HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցած տարվա համեմատ ջրային ռեսուրսները 30-40 %-ով քիչ կլինեն

2024-25թթ․-ի, այսինքն` անցնող ձմեռը, ամենաչորն է եղել հիդրոօրերևութական դիտարկումների պատմության ընթացքում՝ սկսած 1935 թվականից։ Ձմեռային ժամանակաշրջանում դիտված հիդրոօդերևութաբանական պայմանները 2025թ.-ի գարնանային վարարումների հոսքի ձևավորման վրա կունենան բացասական ազդեցություն, քանի որ 2024-25թթ. ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55 մմ, որը նորմայի ընդամենը 49%-ն է։

Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: Նա ներկայացրեց գետերում 2025 թվականի գարնանային վարարումների վերաբերյալ կանխատեսումները։

Ձմռան երեք ամիսներն էլ չորային են եղել։ Հատկապես չորային է եղել հունվարը, երբ ամսական տեղումները կազմել են նորմայի ընդամենը 18%-ը։ 1999 թ․-ից հետո այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների պատմության ընթացքում։

Դեկտեմբերին և փետրվարին ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի համապատասխանաբար 45%-ը և 79%-ը։ Մի շարք կայաններում 30-40 օր անընդմեջ ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել։ 2025 թ.-ի մարտի 25-ի դրությամբ հանրապետությունում ձնածածկույթ առկա է եղել միայն 1800 մետրից բարձր շրջաններում, բացառությամբ Լոռու և Տավուշի մարզերի՝ պայմանավորված առանձին շրջաններում վերջին պրոցեսներով։ Արագած բարձր լեռնային կայանում 3229 մ բարձրության վրա ձնածածկույթը կազմել է 168 սմ, ինչը 40-50 սմ-ով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից և կազմում է նորմայի 76%-ը։

2024թ. աշնանային ժամանակաշրջանի հիդրոօդերևութաբանական պայմանները 2025 թ.-ի գարնանային վարարումների հոսքի ձևավորման վրա հիմնականում կունենան դրական ազդեցություն, քանի որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղումները եղել են նորմայից բարձր, միայն նոյեմբեր ամսին են տեղումները եղել նորմայից ցածր։

Գետավազաններում կուտակված ձյան պաշարները վարարումների ժամանակաշրջանում կձևավորեն նորմայից բացասական շեղումով հոսքի ծավալներ։

Ապրիլ-հունիս ամիսների կանխատեսումները նորմայից բարձր են, տեղումների քանակը ապրիլ և մայիս ամիսներին՝ նորմային մոտ, իսկ հունիսին՝ նորմայից պակաս։ Ընդհանրացնելով՝ 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները ՀՀ-ում կանխատեսվում է նորմայի 50-90%-ի սահմաններում։ Առավելագույն ելքերի անցումները կանխատեսվում են մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակներում։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա տարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ։ Դրանց վերաբերյալ առավել հստակ կանխատեսումներ հնարավոր է տալ միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքները և ինտենսիվ անձրևները։

Հիմք ընդունելով եղանակի դիտված և կանխատեսվող պայմանները, ինչպես նաև Արփա-Սևան թունելով վերջին տարիներին մուտք գործող ջրի միջին քանակությունը, և Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը ընդունելով 170 միլիոն խորանարդ մետր՝ 2025 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 1-ը կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում՝ 24-29 սմ-ի չափով։ Այս ցուցանիշը մոտ 13 սմ-ով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի բարձրացման ցուցանիշից։ Անցյալ տարի բարձրացել է 42 սմ-ով։

2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կանխատեսվում է 1900,36-1900,41 մետրի սահմաններում։

Դիտարկվող 5 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը կանխատեսվում է՝

  • Ախուրյանի ջրամբարում 100% լցվածություն, ինչը 2016 թվականից մինչ օրս ամենաբարձր ցուցանիշն է,
  • Արփի լիճ ջրամբարում` 55-60%,
  • Ապարանի ջրամբարում` 45-50% ,
  • Ազատի ջրամբարում` 85-90%,
  • Մարմարիկի ջրամբարում` 95-100% լցվածություն։

Ընդհանուր ջրամբարների ջրալցվածության վերաբերյալ, նախորդ տարվա համեմատ, կանխատեսվում է 15-20% քիչ ջրալցվածություն։

Ձևավորված ջրի պաշարների կանխատեսման տեսակետից՝ ջրային ռեսուրսները մոտ 30-40% ավելի քիչ կլինեն՝ ի տարբերություն անցած տարվա։

Անի Մարգարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter