HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգի ընտրանուն

Կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում առաջին պարտությունը գրանցեց։ Ապրիլի 4-ին C3 խմբի երրորդ տուրում մեր ընտրանին տանը՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում 1-3 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի հավաքականին։

Մեր աղջիկները խաղը հաջող չմեկնարկեցին․ 4-րդ րոպեին Լյուքսեմբուրգի կազմում Էմի Թոմփսոնը բացեց հաշիվը։ 

Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականը մեծացրեց ճնշումը, սակայն վտանգավոր պահեր չեղան։ Փոխարենը 19-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Շառլոտ Շմիթը՝ 0-2:

29-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Սվետլանա Ղարագյոզյանը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1-2 հաշվով։

Երկրորդ խաղակեսի սկզբում ևս մեր ընտրանին գոլ բաց թողեց։ Խաղի հաշիվը բացած Էմի Թոմփսոնը 50-րդ րոպեին հեռվից հարվածով դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով 1-3:

Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։

Հիշեցնենք՝ մեր ընտրանին առաջին խաղում ջախջախիչ պարտության էր մատնել Լիխտենշտեյի կանանց հավաքականին՝ հաղթելով 6-1 հաշվով, իսկ նախորդ տուրում 2-0 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ընտրանու նկատմամբ։

Անցկացրած երեք հանդիպումների արդյունքում մեր հավաքականը 6 միավորով նահանջեց երկրորդ հորիզոնական, C3 խմբի մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Լյուքսեմբուրգի հավաքականը, 1 միավոր ունի Ղազախստանի հավաքականը, 0 միավորով աղյուսակն այս պահին եզրափակում է Լիխտենշտեյնը։ Լիխտենշտեյն ու Ղազախստանը մեկ խաղ պակաս են անցկացրել, նրանց միջև հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 19։30։

Այս խաղով մեր ընտրանին ավարտեց տնային հանդիպումները և ապրիլի 8-ին կհյուրընկալվի Ղազախստանի հավաքականին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter