HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խախտվել է լրագրողի արտահայտվելու ազատության իրավունքը. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

Երեկ՝ 2025թ. ապրիլի 3-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: Խախտվել է լրագրող Հայկ Գրիգորյանի արտահայտվելու ազատության իրավունքը (Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդված): Պետությունը պարտավոր է լրագրողին փոխհատուցել 4500 եվրո՝ ոչ նյութական վնասի համար:

2016թ. հուլիսի 17-ին մի խումբ անձինք ներխուժել են Երևանում գտնվող Հայաստանի ոստիկանության Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) տարածք։ Հուլիսի 17–30-ը Երևանում բողոքի ցույցեր են իրականացվել՝ հաջակցություն ապստամբների, որոնք պահանջում էին նաև այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստվածության: ՊՊԾ տանող փողոցներում մի քանի անցակետեր են տեղադրվել, այդ թվում՝ ՊՊԾ շենքից քիչ հեռու գտնվող Սարի թաղում։ 2016թ. հուլիսի 17-ին Սարի թաղում գազամատակարարումը դադարեցվել է։ Չի աշխատել հասարակական տրանսպորտը: Հուլիսի 19-ին Սարի թաղում ցուցարարները նաև պայքարել են գազամատակարարման և տրանսպորտի աշխատանքի դադարեցման դեմ:

Հայկ Գրիգորյանը, որն այդ ժամանակ անկախ լրագրող էր, ներկա է եղել բողոքի ցույցերին և նկարահանել է բողոքի ակցիան: Ինչ-որ պահի ցույցը վերածվել է Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների: Երբ ոստիկանները օդ են կրակել և ցուցարարների մեծ մասը փախել է, Հայկ Գրիգորյանը մոտեցել է երեք սպաներից բաղկացած խմբին, որը շրջապատած է եղել գետնին նստած տղամարդուն, և ցանկացել է նկարահանել: 

Ոստիկաններից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածել է Հայկին: Ոստիկանության ծառայողը վերցրել է տեսախցիկը և հեռացել: Երբ Հայկը գնացել է նրանց հետևից, դարձալ ոստիկանները փորձել են բռնություն կիրառել: Նրա հետ աշխատող մեկ այլ լրագրող Թ. Ենոքյանը մի քանի անգամ բղավել է, որ Հայկը լրագրող է և պահանջել է, որ նրան բաց թողնեն։ Այսինքն՝ ոստիկաններին հայտնի է եղել Հայկի անձը:

Նույն օրը երեկոյան Հ. Գրիգորյանն ընդունվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է պոլիտրավմա։ Ըստ Հ. Գրիգորյանի բժշկական գործի՝ գանգատվել է գլխացավից, կրծքավանդակի ցավից, շրթունքի այտուցից և արնահոսությունից, ինչպես նաև՝ ստորին ծնոտի ցավերից: Դիմածնոտային վիրաբույժի զննումից հետո նրա մոտ հայտնաբերվել է վերին շրթունքի պատռվածք, որը մաքրվել և կարվել է:

Բժշկական կենտրոնը վերոնշյալ տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Էրեբունու բաժին՝ հայտնելով Ոստիկանությանը, որ, ըստ դիմողի, իր նկատմամբ բռնություն է գործադրվել Ոստիկանության ծառայողների կողմից:

2016թ. հուլիսի 23-ին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչը որոշել է քրեական գործ հարուցել տվյալ պահին գործող քրեական օրենսգրքի՝ պաշտոնական լիազորությունների գերազանցման և լրագրողի մասնագիտական ​​օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, որը կատարվել է պետական ​​պաշտոնյայի կողմից՝ պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով։

Օգոստոսի 6-ին ՀՔԾ քննիչը որոշել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Հայկ Գրիգորյանի վնասվածքները։ Փորձագետը արձանագրել է շրթունքի վնասվածքը, որը առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չի պարունակել: 2016թ. սեպտեմբերի 6-ին քննիչը Հայկին ճանաչել է տուժող:

ՀՔԾ-ի լուծարումից ու Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո գործը փոխանցվել է վերջինիս վարույթ: Քննիչը հարցաքննել է ոստիկաններին, ովքեր ասել են, թե Հայկը տեսանելի տարբերակով չի կրել լրագրող լինելը հավաստող որևէ տարբերանշան, հետևաբար չէին կարող իմանալ, որ նա լրագրող է: Ինչ վերաբերում է իրենց վարքագծին, գրեթե բոլոր ոստիկանները պնդել են, որ պարզապես փորձել են հանգստացնել իրավիճակը և մի կողմ քաշել Հայկին, որպեսզի կանխեն ծեծկռտուքը նրա և Ոստիկանության միջև: Նրանք հերքել են, որ հարվածել են Հ. Գրիգորյանին և ջնջել նրա տեսանկարահանած կադրերը:

2022թ. հուլիսի 14-ին քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն: Սակայն, նախաքննության փուլում, Հայկ Գրիգորյանը դիմել է ՄԻԵԴ: Հայկի շահերը Եվրոպական դատարանում պաշտպանել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբաններ Հայկուհի Հարութունյանը, Արաքս Մելքոնյանը և այլք:

Կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել ներպետական ​​պրակտիկայի 15 օրինակ, որոնցում անձինք քրեական հետապնդման են ենթարկվել և դատապարտվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար: Ներկայացված 15 գործից միայն երեքն են վերաբերել Ոստիկանության ներկայացուցիչներին, մնացածը մասնավոր անձանց մասնակցությամբ է եղել:

Կառավարության ներկայացուցիչը պնդել է, որ Հայկ Գրիգորյանի ՄԻԵԴ ներկայացված բողոքն անընդունելի է իրավական պաշտպանության ներպետական ​​միջոցները չսպառելու տեսանկյունից: Իսկ ներպետական ​​դատարանների կողմից անձի իրավունքների խախտումը ճանաչելուց հետո նա կարող է պահանջել փոխհատուցում ոչ նյութական վնասի համար: Մինչդեռ Հայկը պնդել է, որ գործով նախաքննությունն ինքնին արդյունավետ պաշտպանության միջոց չէ: Նախաքննությունն ընթացքի մեջ է 2016 թվականից, այսինքն՝ 2023թ. ապրիլի 14-ին՝ իր դիտարկումների ժամանակ, յոթ տարուց փոքր-ինչ պակաս: Ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել: Հաշվի առնելով հետաքննության տևողությունը՝ հնարավոր է, որ ի վերջո, ոչ մի ոստիկան քրեական պատասխանատվության չենթարկվի՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառով:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ այն դեպքում, երբ հանցագործությունն ուղղված է անձի ֆիզիկական կամ մտավոր ամբողջականության դեմ, միայն արդյունավետ քրեական իրավական մեխանիզմները կարող են ապահովել համարժեք պաշտպանություն և ծառայել որպես կանխարգելիչ գործոն: Եվրոպական դատարանը, ևս մեկ անգամ շեշտելով քննչական գործողությունների արագության կարևորությունը, արձանագրել է, որ միջադեպի առնչությամբ նախաքննական մարմինն իր տրամադրության տակ ուներ բոլոր անհրաժեշտ նյութերը, սակայն քննությունը տևել է 7 տարի: Հետևաբար որոշել է ճանաչել Հայկ Գրիգորյանի իրավունքի խախտումը:

Հայկ Գրիգորյանը պահանջել է 82 եվրո իր բջջային հեռախոսի կորստի համար և 10,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Պահանջել է նաև կատարած ծախսերի փոխհատուցում՝ 3800 եվրոյի չափով: Սակայն, ՄԻԵԴ-ը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսել հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. հետևաբար նյութական վնասի հատուցումը մերժել է: Չի բավարարել նաև կատարած ծախսերի համար պահանջը, քանի որ փաստաթղթեր չեն ներկայացվել: Այնուամենայնիվ, Դատարանը վճռել է, որ Հայաստանը պետք է Հայկին փոխհատուցի 4,500 եվրո՝ ոչ նյութական վնասի համար:

Լուսանկարում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter