում է, և մեծ աշխատանք է արվում այդ ուղղությամբ»,- ասաց Դ. Մելքոնյանը։

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 1938թ.՝ թավջութակահար, երգահան և կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ։ Այդ տարիներին նվագախումբը ելույթներ է ունեցել խորհրդային մի շարք քաղաքներում։

Մինչ համերգը ցուցադրվեց նվագախմբի պատմությանը նվիրված ֆիլմը։

Նվագախմբի ներկայացուցիչ Սյուզի Ադամյանն ասաց, որ ստեղծումից մինչ օրս նվագախմբի պատմությունը ներկայացնող ֆիլմը նկարահանվել է մի փոքր ավելի վաղ, և ծննդյան օրը հրաշալի առիթ էր այն ցուցադրելու։ Միջոցառման գաղափարը ծնվել է հենց ֆիլմի ցուցադրման նպատակից։ Դրանից հետո գեղարվեստական ղեկավարը կազմել է ծրագիր՝ ներգրավելով երաժիշտների և վոկալիստների, ովքեր երկար տարիներ համագործակցել են նվագախմբի հետ։

1990-ական թվականներին Հայաստանում ջազը տարածում չուներ, ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ԱՄՆ-ում էր, նվագախումբն էլ մի քանի տարի չէր գործում։ Դադարը պայմանավորված էր Հայաստանում սոցիալական ծանր և պատերազմական դրությամբ։ 

1997թ․-ին՝ երկար դադարից հետո, նվագախումբը կրկին ասպարեզ բերեց դաշնակահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, և սկսվեց նվագախմբի նոր շրջանը։ Այս ժամանակահատվածում մաեստրո Մարտիրոսյանը ռիսկային քայլի դիմեց և ընդունեց երիտասարդ երաժիշտների, որոնք ապահովեցին նվագախմբի վերածնունդը։

Նվագախումբը տարբեր ժամանակաշրջաններում համագործակցել է համաշխարհային մեծության աստղերի հետ: «Իմ 13 տարիների գործունեության ընթացքում ամենահիշարժան երևույթը երևի այն էր, երբ դաշնակահար Չիք Կորեան (Chick Corea) այցելեց Հայաստան, և ինձ բախտ վիճակվեց իր հետ միասին նվագել Երևանի սրճարաններից մեկում։ Երևի դա իմ ամենաերջանիկ օրն էր, և նվագախմբի համար էլ, իրոք, հիշարժան երևույթ էր», - ֆիլմում պատմում է մաեստրո Մարտիրոսյանը։

2010-2023թթ․ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը սաքսոֆոնահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցն էր։ Նա նվագախմբի կազմում է 1988 թվականից՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարության օրոք, իսկ վերաբացումից հետո եղել է նվագախմբի մենակատարն ու երաժշտական ղեկավարը։ Նրա օրոք նվագախմբի կյանքում սկսվեց նոր շրջան, երբ, բացի մշակումներից և սեփական ստեղծագործություններից, սկսեցին կատարել միջազգային հեղինակների ստեղծագործություններ։

Վերջին տարիներին խմբի նվագացանկը համալրվել է համաշխարհային ջազային երաժշտության և 87-ամյա հայկական ջազը ներկայացնող հեղինակային ստեղծագործություններով։ 

Անի Մարգարյան

Սյունե Կիրակոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Լուսանկարները՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter